«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2007-12-08 | #228, 2007-12-11 | #229, 2007-12-12


«ԿՈՄԻՏԱՍ» ՔԱՌՅԱԿՆ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Ժամանակակից երաժշտարվեստի քայլող դասականները` «Կոմիտաս» քառյակի անդամները երեկ լրագրողներիս հրավիրել էին տեղեկացնելու այսօրվա համերգի մասին, որ նվիրվում է մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Համերգը կկայանա Կոմիտասի անվան երաժշտության տանը: Բանախոսները փոխնախարար Կարինե Խոդիկյանի հաճելի ընկերակցությամբ անդրադարձան իրենց առաջիկա երկու շաբաթվա ելույթներին պատմեցին անցյալ հաջողությունների եւ նոր փոփոխությունների մասին: Ունկնդրի դատին հանձնվեց նոր ձայնասկավառակ, որ թվով 4-րդն է քառյակի այս սերնդի համար:

Փոխնախարար Կարինե Խոդիկյանը կարծիք հայտնեց, որ քառյակի արածը 80 եւ ավելի տարիների ընթացքում, ավելիին է արժանի: Բայց այս անգամվա համերգին կլինի մշակույթի նախարարի ուղերձը եւ նախարարության պարգեւատրումը քառյակի անդամներին` ոսկե մեդալներ: «Դա դեռ փոքր գնահատական է քառյակի ահռելի աշխատանքների համար», ասաց փոխնախարարը:

«Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Էդվարդ Թադեւոսյանը լրագրողներիս ծանոթացրեց Սարգիս Ասլամազյանի անուրանալի վաստակին: «Նա իր կյանքի 45 տարիները նվիրեց Կոմիտասի անվան քառյակին եւ բացի փայլուն երաժիշտ լինելուց արտասահմանյան շատ երկրներում ճանաչում բերեց ոչ միայն Կոմիտասի մանրապատումներին, որ նա վերամշակեց գեղարվեստական բարձրագույն ճաշակով, այլեւ հենց նույն Կոմիտասին»:

Այսօրվա համերգը մի տխուր երանգ ունի, քանի որ քառյակի հետ վերջին անգամ կնվագի երկրորդ ջութակ Սուրեն Հախնազարյանը: 7 տարի հետո նա գնում է Մոսկվա` ընտանիքին միանալու, քանի որ որդին` մի քանի մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը հրավիրված է եւ սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Ս. Հախնազարյանը շարունակելու է իր գործն արդեն Ռուսաստանում: Նրա թափուր, բայց շատ պատասխանատու տեղի համար հունվարի 10-15-ի ընթացքում մրցույթ է անցկացվելու, որ պետք է նաեւ քառյակի հերթական սերնդափոխության հարցը լուծի:

Էդվարդ Թադեւոսյանը խոսեց նաեւ մարզերում քառյակի անցկացրած 10-12 համերգների ու բազմաթիվ բարեգործական ելույթների մասին, որոնք միշտ անցել են լի դահլիճներով: Բացի համերգները, որոնց ֆինանսավորումն իրականացրել են ամերիկահայ բարերարներ Անդրյու եւ Էլեոնոր Բաղդասարյանները, «Կոմիտաս» քառյակը նաեւ մարզերում վարպետության դասեր է անցկացրել: Երեխաների երաժշտական ունակությունների մասին հիացական խոսքեր ասելուն զուգահեռ Է. Թադեւոսյանը նշեց մի ցավալի փաստի մասին: «Հետաքրքրական է, որ 10-14 տարեկան երեխաները հիանալի նվագում են, բայց երեք տարի հետո նույն երեխային մեծերի մրցույթում լսելիս հասկանում ես, որ էդ 3 տարիները կորսված տարիներ են եղել: Մեր վարպետության դասերը դրանց արդյունք են, որովհետեւ ուսուցիչներ կան, որոնք մինչեւ որոշակի տարիքի սանի հետ շատ լավ են աշխատում, բայց դրանից հետո արդեն երեխային տալու բան չունեն»: Կ. Խոդիկյանն էլ ուշադրություն հրավիրեց այն մասնագետների կարծիքը, ովքեր լինելով մարզերում նկատել են, որ մարզերի 9-11 տարեկան երեխաների 5-ից 3-ը շնորհալի են:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4