«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2007-11-30 | #222, 2007-12-01 | #223, 2007-12-04


ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ

Ստորեւ նույնությամբ տպագրում ենք պարսկահայ բարերար, ազգային նվիրյալ գործիչ Լեւոն Ահարոնյանի բաց նամակը, առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից: Միայն որպես տեղեկանք ավելացնենք, որ Իրանի հայկական երեքՙ Թեհրանի, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերը 1958-ին քաղաքական նպատակներով խլել են Մայր աթոռից եւ միացվել Անթիլիասին:

Վեհափա՛ռ հայր

Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր օրի մարմնաւորուել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, քանի որ դա մեր համայնքին առնչուող մի հարց է, որը խիստ քննարկման կարիք ունի:

Ո՞րն է այդ հարցը:

Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ իրանահայ թեմը, միանալով Մեծի տանն Կիլիկիոյ աթոռին (շուտով կը լրանայ այդ միացման 50-ամեակը), մինչ այժմ չի արժանացել բարձրագոյն մի հոգեւորականի, վարդապետի կամ եպիսկոպոսի ձեռնադրմանը:

Մտածում էի, թէ գուցէ պատճառն այն է, որ իրանահայն այդ պաշտօնն ունենալու կարողութիւնը չունի, կամ էլՙ մի յատուկ կրօնական օրէնքով այդ կարգի պաշտօնները սեփականութիւնն են այն մարդկանց, ովքեր յատուկ վայրերում են մեծացել ու կրթութիւն ստացել: Այդ մտքից դրդուածՙ կապուեցի հանրայայտ գիտնական Լեւոն Գ. Մինասեանի հետ, որն ապրում է Նոր Ջուղայում, եւ նրանից խնդրեցի, որ ինձ ներկայացնի աղբիւրներ, որոնց օգնութեամբ ես կարողանամ հարցիս պատասխանը գտնել: Պրն. Մինասեանը անմիջապէս պատասխանեց ինձՙ ասելով, որ ինքը մի գիրք է գրել, որը 1996 թուականին տպագրուել է Սպահանի Նոր Ջուղայումՙ «Հայոց թեմի առաջնորդները» խորագրով: Նա անմիջապէս այդ գիրքըՙ իր հրատարակած 15 հատոր այլ գրքերի հետ ուղարկեց ինձ: Պիտի նշեմ, որ պրն. Մինասեանն, այդ գիրքը հրատարակելով, մի մեծ աշխատանք է կատարել, քանի որ դարերից մնացած արխիւները պրպտելով կարողացել է գրել այդօրինակ արժէքաւոր գիրք:

Գիրքը սկսեցի կարդալ: Գրուած էր, որ Սպահանի հայ հոգեւորականների աշխատանքը սկսուել է ճիշտ այն օրից, երբ Շահ Աբբասը բռնի կերպով բազմահազար աւելի հայերի Հայաստանից բռնագաղթի ենթարկեց: Թեմի առաջին առաջնորդը (1606-1620 թուականներ) եղել է Մեսրոպ եպիսկոպոսը, որը եկել էր Էջմիածնից, այնուհետեւՙ Խաչատուր Կեսարացինՙ 1620-1646 թուականներ, իսկ երրորդ առաջնորդը եղել է Դաւիթ Ա. Ջուղայեցինՙ 1652-1683 թուականներ: Վերջինս, լինելով վարդապետ, մերժել է առաջնորդութեան աթոռը եւ 1651 թուականին մեկնել Երուսաղէմ: Այստեղ էլ 1652 թուականի ապրիլի 7-ին ձեռնադրուել է եպիսկոպոս: Նրա նախաձեռնութեամբ է կառուցուել Ս. Ամենափրկիչ վանքը, որի կառուցումը տեւել է 9 տարի: Այնուհետեւ գրքում գրուած էին թեմակալ առաջնորդների անունները եւ պաշտօնավարութեան թուականները, որոնցից 11-ը եղել են բնիկ ջուղայեցիներ: Որոշ շրջաններում էլ ժամանակաւորապէս նշանակուել են միաբաններ, որպէսզի կատարեն առաջնորդի պարտականութիւնները:

Այդ գիրքը կարդալովՙ ես ստացայ իմ հարցի մի պատասխանըՙ այն, որ իրանահայերն ունեցել են վարդապետներ, եպիսկոպոսներ եւ միաբաններ, եւ Սպահանում ու նրա շրջակայքում էլ եղել են հոգեւորականների դպրոցներ:

Մի բան, որը նկատելի է այդ գրքում, եւ նոյնն են վկայում նաեւ իրանահայերի հոգեւորականների պատմութեան մէջ մատնանշուող թուերը, այն է, որ տարիների ընթացքում, որքան մօտեցել ենք մեր ժամանակաշրջանին, հոգեւորականների թիւը նուազել է, իսկ երբ հասնում ենք 1950 թուականին, այլեւս որեւէ տեղ չի շեշտւում իրանահայ բարձրաստիճան հոգեւորականների գոյութեան մասին: Ըստ երեւոյթին, այդ կիսամեռ հոգեւոր կենտրոնները ժամանակի ընթացքում վերակենդանացնելու փոխարէն, նրանց յանձնում են հողինՙ ամրութեան համար խփելով դագաղի վերջին մեխերը, ու վերջ ընդմիշտ:

Համարեա նոյնն է կատարւել նաեւ Իրանի Ատրպատականի թեմում:

Դժբախտաբար, իմ կրօնական տեղեկութիւնները սահմանափակ են, բայց եւ այնպէս գիտեմ, որ բոլոր կրօններն ունեն իրենց յատուկ աստուածաբանական փիլիսոփայութիւնը եւ կրօնական պարզ ու բարդ մեկնաբանութիւններըՙ սկսած մարդու ծննդեան օրից մինչ նրա մահը, ինչպէս նաեւ մարդու հարիւրաւոր կարիքների ու կենցաղային հարցերի վերաբերեալ մշակուած կանոնները եւ նրանց բացատրութիւններն ու պարզաբանումները, գիտեմ նաեւ ա՛յն, որ մեր բարձրաստիճան հոգեւորականները ստանում են համալսարանական կրթութիւն եւ նոյնիսկ կրօնական առարկաները դասաւանդում աշխարհի լաւագոյն համալսարաններում: Սակայն, այդ կարգի կրթուած հոգեւորականների թէ՛ բարձրագոյն ուսում ստանալը եւ թէ՛ նրանց հետագայ ծառայութիւնն իրանահայ համայնքում երբեք հնարաւոր չի եղել: Մեր թեմերն այս վերջին 50 տարիների ընթացքում ունեցել են սկսած քահանայ առաջնորդից մինչեւ աւագ քահանայ կամ վարդապետ ու եպիսկոպոս առաջնորդներ, այնուհետեւ լաւագոյն դէպքումՙ արքեպիսկոպոսներ: Ներկայումս ունենք մի արքեպիսկոպոս առաջնորդՙ Թեհրանում, եւ երկու նոր ձեռնադրուած եպիսկոպոսներ Թաւրիզում ու Սպահանում:

Այստեղ ծագում է մի հարցՙ ինչո՞ւ իրանահայն արժանի չէ իր համայնքում ունենալու բարձրաստիճան հոգեւորականներ: Արդեօք մեր համայնքի կրօնական պահանջը միայն մկրտութիւն, ամուսնութիւն, թաղման արարողութիւն-պատարագներ կատարե՞լն է: Արդեօք մեր 50 հազարանոց ներկայ համայնքը, բացի այդ վերոյիշեալ կրօնական արարողութիւններից, ուրիշ հոգեւոր պահանջներ չունի՞: Իսկ եթէ այլ պահանջներ ունի, ապա ինչո՞ւ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն դրանք չի բաւարարում: Դա նշանակում է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար իրանահայ համայնքը հեռացւում է իր դաւանանքից, չէ՞ որ կաթոլիկները կամ ուրիշ եկեղեցիների հետեւորդները միսիոներ են ուղարկում աշխարհի աջ ու ձախ կողմերը, որ մարդկանց հրաւիրեն քրիստոնէական դաւանանքի: Դուք իրանահայութեանը չպիտի համեմատէք Քուվէյթի, Աբուդաբիի, Դուբայի կամ էլ ԱՄՆ-ի ու Կանադայի թեմերի հետ եւ նոյն հայացքով նայէք նրանց. չէ՞ որ իրանահայութեան մէջքին կանգնած են շքեղ ու փառաւոր Սուրբ Թադէի վանքնՙ իր պայծառ անցեալով, Ս. Ստեփանոս «Նախավկան»ՙ իր դարերի պատմութիւնով, Սալմաստի Ս. Գրիգոր եկեղեցինՙ 800-ամեայ անցեալով, Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցինՙ իր դարերի պատմութիւնով, Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքըՙ 4-դարեայ անցեալով ու հզօրութեամբ եւ 12 այլ եկեղեցիները, Բուշեհրի ու Շիրազի եկեղեցիները եւ տասնեակ այդ կարգի կոթողներ: Այդ սրբավայրերը, որոնք բոլորն էլ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասից աւելի հին ու պատմական անցեալ ունեն, վկայում են այն մասին, որ իրանահայ համայնքին պէտք է նայել նրա կրօնական խոր արմատները նկատի առնելով, եւ այնպիսի իւրայատուկ մի հայեացքով, որը պատշաճ է նրա ներկայ դրութեանն ու փառաւոր անցեալին: Ձեր աթոռին ենթակայ թեմական կառոյցը պիտի դասաւորուի մեր համայնքի կրօնական պահանջներին համապատասխան. մինչ օրս այն ինչ, որ կատարուել է, մեր ժողովրդին բնաւ չի բաւարարել, կրօնական հարցերում մեր համայնքը ոչ միայն առաջադիմութիւն չի ունեցել, այլեւ նահանջել է:

Անցեալ դարի վերջին քառորդում Իրանում տեղի ունեցաւ մի յեղափոխութիւն, որով երկրի իշխանութիւնը վերածուեց կրօնական մի իշխանութեան: Սակայն, դժբախտաբար, մեր համայնքն այնպէս որ անհրաժեշտ էր չկարողացաւ նոյնիսկ այդ փոփոխութիւնից օգտուել: Մնաց նոյն կազմով ու նոյն կառոյցովՙ մի սրբազան առաջնորդով, առանց միջին դասի հոգեւորականութեան, եւ միայն քահանաներով: Մինչեւ անգամ նկատւում է, որ սրբազանի բացակայութեան ժամանակ քահանաներն են նրան փոխարինում: Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ մեր մուսուլման եղբայրները հոգեւորականութեան այնպիսի սերունդ են ստեղծել, որը ոչ միայն տիրապետում է իսլամ կրօնին, այլեւՙ գիտէ քրիստոնէական օրէնքներն ու օտար լեզուներ, այն ինչ մենքՙ Ձեր Աթոռի առաջնորդութեամբ, կղզիացած վիճակում ենք մնացել, եւ ահա կանգնած ենք արիւնաքամ լինելու, ոչնչանալու սեմին:

Վեհափա՛ռ Հայրապետ

Մենքՙ իրանահայերս, ապրում ենք 70 միլիոն մուսուլման եղբայրների մէջ եւ մեզ համար բացի կրօնական օրէնքների բացատրութիւնից կան ընտանեկան բազմաթիւ խնդիրներ, որոնցից շատերը լուծւում են երկրի ընդհանուր համակարգի օգնութեամբ: Սակայն կան նաեւ հարցեր, որոնք պէտք է լուծուեն մեր ազգային իշխանութեան միջոցով: Ըստ աւանդական սովորութեան, մենքՙ հայերս, սփիւռքում միշտ առաջնութիւն ենք տուել կրօնին եւ դրանով իսկ կարողացել ենք պահել ու պահպանել մեր մշակոյթն ու լեզուն: Բացի այդ, իրանահայութիւնը միշտ ունեցել է օժանդակ կազմակերպութիւններՙ մշակութային միութիւններ եւ կարիքաւորներին օգնող բարեգործական մարմիններ, սակայն, այսօր, միութիւնների անդամների միջին տարիքը բարձրանալու, կամ էլ նիւթական դժուարութիւնների պատճառով, վերջիններիս գործունէութիւնը սահմանափակուել է:

Այդ բոլորին աւելանում է նաեւ մեր թեմի հոգեւոր կառոյցի խնդիրը: Ըստ օրէնքի, հոգեւորականութեան միջոցով պիտի տնօրինուի համայնքի ներքին ազգային-կրօնական կեանքը, բայց կարծես Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դա մեզ է թողելՙ մեր թեմի համար աւելորդ համարելով բարձրաստիճան հոգեւորականների ներկայութիւնը: Մենք, ինչպէս մեր երկու քոյր թեմերի համայնքները, շատ գոհ ենք մեր առաջնորդներից եւ որեւէ դժգոհութիւն այդ կապակցութեամբ չունենք, բայց խնդիրն այն է, որ մեր համայնքում, բացի մի քանի քահանաներից, որոնք լաւածանօթ են քրիստոնէական եւ Հայ առաքելական եկեղեցու օրէնքներին, միւսները կորցրել են իրենց հետաքրքրութիւնը անգամ կրօնի հանդէպ, մինչեւ այն աստիճան, որ նոյնիսկ մի քանի անգամ մեր իրանցի մուսուլման հայրենակիցներից նկատողութիւն ենք ստացել:

Ամէն մի համայնքի արեան անօթներն այդ համայնքի ժողովուրդն է: Դժբախտաբար, ներկայ դրութեամբ իրանահայ համայնքը ենթարկուել է մի ահաւոր արիւնահոսութեան, որը խիստ բուժման կարիք ունի, եւ եթէ չբուժուի, կարելի է վստահութեամբ ասել, որ դարերի ընթացքում գոյացած մեր համայնքը քայքայման կենթարկուի: Համայնքն այսօր կարիք ունի սրտցաւ ու բարձր կրթութեան տէր, նուիրուած հոգեւորականների, որոնք պիտի անպայման իրանահայ լինեն եւ ծանօթՙ մեր ժողովրդի պահանջներին ու ցաւերին: Այդ հոգեւորականները պէտք է իրանահայ լինեն, որպէսզի կարողանան ժողովրդի պահանջները հասկանալ եւ բաւարարել: Վերջերս նկատւում է, որ մեր համայնքի քահանաներն անգամ Լիբանանից են գալիս: Նրանք, իբրեւ հիւր մեզ համար շատ սիրելի են, բայց իբրեւ ծխատէր քահանայՙ օտար. նրանց արեւմտահայերէն լեզուն եւ առոգանութիւնը մեր ժողովրդի մեծամասնութեան համար անհասկանալի է: Նրանք ծանօթ չեն իրանահայութեան մշակութային, կենցաղային եւ ընտանեկան իւրայատուկ սովորութիւններին ու խնդիրներին: Քահանան միայն եկեղեցում ծիսակատարութեան համար չէ: Հայ ժողովրդի քահանաները, ըստ սովորութեան, միշտ էլ խառնուած են եղել ժողովրդի առօրեայ կեանքին: Ցաւօք սրտի, պիտի ասեմ, որ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն անտեսել է եւ նկատի չի առել համայնքային որոշակի նրբութիւններ, եւ պիտի ներողամիտ լինէք, որ ասեմՙ մեզ վերաբերւում էք ճիշտ այնպէս, ինչպէս մի գաղութատիրական իշխանութիւն է վարւում իր ոչ հարազատ ժողովրդի հետ: Սակայն պէտք է ասել, որ ժողովրդին այդ կերպ վերաբերուելու դարն արդէն անցել է: Լիբանանից քահանայ բերելը նշանակում է, որ մեր համայնքի անդամները չեն ցանկանում համագործակցել կրօնական բնագաւառում: Միւս կողմից կարեւոր հարց է նաեւ այն, որՙ արդեօք Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կարողացե՞լ է ներկայ քահանաների նիւթական կարիքներն ապահովել: Այն փաստը, որ վերջերս մեր քահանաներնՙ իրենց իսկ դրամով ապահովագրուել են, այնքան էլ էական նշանակութիւն չունի նրանց կեանքում, կարեւորն այն է, որ նրանք առայսօր աշխատավարձ չեն ստանում, ինչպէս էր միջին դարերում եւ այդ կարգը դեռ շարունակւում է: Հետեւաբար նրանց աչքը մշտապէս պիտի հարսանքատէրի, մկրտւող երեխայի ծնողների, հանգուցեալի հարազատների ու այլոց ձեռքին լինի: Ինչո՞ւ գրասենեակի պաշտօնեան պէտք է աշխատավարձ ստանայ, իսկ քահանանՙ ոչ:

Պիտի ընդունենք, որ ժամանակները փոխուել են, եւ եթէ մենք ժամանակի հետ չքայլենք, պիտի միշտ անցեալում ապրենք: Ներկայիս մեր համայնքի ժողովրդի եւ ազգային իշխանութեան միջեւ մեծ ճեղքուածք ու տարածութիւն է առաջացել, որի վառ ապացոյցն էլ 13-րդ պատգամաւորական ժողովի ընտրութիւններն էին, որտեղ, համեմատած 12-րդ պատգամաւորական ժողովի, ընտրութեան մասնակիցների թիւը 43%-ով պակասել է:

Անկասկած, ազգային իշխանութեան եւ ժողովրդի կապը պէտք է առաւել սերտ ու անմիջական լինի, որը եւ հնարաւոր կը լինի միայն մեր հոգեւորականների հասարակական ծառայութեան շնորհիւ:

Դժբախտաբար, մեր երիտասարդութեան մէջ թմրամոլութիւնը խիստ տարածուել է, եւ տարեկան տասնեակ ընտանիքներ քայքայւում են այդ պատճառով: Այսօր մեր համայնքին անհրաժեշտ են մնայուն ու կարող NGO-ներ, որոնք պիտի ղեկավարուեն ազգին ծառայելու գաղափարին նւիրուած հոգեւորականութեան միջոցով: Այդ նպատակով կարելի է լուրջ եւ շտապ միջոցառումներ ձեռնարկելՙ մեր համայնքի ուսեալ եւ շնորհալի երիտասարդներին հնարաւորութիւն ընձեռնելուՙ բարձր հոգեւոր կոչումներ ստանալու համար: Ժողովրդի շահը պէտք է ամէն ինչից վեր դասուի: Պիտի մեր հայաբնակ կենտրոններում կազմակերպուեն հայ երիտասարդութեան եւ ընդհանուր առմամբ ընտանիքների զարգացման եւ ուսուցման, կամ խորհրդատուական գրասենեակներ: Այդ միջոցով հոգեւորականները կարող են թափանցել ընտանիքների մէջ, եւ լսել նրանց խօսքերը եւ մօտից տեսնել դժուարութիւնները: Հոգեւորականները եւ մեր հայ հասարակագէտները միասնաբար պէտք է ուղիներ փնտրեն հայ ընտանիքների հետ բարեկամական կապեր հաստատելու համար, եւ վերահասու լինեն նրանց ընտանեկան խնդիրներին ու անձնական դժուարութիւններին:

Պարզ է, որ նման աշխատանքների ծաւալն այնքան ընդարձակ է, որ մի նամակով անհնար է բոլոր հարցերին անդրադառնալ, բայց յոյս ունեմ, որ սոյն գրութիւնը, որը նկատառումով չի գրուած, եւ միայն արտացոլումն է սեփական կենսափորձի եւ իմ տածած սիրոյ ու հոգատարութեանՙ իրանահայ համայնքի հանդէպ, որի գրկում հասակ եմ առել, կրթուել ու ընտանիք եմ կազմել, ինչպէս նաեւ իմ կապուածութեանՙ մեր ապրած երկրի ու հայկական միջավայրի հանդէպ, խթան կը հանդիսանայ, որ Ձեր հայեցողութեամբ ու Հայրապետական յորդորներով անհրաժեշտ փոփոխութիւններ կատարուեն, այնպէս որ երբ մի թղթակից որեւէ հայի հարցնի, թէ ինչու է լքում երկիրը, պատասխան լսի, թէՙ չի լքելու, մնալու է այն պատճառով, որ աշխարհում իր ծննդավայրից հարազատ տեղ չկայ, եւ ինքն ու իր ընտանիքը վայելում են իրանահայ համայնքի կրօնական, մշակութային ու կրթական բարիքները:

Որդիական յարգանքներովՙ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4