«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՕԼՄԵՐՏԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՐԵԱՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել տոնական արարողություն, որը նվիրված էր ԽՍՀՄ-ից Իսրայել հրեաների հայրենադարձման պայքարի ծավալման 40-ամյակին: «Ջերուզալեմ փոստ» թերթը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել է Իսրայելի վարչապետ Եհուդ Օլմերտը, որի ծնողները ժամանակին նույնպես ներգաղթել էին խորհրդային պետությունից:

Շարժման վետերանների առջեւ ելույթ ունենալով, Օլմերտը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ից մեկնելու իրավունք ստացած հայրենադարձները նշանակալի ավանդ ներդրեցին ԽՍՀՄ-ի փլուզման գործում: Բացի դրանից, խորհրդային հրեաները զգալի չափով փոխեցին Իսրայելի դիմագիծը, երկիրը դարձնելով ավելի հարուստ, բազմաբնույթ եւ բարգավաճ, ավելացրել է վարչապետը:

«Ոչինչ չի կարող այնքան մեծ չափով երաշխավորել Իսրայելի գոյությունն ու ուժը, որքան ներգաղթը», եզրակացրել է վարչապետը եւ ներկաներին կոչ է արել շարունակել ռուսալեզու հրեաներին պատմական հայրենիք վերադարձնելու աշխատանքը:

Հրեական «Սոխնուտ» գործակալության տվյալներով, ներկայումս Իսրայելից դուրս ապրում են հայրենադարձության իրավունք ունեցող մոտ 2 մլն ռուսալեզու հրեաներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Նրանցից 800 հազարը բնակվում է ԱՊՀ երկրներում, 700 հազարը` ԱՄՆ-ում, 200 հազարը` Գերմանիայում, 50 հազարը` Կանադայում, 50 հազարը` Ավստրալիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4