«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2007-12-08 | #228, 2007-12-11 | #229, 2007-12-12


«ՌՈՒՄԻՆԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»

Հայաստանը Եվրոմիության անդամ երկրի հետաքրքրությունների շրջանակում

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը Բուխարեստում Հայաստանի դեսպանատան համար ձեռք բերեց սեփական շինություն: Հայաստանի դեսպանատունը Ռումինիայում գործում է 1994-ից, սակայն մինչ օրս չուներ սեփական տարածք: Ռումինիայում Հայաստանի ներկայացվածության անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու պետությունների փոխհարաբերությունների կարեւորությամբ եւ հայ համայնքի գոյությամբ: 2002-ի ապրիլից Ռումինիայում Հայաստանի դեսպանն է Եղիշե Սարգսյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ ռումինական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները:

- Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը կոչված է ներկայացնելու մեր երկրի շահերը բոլոր բնագավառներում ու նպաստելու երկու պետությունների փոխհարաբերությունների բարելավմանը: Քաղաքական հարաբերությունները հենց սկզբից բարենպաստ են եղել: Ռումինիայի ներկայիս ու նախորդ նախագահները պաշտոնական այցերով ժամանել են Հայաստան, մեր երկրի ղեկավարները եւս պաշտոնական ու աշխատանքային այցերով եղել են Ռումինիայում: Կայացել են խորհրդարանական պատվիրակությունների, նախարարների, փոխնախարարների եւ այլ մակարդակների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների բազմաթիվ այցեր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական վերջին այցը 2003-ին էր, աշխատանքային այցը` 2006-ին: Ռումինիայի ներկայիս նախագահ Տրայան Բասեսկուն պաշտոնական այցով Հայաստան եկավ 2006 թվականի աշնանը: Սրանք քաղաքական դաշտում բարձր մակարդակի երկխոսություններ են, որոնք խթանում են հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Ստորագրված է երկկողմ հարաբերությունները կարգավորող 39 փաստաթուղթ: Տնտեսական համագործակցության բնագավառում համագործակցության ընդլայնմանն ուղղված կարեւոր իրադարձություններից էր 2006-ի հոկտեմբերի 4-ին Երեւանում կայացած հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական խառը հանձնաժողովի 2-րդ նիստը: Ստորագրվեց համագործակցության արձանագրություն, որում ամրագրված են լայնածավալ միջոցառումներ առաջիկա տարիների համար: 2006-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 83 միլիոն 825.4 հազար ԱՄՆ դոլար, որը հիմնականում ձեւավորվել է Ռումինիայից արտահանումների հաշվին: Ռումինիայից Հայաստան արտահանվում են սարքավորումներ, նավթամթերք, կահույք, քիմիական նյութեր, Հայաստանից` ոսկերչական իրեր, մետաղներ եւ սարքավորումներ: Եթե բարելավվեն ապրանքաշրջանառության պայմանները, ինչպես ակնկալվում է Եվրոմիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում, եւ, իհարկե, եթե ճանապարհներն ավելի դյուրին դառնան, ապա ապրանքների ինքնարժեքն ավելի ցածր կլինի, իսկ ապրանքաշրջանառության ծավալը` ավելի մեծ: Այսօր ապրանքների տեղափոխման համար հիմնականում օգտագործվում են Վրաստանի սեւծովյան նավահանգիստները: Տնտեսական փոխհարաբերությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը դեսպանության առաջնահերթ պարտականություններից է:

- Հաշվի առնելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման հաջողությունները` դեսպանների ամենամյա հավաքի ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ նման միջոցառումների կազմակերպումը պետք է լինի դեսպանների ուշադրության կենտրոնում: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի տարվա կազմակերպում Ռումինիայում:

- Ռումինիան այն երկիրն է, ուր ե՛ւ դեսպանատան, ե՛ւ համայնքի ջանքերով ողջ տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում: Պաշտոնական տվյալներով Ռումինիայում գրանցված է 1780 հայ, իրականում, սակայն հայերի թիվը ավելին է: Կա խառն ամուսնություններից ծնված սերունդ, առկա է Չաուշեսկուի ժամանակներից փոքրամասնությունների հանդեպ անբարյացակամ վերաբերմունքից բխող իներցիան, որի պատճառով բոլորը չէ, որ մարդահամարի ժամանակ նշել են իրենց հայկական ծագումը: Կան բազմաթիվ հայեր, հատկապես Տրանսիլվանիայում, որոնց զգալի մասը դարերի սերնդափոխության ընթացքում կորցրել է հայկական ինքնության կարեւոր դրսեւորումները, հիմնականում կրում են ռումինական կամ հունգարական անուններ, հաղորդակցվում այդ ժողովուրդների լեզուներով: Սակայն նրանց մի ստվար մասը շարունակում է հաճախել իրենց իսկ նախնիների կառուցած հայ կաթոլիկ եկեղեցիները Գերլա, Գեորգիեն, Ֆրումոասա ու Դումբրավեն քաղաքներում, ժամանակ առ ժամանակ կազմակերպում հայությանն ու Հայաստանին առնչվող աշխարհիկ եւ կրոնական միջոցառումներ` հրավիրելով նաեւ դեսպանատան ներկայացուցիչներին:

Ռումինահայ համայնքը հիմնականում կենտրոնացված է Բուխարեստում եւ Կոնստանցայում, համախմբված է Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի հայոց միության շուրջն ու հովանու ներքո: Հայ առաքելական եկեղեցիներ են գործում Բուխարեստում, Կոնստանցայում, Սուչավայում, Յաշում, Պիտեշտում, Բրեյլայում, Գալացում, իսկ Ռումինահայոց միությունը 17 բաժանմունք ունի երկրի տարբեր քաղաքներում:

Ռումինահայ համայնքը մտավոր մեծ ներուժ ունի, լավ ինտեգրված է ռումինական կյանքում: Համայնքում 2 թերթ է լույս տեսնում` հայերեն եւ ռումիներեն: Համայնքն ունի հրատարակչություն եւ տպարան, ուր տարեկան ավելի քան 10 գիրք է հրատարակվում հայկական թեմատիկայով: Բուխարեստում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, ընդհատումներով` նաեւ Կոնստանցայում եւ Կլուժ-Նապոկայում:

Անցյալ տարեվերջին մենք կազմակերպեցինք հայկական կինոյի օրեր, այս տարի դեսպանատան աջակցությամբ Բուխարեստի եւ խոշոր այլ քաղաքների կենտրոնական համերգասրահներում կայացավ 6 համերգ, ուր հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Վերջերս տեղի ունեցան Կարինե Խոդիկյանի եւ Դավիթ Մուրադյանի թատերական մեկական պիեսներիՙ ռումիներեն թարգմանությամբշնորհանդեսը, Ս. Փարաջանովի ստեղծագործության մոտիվներով ռումին երկու երիտասարդ նկարիչների կոլաժների եւ գեղանկարների ցուցահանդեսի բացումը: Միջոցառումներ անընդհատ են կազմակերպվում, սակայն մշակութային տարվա անցկացումը մեծ միջոցներ է պահանջում: Ռումինիայում Հայաստանի տարի կազմակերպելու գաղափարը մենք ունենք, սակայն դա երկարատեւ աշխատանք է պահանջում: Իսկ թե երբ իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա:

- Ռումինիայում կա՞ն անօրինական հիմունքներով ապրող հայ քաղաքացիներ:

- Նման խնդիր Ռումինիայում գոյություն չունի: Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանից Ռումինիա տեղափոխվածների ընդհանուր թիվը 100-ից չի անցնում: Բոլորն ապրում են օրինական հիմունքներով, հիմնականում զբաղվում են բիզնեսով եւ մասնակցում համայնքային կյանքին: Իրավախախտումներ եւս հազվագյուտ են լինում, չկա բանտում գտնվող ՀՀ քաղաքացի:

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

- Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աշխատանք տարվում է յուրաքանչյուր տարի, բնականաբար, իր գագաթնակետին հասնելով ապրիլի 24-ին: 2002 եւ 2005 թվականներին Բուխարեստում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկու տուֆակերտ խաչքար-հուշարձան, հուշարձան կա նաեւ Կոնստանցայում: Միջոցառումները կազմակերպվում են ոչ միայն դեսպանատան եւ հայ համայնքի ջանքերով, այլեւ ռումին մտավորականների աջակցությամբ: Վերջիններս ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հոդվածներով եւ հեռուստատեսային ելույթներով: Հայ համայնքը ներկայացված է ե՛ւ Սենատում, հանձին ներկայումս իշխող Ազգային ազատական կուսակցության մանդատով ընտրված, Ռումինիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար եւ հայ համայնքի ղեկավար Վարուժան Ոսկանյանի, ե՛ւ պատգամավորների պալատում, ուր որպես հայ համայնքի ներկայացուցիչ ընտրված է Վարուժան Փամբուկչյանը: Հայ պատգամավորները բազմիցս խորհրդարանում հանդես են եկել ցեղասպանության հիշատակման ելույթներով: Թուրքական համայնքը եւս ներկայացուցիչ ունի պատգամավորների պալատում, եղել են դեպքեր, երբ նրանք հանդես են եկել հակառակ ելույթներով: Ռումինիան Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ապաստան տվեց մոտ 20 հազար փրկվածների: Այսօր Թուրքիան Ռումինիայի տնտեսական ամենախոշոր գործընկերներից մեկն է, Ռումինիայում միլիարդների հասնող թուրքական ներդրումներ կան: Ռումինական իշխանությունները որոշակի զգուշավորություն են ցուցաբերում Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերում: Ցեղասպանության ճանաչման համար չափազանց կարեւոր են հանրային կարծիքը եւ հասարակության աջակցությունը:

- Ի՞նչ փոփոխություններ են գրանցվել հայ-ռումինական հարաբերություններում Ռումինիայի Եվրոմիության անդամ դառնալուց հետո:

- Ռումինիան այժմ եւ մինչեւ Եվրոմիության անդամ դառնալն էլ բավականին հետաքրքրված է եղել մեր տարածաշրջանով: Եվրոպական միության ընդլայնման հետ Ռումինիան դառնում է մեր տարածաշրջանին առավել մերձակա երկիր: Փաստորեն, այժմ միայն Սեւ ծովն է մեր տարածաշրջանը բաժանում Ռումինիայից եւ Բուլղարիայից: Նախորդ տարի Ռումինիան հանդես եկավ կարեւոր նախաձեռնությամբ: Բուխարեստում Սեւծովյան տարածաշրջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվեց «Սեւծովյան ֆորումը», որին մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ելնելով իր աշխարհագրական դիրքից եւ հնարավորություններից, Ռումինիան ձգտում է ընդլայնել համագործակցությունը հարավկովկասյան երկրների հետ: Անցյալ տարի Ռումինիայի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվեց փաստաթուղթ, որը ենթադրում է համագործակցություն եւ փորձի փոխանակում եվրոինտեգրման հարցերում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Բուխարեստ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4