«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2007-12-12 | #230, 2007-12-13 | #231, 2007-12-14


ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է

Հայտարարում է ՀՅԴ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը

Արդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով այս հարցինՙ Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ որոշ փոփոխությունների անհրաժեշտություն ՀՅԴ-ն տեսնում է եւ այդ մասին շատ է խոսվել: Այդ մասին են վկայել բանավեճերը խորհրդարանում մի շարք տնտեսական, քաղաքական հարցերով, տնտեսական-քաղաքական, որոնց Դաշնակցությունն անհամաձայնություն է հայտնում: Եղել են նաեւ վեճեր կառավարության ծրագրի վերաբերյալ: «Մենք մեր քաղաքական անհամաձայնությունները հայտնել շարունակել ենք վերջին 9 տարիներին, երբ կոալիցիայի անդամ էինք: Հիմնականում խոսքը մեր երկրում տնտեսական ասպարեզում մենաշնորհներին առավելություն տվող քաղաքականության մասին է, որը պետք է բացառվի, նաեւ, իհարկե, մեր առաջադրման լրջագույն պատճառներից է այն քաղաքական պատկերը, որը ստացվեց 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք լուրջ վտանգ ենք տեսնում, որ մոնոպոլիզացիան ոչ միայն տնտեսական երեւույթ է, այլեւ կարող է դառնալ քաղաքական երեւույթ, քաղաքական կյանքի երեւույթ: Դա մեզ համար ընդունելի չէ», ասաց նա` չմանրամասնելով իր նախընտրական մոտեցումները, քանի դեռ նախընտրական արշավը չի սկսված:

Մարտավարական, թե՞ հայեցակարգային-ռազմավարական են տարբերությունները իշխող մեծամասնության եւ ՀՅԴ-ի միջեւ:

Ըստ Վ. Հովհաննիսյանի` երկուսն էլ. եթե մարտավարական շատ խնդիրներում անհամաձայնություններ կան, նույնիսկ անկախ քո կամքից դրանք վերաճում են ռազմավարականի, որոնք երկրի ներսին են վերաբերում. «Վերջապես շատ հստակ է, որ լիբերալիստական տնտեսվարությունը մեր երկրում իրեն արդեն սպառել է: Հայաստանի բյուջեն, տնտեսական հնարավորություններն աճելով, զարգացման տեմպը պահպանելով` հասել ենք մի երկրի, որտեղ պետք են նոր քայլեր, բայց նաեւ Հայաստանը հնարավորություն ունի ավելի սոցիալական մեխանիզմներ կիրառելու ներքին կյանքում, ինչը չի արվում: Մենք կողմնակից ենք էական, երաշխավորված փոփոխությունների, սակայն կայունության պայմաններում: Մենք չենք գտնում, որ փոփոխությունները Հայաստանում կարող են կամ պետք է կատարվեն ցնցումների միջոցով»:

«Ազգի» հարցերին` նախագահի թեկնածու առաջադրելիս ՀՅԴ-ն գույքագրե՞լ է իր հնարավորությունները եւ երրորդ բեւեռի իրական-կեղծ լինելու մասին ի՞նչ կասի, հնչեց պատասխան, թե որքան էլ այս կամ այն քաղաքական մեկնաբանը, քաղաքական գործիչը երրորդ բեւեռի ստեղծման մասին կասկածներ հայտնեն` երրորդ բեւեռն արդեն ստեղծված է: Աշխարհագրական պարզ պոստուլատն է երեւի մարդկանց թյուրիմացության մեջ գցում, թե երեք բեւեռ չի լինում, ու ցավալի է, երբ երկու թշնամական բեւեռով է Հայաստանը մտնում քաղաքական ընտրության մեջ. «Իսկ եթե երեք ուժի կենտրոն է, ապա սա բոլորովին այլ պատկեր է. այստեղ է, որ կերեւա ռեալ ուժը եւ պատասխանելով Ձեր հարցի առաջին մասին` ասեմ, որ այո, մենք գույքագրել ենք մեր հնարավորությունները, եթե կուզեք` նաեւ ոչ միայն մեր, եւ ես կարծում եմ, որ մեր շանսերը ոչ միայն ռեալ են, այլեւ շատ շուտով կտեսնեք, որ ավելի քան ռեալ են»: Իսկ թե ո՞ւմ է նա ընտրություններում հիմնական ֆավորիտ համարում` սրա պատասխանն էրՙ ինձ:

Վարչապետ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ արտահայտվելով ՀՅԴ հնչեցրած մոնոլիտ իշխանության վտանգի մասին, նկատել էր, թե մոնոլիտ իշխանությունը եթե վատ լիներ, սահմանադրությունը կարգելեր դա. «Սահմանադրությունը չի կարող նման բան արգելել, սահմանադրությունը շատ լավ եմ կարդացել, եւ մենք հասկանում ենք, որ մոնոլիտ իշխանության հիմնական վտանգն այն է, որ հնարավորություն է ստեղծվում կյանքը եւ օրենքը չհամատեղելու: Կան մարդիկ, որոնք նախագահական օֆիսը դիտում են մեկ վայր, որտեղ լուծվում է ցանկացած հարց, թե ով պետք է հաղթի տենդերով` մինչեւ երկրի կառավարմանը վերաբերող ամեն խնդիր: Բայց նոր սահմանադրությունը, որը ոչ միայն ուշադիր կարդացել ենք, այլեւ գրել ենք, շատ հստակ սահմանազատում է կառավարության գործը նախագահի գործից: Նախագահն իսկապես կառավարության գործերին խառնվելու պատճառ չունի, եթե, իհարկե, արտառոց իրավիճակներ չեն ստեղծվում, բայց նախագահը շատ հստակ ֆունկցիաներ ունի` նա ի վերջո ապահովում է երկրում սահմանադրական կարգի պահպանումը, եւ նախագահն, օրինակ, կարող է շատ հստակ հանձնարարականներով կարգի բերել հարկային եւ մաքսային ոլորտները, ավելին` կարող է իսպառ արմատախիլ անել կեղծված ընտրությունների պրակտիկան: Միահեծան իշխանության դեպքում դա անելու նրա հնարավորությունը շատ սահմանափակ է դառնում», հակադարձեց Վ. Հովհաննիսյանը:

Եթե ՀՅԴ թեկնածուն պարտվի նախագահական ընտրություններում, ՀՅԴ-ն համագործակցելո՞ւ է ՀՀԿ-ի հետ. «Ինչպե՞ս կարելի է չհամագործակցել քաղաքական ուժի հետ, որը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում եւ եթե ռեալիստական բարեփոխումների ուղղված ծրագրեր ունես: Ինչ վերաբերում է նրան, որ մենք ուրիշներին վատն ենք վերագրում, մեզՙ լավը, բացարձակապես այդպես չէ, հավանաբար դա սխալ մեկնաբանության հետեւանք է, որովհետեւ ես բերում էի կոնկրետ օրինակներ, որտեղ մենք համաձայնության չենք եկել: Բայց կան նաեւ բազմաթիվ օրինակներ, որտեղ մենք համաձայնության եկել ենք, եւ ծնվել են նոր որոշումներ, որոնց արդյունքն էլ բարեփոխումներն են: Այդպես չէ, որ ամեն լավը մեզ ենք վերագրում` մեր սխալներն ու թերությունները գիտենք, բայց դա չի նշանակում, որ ուրիշներինը չպետք է ասենք»:

Վ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շարունակվում են բանակցությունները քաղաքական ուժերի հետ, նույնիսկ «խոր փուլում» են` ընտրությունների քարոզչության եւ բուն ընտրությունների ժամանակ համագործակցության եզրերի շուրջը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4