«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2007-12-08 | #228, 2007-12-11 | #229, 2007-12-12


ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՎ ԿԴԻՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը երեկ ցանկություն է հայտնել, որ միջազգային դատարանն արտահայտվի Կոսովոյի անկախության օրինականության առնչությամբ: Սերբական մարզ Կոսովոյի ղեկավարությունը նախօրեին ասել էր, թե մտադիր է անկախություն հռչակել «եկող տարվա մայիսից անհամեմատ շուտ»:

Տադիչը կողմնակից է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արդարության միջազգային դատարանին հանձնարարի տվյալ հարցի քննությունը, նշում է Ինտերֆաքս գործակալությունը:

Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարները չէին կարողացել համաձայնության գալ Կոսովոյի հարցում, քանի որ Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան եւ Իսպանիան դեմ էին արտահայտվել մարզի միակողմանի անկախացմանը: Մասնավորապես Կիպրոսը երկյուղներ ունի, որ Կոսովոյի անկախության ճանաչմանը կհաջորդի, այսպես կոչված, Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը:

ԵՄ-ը մտադիր է դեկտեմբերի 14-ի գագաթաժողովում ընդունել Կոսովոյի ճանաչման սեփական ծրագիրը, որը Կոսովոյից պահանջում է մինչեւ 2008-ի փետրվար անկախություն չհռչակել, հարգել փոքրամասնությունների իրավունքները, ընդունել նոր սահմանադրություն: Միաժամանակ նախատեսվում է օգնել Սերբիայում բարեփոխումների իրականացմանը եւ ԵՄ-ի հետ նրա կապերի սերտացմանը:

Սակայն Ֆրանսպրեսը մեջբերում է Սերբիայի փոխվարչապետ Բոժիդար Ջելիչի խոսքերը, թե «Կոսովոն չի փոխանակվի ԵՄ-Սերբիա համաձայնագրով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4