«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2007-12-12 | #230, 2007-12-13 | #231, 2007-12-14


ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ

«Մինչ ես ակնկալում էի, որ թուրք ուրացողները դժգոհ կլինեն իմ «Հայերը արդարություն են պահանջում, ոչ թե ճանաչում» հոդվածից, չէի սպասում, որ դրանց շարքում կգտնվեն նաեւ «լիբերալ» թուրք գիտնականներ եւ հայ համախոհներ», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ շարունակում.

Հոդվածս Միչիգանի համալսարանի «armworkshop» կայքում (որը թուրքերի եւ հայերի հաշտեցման կողմնակից է) հայտնվելուց մի քանի րոպե անց հակադարձությունների հեղեղ սկսվեց: Առաջին քարը գցողը Էրոշ Քյորօղլու անունով մի թուրք գիտնական էր, որն իրեն սարկազմով «հիմար» թուրք էր կոչում: Նա գրում էր, որ ուրացող թուրքերը «խելացիորեն» մերժում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հայերի տարածքային եւ նյութական փոխհատուցումների հետագա պահանջների առաջն առնեն: Նրան անմիջապես ձայնակցեցին հաշտեցման երկու հայ կողմնակիցներ` Սեպուհ Ասլանյանը Կոլումբիա համալսարանից, որը համաձայնելով Քյորօղլուի հետ գրում էր, որ «այդ չարաբաստիկ խմբագրականի հեղինակ պրն Սասունյանը լիազորված չէ ներկայացնելու բոլոր հայերին կամ նրանց թեկուզ մեծ մասին»: Ես, իհարկե, իմ հոդվածում չէի նշել, որ ներկայացնում են որեւէ մեկին: Եվ գործարար Ա. Նուրհան Բեսիդյանը (նախկինում Թուրքիայից), որը համաձայն էր Սեպուհի հետ, որ Սասունյանը «չի ներկայացնում բոլոր հայերին»:

Հայ երկու արձագանքողներն այդպես էլ ոչ մի բացատրություն չէին տալիս, թե ինչու են դեմ իմ գրածին:

Առավել տարօրինակ էր պրոֆ. Հալիլ Բերքթայի գրածը: Չբավարարվելով երկու հայերի դիրքորոշմամբ, նա կոչ էր անում, որ ավելի մեծ թվով հայեր հակառակվեն իմ տեսակետներին: «Որտե՞ղ են հայկական խմբակցությունները, կազմակերպությունները, որպեսզի բարձրաձայն եւ բացահայտորեն ընդդիմանան նրան (Սասունյանին)», հարցնում էր նա:

Մինչ օրս թուրք կառավարության ժխտողական քաղաքականությունը քննադատող պրոֆ. Բերքթային անմիջապես ձայնակցեց վերոհիշյալ պրն Ասլանյանը. «Ցարդ լուռ մնացող հայերը ճիշտ կվարվեն, եթե առնվազն գրեն, որ իրենց անունից չի խոսում (Սասունյանը)»:

Պրոֆ. Դենիս Փափազյանը խայծը կուլ չտալով առաջարկեց համագումար կազմակերպել այդ թեմայով «պարզելու համար տարբեր կարծիքների առկայությունը հայ եւ թուրք համայնքներում»:

Ֆրանսիայից պրոֆ. Դալիդա Ռոջեր-Հաջյանը իր էլեկտրոնային նամակում հիշեցնում էր, որ «ոչ բոլոր թուրքերն են վախենում փոխհատուցումից: Մի թրքուհի վերջերս խոսում էր արդարության վերականգնման եւ փոխհատուցման մասին»:

Հայկական իրավաբանական ասոցիացիայի ցեղասպանության ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ պրոֆ. Աննա Լուսինն իր հերթին առաջարկել էր Անկարային թուրքական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծել եւ ասել ճշմարտությունը: Նա ցանկանում էր նաեւ, որ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները ճանաչվեին որպես այդպիսիք` որպես հայկական: «Կցանկանայի վստահ լինել, որ Սիսում գտնվող հայկական գերեզմանատանը, որտեղ իմ նախնիներն են հանգչում անվրդով (հուսով եմ), լավ խնամված է եւ բարբարոսությունից զերծ է մնացած: Սիսում 4 հայկական եկեղեցի կար 1910-ին` երկու առաքելական, մեկ բողոքական եւ մեկ կաթոլիկ: Գիտեմ, որ այնտեղ այնքան մեծ թվով հայեր չեն ապրում այժմ, որ արդարացներ դրանց վերանորոգումների պահանջը, բայց կուզենայի, որ այդ շինությունները, եթե դեռ կանգուն են, ճանաչվեին որպես այդպիսիք», գրել էր նա:

Հեռավոր Նորվեգիայից Ռագնար Նաեսն էր իր զորակցությունը հայտնել տողերիս հեղինակին: «Էթիկայի տեսանկյունից եթե մոտենանք հարցին, չենք կարող հակաճառել պրն Սասունյանի խոսքերին: 100 տարի առաջ սպանված մարդիկ եւ նրանց թալանված ունեցվածքները կարող են փոխհատուցվել: Պրն Սասունյանը, իմ պատկերացմամբ, համընդհանուր բարոյական նորմերից ելնելով արդարություն է պահանջում Օսմանյան կայսրության վերջին փուլում կատարված սպանությունների համար», գրել էր նա:

Պրոֆ. Ուգուրհան Բերկոկի համոզմամբ, ոչ ոք եւ ոչ մի օրենք չի կարող արգելել հետնորդներին պահանջատեր լինել: «Այնպես որ, Սասունյանի գաղափարը իրականություն է: Մտադրությունը կա, թե ոչ` այլ հարց է», գրել էր նա:

Ի հավելումն այս բոլորի աշխարհի տարբեր ծայրերից հայեր էին արձագանքել գրությանս, արտահայտելով իրենց անվերապահ համաձայնությունը իմ տեսակետներին: Ահա մի քանիսը.

Տիգրան Աբրահամյան (Կանադայից): «Պրն Սասունյանը հստակ եւ կոնկրետ ծրագիր է ներկայացնում: Երանի մեր քաղաքական խմբավորումներն ընդունեին եւ սկսեին լրջորեն զբաղվել դրանով»:

Բենոն Սեւան (Կիպրոսից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ): «Սրտագին շնորհավորանքներ ճիշտ շեշտադրման եւ այն ճիշտ ուղղության համար, որով պետք է առաջնորդվենք: Ընդունեք անկեղծ գնահատանքներս Ձեր խիզախ հոդվածների առթիվ»:

Բագրատ Նազարյան (Լոնդոնից): «Ողջունելի մեկնարկ է: Հայաստանի կառավարությունը պետք է պաշտոնապես եւ արդյունավետ կերպով զորակոչի ենթարկի ամբողջ ազգը (ներառյալ սփյուռքը) այս հարցում եւ միջազգային ատյաններում (Հաագա, ՄԱԿ եւ այլն) լսելի դարձնի իր ձայնը: Ինչո՞ւ մենք մինչեւ հիմա որպես միասնական մի ազգ չենք քննարկել այս հարցը: Վստահաբար Հայաստանի կառավարությունը կարող է հիմնել «ցեղասպանության փոխհատուցման մի հանձնաժողով», որպեսզի պաշտոնապես տեր կանգնի մեր կորուստներին, բավական է այդ հարցը դիտենք սոսկ գիտական կամ ակադեմիական մակարդակներով»:

Միհրան Քեհեյան (Լոնդոնից): «Լրիվ համաձայն եմ Սասունյանի հետ: Մենք պետք է այդ հարցը (պահանջատիրության) հետապնդենք որպես պետություն, ինչքան էլ երկար տեւի գործընթացը: Մենք պետք է նաեւ քայլեր անենք վերակենդանացնելու Սեւրի պայմանագիրը»:

Մորիս Քելեշյան (Սան Խոսե, Կալիֆոռնիայից): «Սասունյանը բաց է արել Պանդորայի արկղը: Նրա սուր գրիչը խոցում է թուրքական կեղծ վահանը, որը միշտ փորձում է թաքցնել կամ տաբու դարձնել այդ խնդիրը»:

Դավիթ Բոյաջյան (Նյութոն, Մասաչուսեթսից): «Սասունյանի այս հոդվածը մի անգամ եւս ցույց է տալիս, որ նա ոչ միայն հիանալի գրող է, գուցե մեր ամենալավ հետաքննող լրագրողը, այլեւ գաղափարի առաջնորդ: Համաձայն եմ նրա հետ: Մենք պետք է այս «ճանաչման» գործընթացից այն կողմ անցնենք»:

Վերջում ավելացնեմ, ոչ մի հայ դրականորեն չէր արձագանքել պրոֆ. Բերքթայի վերոնշյալ կոչին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4