«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆ ՈՒԵՅՆ ԷԼԿՈԿՆ Է

Դարչինյան-Գորես մենամարտը կանցկացվի Ֆիլիպիններում

Միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին շվեյցարական Բազել քաղաքում տիտղոսի պաշտպանության հերթական փորձը կկատարի: Նրա մրցակիցը բրիտանացի 33-ամյա բռնցքամարտիկ Ուեյն Էլկոկն է: Անգլիական Բիրմինգհեմ քաղաքում ծնված բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 20 մենամարտ է անցկացրել: Դրանցից 18-ում բրիտանացի մարզիկը հաղթանակ է տոնել, որից 8-ըՙ նոկաուտով: 2 մենամարտում նա պարտվել է (մեկըՙ նոկաուտով):

Արթուր Աբրահամն արդեն Բազելում է եւ նախապատրաստվում է մենամարտին: Դեկտեմբերի 3-ին նա բաց մարզում է անցկացրել, որին ներկա են գտնվել լրագրողներն ու լուսանկարիչները: Ներկայացվող լուսանկարն էլ հենց այդ մարզումից է: 27-ամյա Արթուրը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա շահել է անցկացրած բոլոր 24 մենամարտերը, որոնցից 19-ըՙ նոկաուտով: Ինչ խոսք, նրա երկրպագուները հուսով են, որ Արթուրը հերթական անգամ հաջողությամբ կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ կշարունակի անպարտելի մենամարտերի շարքը պրոֆեսիոնալ ռինգում:

Առաջիկա մենամարտին է նախապատրաստվում նաեւ մեր մյուս անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, IBF-ի վարկածով բռնցքամարտի ֆեդերացիան մրցույթ էր հայտարարել Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մենամարտի կազմակերպման համար: Սակայն մրցույթի անցկացման կարիք չզգացվեց, քանի որ երկու բռնցքամարտիկների ներկայացուցիչներն իրենք կարողացան համաձայնության գալ: Մենամարտը կկազմակերպի ֆիլիպինցի բռնցքամարտիկի պրոմոութերը: Այն կանցկացվի Ֆիլիպիններում 2008-ի փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա առաջին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել չեմպիոնական գոտու ներկայիս տիրոջՙ ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ:

25-ամյա Զեդ Գորեսը IBF-ի վարկանիշային աղյուսակում ներկայում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 30 մենամարտ, որից 27-ում հաղթել է (15-ըՙ նոկաուտով), 2-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: 31-ամյա Վախթանգ Դարչինյանը IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդ տեղում է: Նա միայն մեկ պարտություն է կրել պրոֆեսիոնալ ռինգում, իսկ մնացած 29 մենամարտերը շահել է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4