Հունվարի 1-ից վիզայի համար կվճարեն 131 դոլար
ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարը 2008 թվականի հունվարի 1-ից 100 դոլարի փոխարեն կլինի 131 դոլար: Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը արդեն իսկ տարածված տեղեկությունը հաստատեց Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ռոբին Բյուսեն: Ընդ որում, սա չի վերաբերում միայն Հայաստանին:
Այն դիմորդները, որ մինչեւ հունվարի 1-ը վճարել են 100 դոլար միջնորդավճարը եւ ձեռք են բերել հարցազրույցի պայմանավորվածություն մինչեւ հունվարի 31-ը, որեւէ լրացուցիչ գումար չպետք է վճարեն: Իսկ եթե հարցազրույցի պայմանավորվածությունը հունվարի 31-ից հետոյի համար է, պետք է մինչեւ հարցազրույցը վճարեն տարբերությունը` 31 դոլար:
Վերջին անգամ 2002 թվականին բարձրացված միջնորդավճարը վերանայելու պատճառը նախ ինֆլյացիան է, ապա նաեւ արտոնագրի տրամադրման եւ անվտանգության խստացման առնչությամբ ծախսվող գումարները վերադարձնելու մոտեցումը:
Հյուպատոսի բացատրությամբ, արտոնագիր տրամադրելու աշխատանքների ծախսն ավելի շատ է, քան միջնորդավճարը, հատկապես ներմուծվող նոր մոտեցման հետեւանքով, որի դեպքում արտոնագրի համար դիմողից վերցվում են տասը մատի հետքերը:
Դրանք այնուհետեւ ուղարկվում են հետաքննությունների դաշնային բյուրո, որը գումարներ է գանձում ԱՄՆ պետքարտուղարությունից այդ մատնահետքերը ստուգելու եւ գրանցելու ծառայությունների դիմաց: Ի դեպ, հյուպատոսի վկայությամբ, մատնահետքերի առնչությամբ արտոնագիր ստանալու ժամկետների ոչ նշանակալի երկարաձգում կարող է լինել, քանի որ հետաքննությունների դաշնային բյուրո դրանք ուղարկվում են էլեկտրոնային ճանապարհով:
Կոնկրետ Հայաստանի առնչությամբ հյուպատոս Բյուսեն ներկայացրեց մի շարք թվեր: Մասնավորապես, դեկտեմբերի 18-ի դրությամբ այս տարի ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմել է 10.400 դիմորդ: Այս թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Ընդ որում, դիմորդների առավելագույն թիվ է գրանցվել 1999 թվականին, որից հետո վերջին տարիներին այդ թվի կայունացում է նկատվում:
Արտոնագրի տրամադրման մերժումների կապակցությամբ էլ նախկինում չհրապարակվող տեղեկություններն այսօր բաց են եւ հրապարակվում են www.travel.state.gov կայքէջում: Հայաստանում ԱՄՆ մուտքի արտոնագիր չի ստանում դիմորդների մոտ 61 տոկոսը: Իսկ արդեն ԱՄՆ մեկնածների չվերադառնալու առումով էլ չկա կոնկրետ վիճակագրություն: Ամեն դեպքում, ըստ ԱՄՆ հյուպատոսի, դա լուրջ խնդիր է, թեեւ հսկայական թիվ չի կազմում: Ամսական էլ Մ. Նահանգներից երկու-երեք դեպորտացիայի դեպք է լինում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ