Իր շուրջ քառասնամյա արգասաբեր ճանապարհով եւ նախորդ բանաստեղծական ժողովածուներով Արեւշատ Ավագյանն ընթերցողին արդեն ընտելացրել էր այն իրողությանը, որ ինքը անակնկալների բանաստեղծ է եւ գեղարվեստական պատկեր ստեղծելու ճանապարհին այնքան հմտորեն է գործածում բառերի, գույների ու գծերի արտահայտչական հնարավորությունները, որ նրա գեղանկարները կարդացվում են բանաստեղծության լեզվով, իսկ բանաստեղծությունները` գեղանկարչության: Սա էլ պատճառ է դարձել, որ նրան արդարացիորեն անվանեն բանաստեղծ նկարիչ կամ նկարիչ բանաստեղծ` առանց այդ կողմերից մեկը թերագնահատելու: Իր գրեթե բոլոր ժողովածուները ինքն է ձեւավորել` յուրօրինակ ներդաշնակություն ստեղծելով սեփական ներաշխարհում ոչ թե կողք կողքի կամ հարեւանությամբ, այլ միաձույլ ապրող բանաստեղծի եւ նկարչի ճաշակով:
Իսկ հեղինակային ձեւավորումով նրա գրքերը դիտվում էին որպես արվեստի փոխլրացնող երկու ճյուղերի միավորյալ դրսեւորում: Արդեն 1980-ին «Աստղի ծնունդը» ալբոմ-ժողովածուով նա ստեղծել էր իր բանաստեղծական եւ գեղանկարչական ունակությունների համատեղ դրսեւորման իմաստով հետաքրքրական նախադեպ, իսկ նախորդ տարում լույս տեսած «Խոսք եւ գույն» խորագրով հերթական ժողովածուն ձեռք է բերում առանձնահատուկ կարեւորություն, քանի որ այս գրքում միավորվել ու միասնաբար հանդես են եկել երեք Արեւշատ Ավագյան` բանաստեղծը, գեղանկարիչը եւ մտածող - իմաստասերը:
Իր ուրույն գեղարվեստական աշխարհն ստեղծած այս անհատականությունը գրքի յուրաքանչյուր էջում զետեղել է իր ներաշխարհից մի ճաշակ` մի բանաստեղծություն, մի գծանկար կամ գեղանկար եւ մի խոհաքանդակ-խորհրդածություն կյանքի ու արվեստի փոխհարաբերության, տիեզերքի այլեւայլ առեղծվածների վերաբերյալ: Այնպես որ, ընթերցողը մի գրքում միասնաբար տեսնում է Ա. Ավագյանի պատկերավոր մտածողության երեք ուղղություններն էլ, տեսնում ու համոզվում է, որ կա մեր անհանգիստ ժամանակի, մեր երկրի ներկայի ու ապագայի, մարդկային ու հասարակական նոր հարաբերությունների, մարդու ներաշխարհի, զգացմունքի ու մտքի, բառի բազմիմաստության, գույնի, մեղեդու եւ սրանց գեղագիտական արժեքի, լույսի ու ստվերի, աստղի ու ծաղկի ուրիշ տեսակ ընկալում ու վերապատկերում: Այս հատկանիշների միավորմամբ է ձեւավորվել բանաստեղծական այն սեփական ու միանգամայն ինքնատիպ ոճը, որ իր իսկ անունով պիտի կոչվի արեւշատավագյանական:
Բանաստեղծություն գրողները շատ են, բանաստեղծները` քիչ, այս քչերի մեջ էլ քիչ են սեփական ոճ ունեցող բանաստեղծները: Արեւշատ Ավագյանը` այսօրվա մեր իմացական քնարերգության հետաքրքրական դեմքերից մեկը, այդ քչերից է, իսկ այս գիրքը` նրա վարպետության ու հասունության նոր վկայությունը: Առանց «զարմացնելու» հատուկ ճիգերի, թեթեւ ու անպաճույճ շարադրված «Տիեզերական այցեքարտը», որով սկսվում է «Խոսք եւ գույն» գիրքը, թվում է` բանաստեղծություն էլ չէ, այլ հայ մարդու սրտի մեջ ձեւավորված հոգեւոր առողջացման հորդոր, հավատամքի եւ աղոթքի պես հնչող պարզ ու սրտաբուխ մի խորհրդածություն.
Հայոց սիրտը, հայոց արյունը իրենց
խորքում կրում են արարչական
հոգու գիտելիքը:
Հայ ժողովրդի հարատեւության
ծրագիրը դրված է հայորդիների
էության մեջ:
Հոգեւոր առողջացման շնորհիվ
Հայաստանը կարող է վերածվել եւ
դառնալ մեր մոլորակի լուսավոր
երկրներից մեկը:
Իմաստնությունն ու կենսափորձը ձեռք են բերվում ոչ միանգամից, այլ աստիճանաբար եւ տեւական ժամանակում: Հոգեւոր առողջացման պատգամախոս Ա. Ավագյանն առաջներում էլ է այսպես մտածել, սակայն հիմա` պատկառելի գրական վաստակի, իմացությունների եւ ինքնավստահության մեծ պաշարի առկայությամբ է միայն հանդգնել բանաձեւել խոսքարվեստի ի՛ր տեսությունը, ի՛ր ars poetica-ն, որը վերնագրել է «Խոսքարվեստի գունագեղ խորհուրդը»: Թերեւս ինքն է իր գրելաոճի, իր բանաստեղծությունների ու գեղանկարների լավագույն մեկնաբանը, երբ գրում է. «Խոսքը եւ գույնն իրենց հնչյունաձեւերով, գունաձեւերով, ածանցումներով ու ներթափանցումներով, իրենց նրբերանգներով ու գաղտնագրերով ռիթմավորում ու իմաստավորում են մարդկային մշակույթի հոգեղեն էությունը: Խոսքն օժտված է կյանքի գունապատկերը հմտորեն ներկայացնելու մեծ հնարավորությամբ: Ինչպես գեղանկարիչը ներկերի օգնությամբ է ստեղծում իր պատկերավոր նկարները, այնպես էլ գրողը բառերի օգնությամբ է երփնագրում իր ասելիքը` գույնով ու գծով ներկայացնելով իր գեղարվեստական խոսքը»:
Տեսական այս եւ համանման այլ դրույթների գործնական հաստատումն է «Խոսք եւ գույն» ժողովածուն, որը բաղկացած է չորս բաժիններից` «Բառիմաստներ», «Անցողիկն ու հարատեւը», «Նախանշված թռիչք», «Աստղածին օտարուհին»: Սրանք, թեմատիկ բազմազանությամբ հանդերձ, միմյանց լրացնող բանաստեղծական շարքեր են` ամբողջական ասելիքով, բայց եւ կազմված ինքնուրույն գեղարվեստական միավորի արժեք ունեցող, տրամաբանորեն իրարահաջորդ անտեղաշարժելի բանաստեղծություններից` յուրաքանչյուրը համապատասխան գեղանկարով ու իմաստասիրական խորհրդածությամբ ուղեկցվող:
Բարեբախտություն է, որ բանաստեղծ Արեւշատ Ավագյանն այս գրքում երկարաբան ու շատախոս չէ, այլ իր սկզբունքների հետեւողական կիրառողը: Կարճ տարածությունում ընդգրկուն բովանդակություն խտացնելու արվեստի մեջ նա, հայ ավանդական քնարերգության, մասնավորապես քուչակյան, թումանյանական, չարենցյան ավանդների հետեւորդը լինելով, դասականության ձգտող հետաքրքրական նորարար է` այս հասկացության ամենադրական ըմբռնումով: Նրա բազմաշերտ գեղարվեստական մտածողության յուրահատկություններն առանձնապես բազմազան չեն. կարեւորը, սակայն, ոճի սեղմությունն է, ասելիքի հստակությունը, բովանդակային խտությունը, բառերով գեղանկարելու հմտությունն ու գեղարվեստական պատկերի կենսական հագեցվածությունը:
Ժողովածուի համար որպես բնաբան կարող է ծառայել «Բառիմաստներ» բաժնի առաջին բանաստեղծությունը, որը գրքի խորագիրն ունի.
Խոսքը հյուսվում է բառերից,
մտքի, սրտի ու արյան խորքերում
սաղմնավորվող իմաստներից,
պատկերներից, գույներից ու գծերից,
որոնք հայտնվում են
լեզուների ու շուրթերի վրա:
Բառերը կյանք են առնում
ներաշխարհի խորքերում,
ծնվում են արյան թրթիռներից,
ելնում են խորհրդավոր
բառահիմքերի աներեւույթ շերտերից:
Խոսքերը լուսավորում են աշխարհը`
ասված ու չասված բառերով,
բացահայտում են կյանքը,
դառնում են զգացում, աղ ու հաց,
սրտի թրթիռ, երկիր ու հայրենիք:
Խոսքերը բացում են
լռության գունագեղ դռները
եւ աշխարհի խորհրդավոր պատկերը
տեսանելի եւ ընկալելի դարձնում
բառագծերի շնորհիվ:
Առողջ կենսազգացողությամբ ու նրբանկատությամբ, գրական բարձր գրագիտությամբ, իրերն ու երեւույթները խորքային ընկալմամբ, կարեւոր մանրամասներով դիտելու եւ ներկայացնելու հմտությամբ Արեւշատ Ավագյան բանաստեղծը մի յուրատեսակ միջնորդ է իրականության եւ ընթերցողի միջեւ: Տիեզերական ընդգրկումների ձգտումով հանդերձ` նա էապես հայ բանաստեղծ է, ազգային ակունքներով (հիշենք, որ 40 տարի առաջ լույս տեսած նրա բանաստեղծական անդրանիկ ժողովածուն վերնագրված էր «Ակունքներ») ու արմատներով սնված արվեստագետ, որը հայ գեղարվեստական խոսքի որակական նոր աստիճան է նշանավորում մանավանդ այս գրքով:
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ