Բրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել նաեւ «Ֆայնենշնլ թայմսին»: Անգլիական հեղինակավոր այս թերթի դեկտեմբերի 12-ի համարում հրապարակված հարցազրույցին նույն օրը կայքէջում «Երեւանն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին» վերնագրով արձագանքել էր CNN-Turk-ը: «Միլլիեթի» գլխավորությամբ հեռուստատեսության օրինակին են հետեւել թուրքական կենտրոնական թերթերը:
ՀՀ վարչապետը «Ֆայնենշնլ թայմսի» հարցին պատասխանել է. «Կարծում եմ, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը դրական կլինի մեզ համար: Գուցե մեր միջեւ առկա խնդիրները կլուծվեն ԵՄ-ի շրջանակներում»:
Սերժ Սարգսյանը միաժամանակ հույս է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Թուրքիան հանդես կգա երկու երկրների հարաբերությունների բարելավմանն ուղղված առաջարկով: Այնուհետեւ նա, նկատի ունենալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նշել է. «Ճիշտ չի լինի ասել, թե վարչապետը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում ջանքեր չի գործադրում»:
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին ՀՀ վարչապետը լավատեսական մոտեցում է ցուցաբերել, ընդգծելով, որ առկա իրավիճակը, այսինքնՙ դրանց չկարգավորվածությունը, կողմերի շահերից չի բխում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ