Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ Բաղդասարյանի «Սրտից սիրտ» ռուսալեզու հոդվածների ժողովածուն (Հայաստանի գրողների միության հրատարակչություն, Երեւան, 2007, 120 էջ), որը նվիրված է 19-20-րդ դարերի հայ-ռուսական գրական-հասարակական եւ մշակութային կապերին:
Հեղինակը գիտական, հրապարակախոսական եւ ստեղծագործական գործունեությամբ հետեւողականորեն եւ հաջողությամբ շարունակում է այս բնագավառում XX դարի անվանի հայ եւ ռուս գրականագետների ուղին: Ռոբերտ Բաղդասարյանը վաղուց է հայտնի է հայ-ռուսական կապերի ուսումնասիրությամբ, նրա, մասնավորապես, «Նիկոլայ Տիխոնովը եւ Հայաստանը» (1995), «Անտոկոլսկին եւ Հայաստանը» (2004) գիտական մենագրությունները, որոնք լույս է ընծայել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ընդգրկված են մոսկովյան եւ պետերբուրգյան պետական գրադարանների ֆոնդերում, հիշատակվում են ռուսաստանյան գրականագիտական տարեգրություններում:
«Սրտից սիրտ» գրքում զետեղված են Ռոբերտ Բաղդասարյանի վերջին տասնհինգ տարվա հոդվածները, ուր արտացոլված են մի շարք հայ եւ ռուս գրողների առնչությունները կամ ստեղծագործական փոխազդեցությունները (Իլյա Էրենբուրգ, Միխայիլ Բուլգակով, Վերա Զվյագինցեւա, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց եւ այլք), երկու բարեկամ ժողովուրդների բազմաբնույթ հարաբերությունների կենսունակությունը եւ խորությունը: Այս ժողովածուի հրատարակման հիմնական իմաստն ու նպատակը, անշուշտ, այն է, որ հիմնականում այսօրվա հայ եւ ռուս երիտասարդությունը համարյա ծանոթ չէ մեր ժողովուրդների մոտ 200-ամյա պատմություն ունեցող, դարավոր ու հարուստ պատմամշակութային եւ գրական հարաբերություններին: Ակնհայտ է, որ այժմ, երբ հարաբերությունները մեր երկու ժողովրդավարական պետությունների` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրում են նոր վերելք, հայ հայտնի ուսումնասիրողի գրքի հրատարակումը միանգամայն ժամանակին է:
Ի պատիվ Ռուսաստանի` պետք է նշել, որ հրատարակման հովանավորն է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կից Գիտական եւ մշակութային միջազգային համագործակցության կենտրոնը («Ռոսզառուբեժցենտր»):
Ռոբերտ Բաղդասարյանը` վառ եւ ճկուն լեզվով գրված «Սրտից սիրտ» գողտրիկ ու ճաշակով հրատարակած գրքով, մեկ անգամ եւս վերհիշում է ռուս-հայկական բարեկամության լավագույն էջերը:
ՎԼ. ՇՈՇԻՆ, բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգ