«Միասնական Ռուսաստանի» համագումարի նախօրյակին երկրի բոլոր հեռուստաալիքներով հանդես էին գալիս ճանաչված քաղաքագետներ, քաղաքականագետներ, փորձագետներ եւ այլք, որոնք «հանճարի» ձեռքով գերլրջմիտ դատողություններ էին անում Պուտինի հետագա քայլերի ու մերձակա ապագայի մասին: Եվ ոչ ոք չհամարձակվեց միանշանակ ասել, թե Պուտինը կընդունի կամ չի ընդունի թագաժառանգ Մեդվեդեւի առաջարկությունըՙ գրավել վարչապետի պաշտոնը իր հաղթանակի դեպքում:
Պուտինը համաձայնեց, եւ Ռուսաստանում ստեղծվեց աննախադեպ իրադարձություն նրա պատմության մեջ. միահեծան ցարերի ու գլխավոր քարտուղարների երկրում առաջին անգամ գերագույն իշխանավորը կենթարկվի իր նախկին սանին: Իրոք դժվար է պատկերացնել Պուտինին նախագահ Մեդվեդեւի ընդունարանում սպասելիս...
Որ Մեդվեդեւը կընտրվի բարձրագույն ղեկավարի պաշտոնում, Ռուսաստանում ոչ ոք չի կասկածում: Պուտինն առաջարկեց, եւ դա լրիվ բավարար է. այդքան գործուն է այդ մարդու հեղինակությունը: Հիմա էլ մասնագետների համար նոր «լուրջ» թեմա է բացվումՙ յոլա կգնա՞ն իրար հետ երկրի երկու տիրակալները: Միեւնույն ժամանակ բոլորի համար պարզ է, որ այնտեղ, որտեղ Պուտինն է, ոչինչ հնարավոր չէ կանխատեսել: Կապրենք-կտեսնենքՙ ասում է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը, ու թերեւս իրավացի է:
Սակայն, ներողություն, մի կանխատեսում, ավելի ճիշտ` առաջարկություն, այնուամենայնիվ իրողություն դարձավ: Երկու տարի առաջ քաղաքականագետ Անդրանիկ Միհրանյանը նշել էր այն «տեխնոլոգիան», որի կիրառման դեպքում Պուտինը կմնար երկրի ամենաազդեցիկ քաղաքական դեմքը: Նա դառնում է կառավարող կուսակցության առաջնորդ, այդ կուսակցությունը հաղթում է պառլամենտական ընտրություններում եւ բացարձակ մեծամասնություն կազմում Դումայում: Այնուհետեւ վերջինս, միանգամայն օրինականորեն, նրան նստեցնում է վարչապետի աթոռին: Պուտինը կարողանում է վերահսկել ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմինը ու նախագահի հակազդեցության դեպքում նրան կանգնեցնում է սահմանադրական փոփոխությունների անցկացման փաստի առաջ (օրինակ, երկրի կառավարումը դարձնել պառլամենտական):
Ոչ ոք չգիտի, Պուտինը հետեւե՞լ է Միհրանյանի խորհրդին, թե՞ վերջինս պարզապես կռահել է իրադարձությունների ընթացքի հավանականությունը: Դա արդեն կարեւոր էլ չէ: Ջուրը լցվեցին Արեւմուտքի բոլոր հույսերը, որ Պուտինը կհեռանա մեծ քաղաքականությունից: Մնաց ու հատկապես ի հակակշիռ ամերիկացիների կշարունակի շտկել մեջքը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին կյանքում ու գործերում:
Ռուսական թերթերը, բնականաբար, լայնորեն պեղում են Դմիտրի Մեդվեդեւի կենսագրության էջերը, հանգամանորեն վերլուծում դրա բոլոր մանրուքները: Մի պարագա, սակայն, արձանագրվում է, բայց չի քննարկվում: Դա նրա կնոջ ազգանունն էՙ Լիննիկ...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա