Վարշավայում անցկացված կարատեի Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցան հայ կարատեիստները: Մարզական մեր պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայաստանի ավանդական կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Միքայելյանը, նվաճեց 4 ոսկե եւ 3 արծաթե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին 11 երկրների ներկայացուցիչներ:
Մինչեւ 15-17 տարեկանների մրցավեճում մեր հանրապետության մարզական պատիվը բարձր պահեց Հայկ Թունյանը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Տարիքային այս խմբում արծաթե մեդալի արժանացավ Հարություն Խաչատրյանը:
68 կգ քաշային կարգում իր հավասարը չունեցավ Դավիթ Ոսկանյանը, որն ուժեղ էր մրցակիցներից եւ արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը: Նրա հաղթարշավը շարունակեցին նաեւ Հրաչյա Վարժապետյանը (80 կգ) եւ Տիգրան Մուրադյանը (80 կգ-ից բարձր): Քաշային այդ կարգերում Հայաստանին մեկական արծաթե մեդալ պարգեւեցին Արա Գասպարյանը (80 կգ) եւ Վազգեն Հարությունյանը (80 կգ-ից բարձր):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ