«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻՑ 87 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ

ՄԱԶԾ Թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագրի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ «Հույս եւ օգնություն», «Ժողովրդավարությունն այսօր» եւ «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ջանքերով հրատարակվել է «Հայաստանում թրաֆիկինգի զոհերին ցուցաբերված աջակցությունը» գրքույկը, որը ներկայացվեց երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Գրքույկում ներկայացված տվյալները 2003-ի հոկտեմբերից 2007-ի մարտ ամիսն են ընդգրկում, ինչը, գրքույկի հեղինակների կարծիքով, չի կարող ամբողջական պատկերացում տալ թրաֆիկինգի իրական վիճակի մասին: Բացի այդ, գրքույկում ընդգրկված են միայն թրաֆիկինգից այն տուժածների մասին տեղեկություններ, ում կարողացել են հայտնաբերել իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, արտգործնախարարությունը:

«Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանի խոսքով, գրքույկում ներառված տվյալներն այն զոհերի մասին են, ում գտել են ՀԿ-ները, կամ որոնք դիմել են ՀԿ-ներին, ում գտել են իրավապահ մարմինները. «Այս ընթացքում թրաֆիկինգից տուժած 87 մարդու ենք հայտնաբերել, բայց սրանք միայն մեզ հայտնի տվյալներն են եւ չեն կարող արտացոլել ամբողջ իրավիճակը:

87 մարդ է հայտնաբերվել եւ նրանց հայտնաբերման ճանապարհները տարբեր են` ՀԿ-ների սոցիալական աշխատողներն են հայտնաբերել, իրավապահ մարմինները, ԱԳՆ հյուպատոսական ծառայության կենտրոնը»: «Ի՞նչ եք անում տուժածներին հայտնաբերելուց հետո» «Ազգի» հարցին ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանը պատասխանեց, որ եթե նախաքննության մարմինը հայտնաբերված մարդուն տուժող է ճանաչում, իրենք նրան ուղղորդում են հասարակական կազմակերպություններին, որոնք այսօր առաջարկում են բժշկական, հոգեբանական աջակցություն, իրավական խորհրդատվություն եւ պաշտպանություն քննության ժամանակ` իրականացնելով շահերի պաշտպանություն:

Հիշյալ ժամանակաշրջանում հայտնաբերված թրաֆիկինգի 87 տուժածների մեծ մասը հայեր են, բայց եղել են նաեւ 4 ուզբեկ, 8 ռուս եւ 1 կանադացի: Թրաֆիկինգի ենթարկվածների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր արտերկրում են թրաֆիկինգի ենթարկվել, քչերն էլ բերվել եւ այստեղ են թրաֆիկինգի ենթարկվել: Թրաֆիկինգից տուժածների մեծամասնությունը 18-24 տարեկաններ են, 25 տոկոսը` 25-30 տարեկաններ, իսկ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է: Ընդ որում, թրաֆիկինգից տուժածների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, ովքեր հիմնականում ամուսնալուծված կամ ամուրի կանայք են, որոնք մեկնել են արտերկիր աշխատելու: ՀԿ-ների հայտնաբերած 87 տուժածների 80 տոկոսը ենթարկվել է սեռական շահագործման, 20 տոկոսը` աշխատանքային, 4 կին փոխադրվել է Հայաստան եւ շահագործվել որպես մերկապարուհի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4