«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՆՀՐԱՊՈՒՅՐ ԿՅԱՆՔԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տասնինը տարի առաջ այս օրը մոլորակի շատ երկրներում առաջին անգամ տեղեկացան, որ Հարավային Կովկասում գոյություն ունի Հայաստան երկիր` անօրինակ երկրաշարժի ցնցումներից մեկ օրում հազարավոր զոհեր տված ու ավերված: Ավերվեցին հյուսիսային շատ բնակավայրեր, որոնք մոտ էին երկրաշարժի էպիկենտրոնին: Վարչական միավորներով գոտեւորված Հայաստանում ի հայտ եկավ եւս մեկ` աղետի գոտու հասկացությունը... ու մնաց:

Աղետի գոտու արագընթաց վերականգնման այնպիսի խոստումներ հնչեցին նույն այդ տարում ու դեռ երկար արձագանքվեցին, որ Սպիտակը, Կիրովականն ու Լենինականը վերականգնված ու նախկին աշխույժով լի տեսնելու հույսի մասին չէր խոսքը, այլ վստահության: Սակայն հետագայում իշխանավորներն ու պետության խնդիրներով «շահագրգիռ» բոլոր մակարդակների ներկայացուցիչները տառացիորեն «թքած ունեցան» ոչ միայն վստահության, այլեւ հույսի վրա:

Դեռեւս առանց բնակարանի մնացած հազարավոր ընտանիքների համար 2003 թվականից հայրենի որակվող պետությունն այլեւս բնակարաններ չի կառուցում: Ընդ որում, Հայաստանի կառավարություն կոչվող օղակի աշխատանքներն աղետի գոտում բավականին թեթեւացան, քանի որ, ի թիվս ՀՀ մնացյալ բնակավայրերի բնակչության, մեծապես ռուսաստանյան տափաստաններում հանգրվանեց շիրակցիների ու լոռեցիների զգալի մասը:

Բայց դա էլ հարց չլուծեց, բացի այն, որ մի «գեղեցիկ» օր վեր կացան համապատասխան մարդիկ ու որոշեցին, թե էլ չկա աղետի գոտի` իբր այդ կերպ անհետացան նաեւ աղետյալ գոտու բնակչության խնդիրները: Ուզածդ իշխանավորին մի երկու օր «դոմիկ» կոչվողի մեջ պահելուց դաժան պատիժ մեկ էլ կարող է աշխատավարձի հույսին մնալու անեծքը լինել, բայց գրեթե քսան տարի այդօրինակ «բնակարանում» ապրողներին հասկանալու համար իսկապես աշխատող ու նորմալ մարդիկ են պետք:

«Ամեն ինչ որոշում են կադրերը» արտահայտության հեղինակի անձի անընդունելի լինելուց չեն արժեզրկվում այս խոսքերի նշանակությունն ու իմաստը: Մինչդեռ այսօր ով եւ ինչպես է փորձում նույն Լենինականում ու Կիրովականում բնակչության խնդիրները լուծել: Իշխանական նկրտումներն այնտեղ են հասել, որ «կերակրատաշտ» է ընկալվում ամեն ինչ` անգամ մարդկային ողբերգության ամենացնցող իրադարձություններից մեկից հետո վերականգնվող տարածաշրջանը:

Պարզունակ «գողականության» ու բազարային դատողությունների տիրույթում են գործում հենց նրանք, որ կոչված են վերականգնելու խնդուն ու առանձնահատուկ հումորով աշխարհ զարմացրած Գյումրու «դեմքը»: Մանրախնդիր ու հիմնականում անտառահատելու գործերով են սեփական առօրյան վերջացնում նրանք, ովքեր առողջարան Վանաձորը պիտի վերականգնեին:

Մերօրյա Վանաձորն ու Գյումրին այցելելիս գրեթե ոչինչ հուսադրող եւ ուրախացնող չի ընկնում մարդու աչքին: Սիրտ ցավեցնելու չափ ակնհայտ է, որ խաղաղության ու ավարտուն լինելու յուրօրինակ վկայություն են միայն շիրիմները, որոնք անօրինակ մեծ գերեզմանոցների տեսքով «դիմավորում» են Գյումրիով կամ Վանաձորով անցնողներին: Այնուհետեւ վաղուց մեռած գործարաններն են երեւում, կիսակյանք փողոցներն ու ավելի հաճախ դատարկ տները:

Իսկ տնակներում դեռ ապրող ընտանիքների խնդիրներն առանձին խոսակցության թեմա են: Դրանք իսկապես անօթեւան ընտանիքներ են, քանի որ օթեւան չես կոչի մոտ քսան տարի «ժամանակավոր կացարան» հուսադրմամբ տեղակայված տնակները, որոնք, զուրկ լինելով տարրական հարմարություններից, արդեն դժվար է ուղղակի կայուն ծածկ համարել: Եվ որքան քայքայվել են դրանք, առավել մեծ է հուսալքությունը դրանց բնակիչների:

Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում: Այդ նույն աղետի գոտին այդպես էլ չկառուցած նախկին իշխանություններն առանց ամոթի էլի իշխանություն են երազում: Ներկայիս իշխանավորներն էլ մի կուսակցությունից երկու թեկնածու են առաջադրում կամ ընկերական-ախպերական վիճակներով էլի նույն իշխանությունն են երազում` կիսատ-պռատ թողած գործերից չամաչելով:

Ի վերջո, հենց աղետի գոտում էլ տեղական ինքնակառավարման կոչվող մարմիններն ավելի շուտ իրավունքներ են բանեցնում, քան պարտականություններ կատարում: Է, մինչեւ ե՞րբ, մինչեւ որտե՞ղ եւ որքա՞ն պիտի համբերեն աղետի գոտու բնակիչները կամ մինչեւ ո՞ր տարելիցը պիտի ոչինչ չփոխվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4