Վլադիմիր Հակոբյանն ու Լեւոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի արգելքը: Ինչպես տեղեկացրել էինք, նրանք առաջին պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի: Եվ ահա 2-րդ պարտիայում Վլադիմիր Հակոբյանին հաջողվեց հաղթել Վլադիմիր Մալախովին եւ մրցախաղը շահել 1,5-0,5 հաշվով:
Իսկ ահա Լեւոն Արոնյանին ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի նկատմամբ հաղթանակ տոնելու համար առաջին անգամ հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել, քանի որ երկրորդ պարտիայում էլ հաշտություն էր կնքել: Արագ շախմատի կանոններով անցկացված երկու պարտիաներում էլ հայ շախմատիստն իրեն գերազանց դրսեւորեց` շահելով դրանք: Արդյունքում Արոնյանը մրցակցին հաղթեց 3-1 հաշվով:
3-րդ փուլում անհաջողության մատնվեցին Արոնյանի հիմնական մրցակիցներից երկուսը` մրցաշարի ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող (2787) ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2752): Իվանչուկը համառ մրցապայքարում, միայն կայծակնային մրցախաղում 2,5-3,5 հաշվով զիջեց ռումինացի Դիտեր Նիսիպեանուին: Իսկ ահա Մամեդյարովը բուլղարացի Իվան Չեպարինովին պարտվեց դասական շախմատում (0,5-1,5): Պայքարից դուրս մնաց նաեւ Եվրոպայի նախկին չեմպիոն, լեհ գրոսմայստեր Բարտոլոմեյ Մաչեյան` 2-4 հաշվով զիջելով հնդիկ շախմատիստ Կրիշնան Սասիկիրանին: Մյուս մրցախաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Շիրով-Օնիշչուկ` 1,5-0,5, Ռուբլյովսկի-Սվիդլեր` 1,5-2,5, Ադամս-Ժիանչաո` 1,5-0,5, Ֆրեսինետ-Ալեքսեեւ` 0,5-1,5, Գրիշչուկ-Բարեեւ` 1,5-2,5, Դոմինգուես-Կառլսեն` 0,5-1,5, Կամսկի-Գեորգիեւ` 1,5-0,5, Յակովենկո-Ալմազի` 1,5-0,5, Տոմաշեւսկի-Պոնոմարյով` 0,5-1,5, Վանգ-Քսյանջի` 1,5-0,5, Կարյակին-Բաքրո` 3-1:
Երեկ կայացան չորրորդ փուլի առաջին պարտիաները: Լեւոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն էր: Այդ պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակներով: Պարտիան խաղաղ ելք ունեցավ: Ավելի համառ պայքար ծավալվեց Վլադիմիր Հակոբյանի եւ Ալեքսեյ Շիրովի միջեւ: Հայ շախմատիստը մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն հետագայում Շիրովը կարողացավ տիրել նախաձեռնությանը, երկու զինվորի առավելություն ստանալ եւ 49-րդ քայլում ստիպել մրցակցին հանձնվել: Այսպիսով Հակոբյանը հայտնվեց ծանր իրավիճակում, քանի որ այսօր կայանալիք երկրորդ պարտիայում խաղալու է սեւերով: Ի դեպ հաջորդ փուլում վիճակահանության քմահաճույքով Արոնյան-Յակովենկո, Հակոբյան-Շիրով զույգերի հաղթողները կմրցեն միմյանց հետ:
Ռուսլան Պոնոմարյովը հաղթեց Կրիշնան Սասիկիրանին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեցին Կարյակին-Նիսիպեանու, Ալեքսեեւ-Բարեեւ, Սվիդլեր-Կամսկի, Չեպարինով-Յու Վանգ պարտիաներում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ