«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


«ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵՆ, ԲԱԽՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»

Համոզված է Ստեփան Դեմիրճյանը

«Այս նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելն էր եւ ակնհայտ է, որ առաջին նախագահի առաջադրվելը լրջորեն անհանգստացնում է վարչախմբին»: Երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը` միաժամանակ ընդգծելով, որ անկախ երրորդ բեւեռի ձեւավորումից հիմնական պայքարը լինելու է իշխանության թեկնածուի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: ՀԺԿ ղեկավարը վստահություն հայտնեց, որ առաջին նախագահը իրական հնարավորություններ ունի հաղթելու, իսկ հանրահավաքներն էլ ցույց են տալիս, որ ժողովուրդն ավելի հակված է իր ձայնը տալու առաջին նախագահին, քան թե իշխանության թեկնածուին:

Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշ հարցերում տարբեր մոտեցումներ ունեն, բայց կան նաեւ քաղաքական մոտեցումներ եւ գնահատականներ, որոնք համահունչ են միմյանց, օրինակ` հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման, երկրում հաստատված կրիմինալ-օլիգարխիկ վարչախմբից ազատվելու, ինչպես նաեւ բիզնեսի եւ իշխանության տարանջատման հարցերը: Առաջին նախագահին սատարող ՀԺԿ ղեկավարն ընդգծեց, թե սուտ են քաղաքացիական պատերազմ հրահրելու Լեւոն Տեր-Պետրոսյանի մտադրության մասին լուրերը. «Դա սադրանք է, միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով ենք բոլոր հարցերը լուծելու մեր երկրում»:

Ստեփան Դեմիրճյանը համոզմունք հայտնեց, որ իրենց թեւին չի բացառվում, որ առաջիկայում նաեւ այլ ուժեր միանան: Ինչ վերաբերում է իշխանական թեկնածուին, նկատեց, որ նրա ռեսուրսները չի կարելի թերագնահատել` վարչական ռեսուրս, «այսպիսի լուսաբանումներ»: ՀԺԿ ղեկավարի խոսքով, կարեւորը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն է, սակայն այսօրվա իրավիճակն այս իմաստով լավատեսություն չի ներշնչում. «Արդեն իսկ տարատեսակ ճնշումներ լինում են, մարդկանց զանգում, կանչում, մշակում են»: Հետընտրական հնարավոր զարգացումների մասով կուսղեկավարը համոզված է. «Եթե իշխանությունը սադրիչ գործողություններ չանի, բախում չի լինի»:

Սոցհարցումների արդյունքներին անդրադառնալով` Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Սոցիոլոգիան մեր երկրում ճշգրիտ գիտություն է` որքան վճարում, այնքան էլ ստանում ես»: Նա վստահ է, որ սոցհարցումները մշտապես ֆոն են ծառայել հետագա կեղծիքների համար, հետո էլ հավելեց, որ նույն հարցումները նաեւ առաջին նախագահի համակիրների աճի միտում ցույց են տալիս: Եթե այդ տեսանկյունից նայենք, Ահարոն Ադիբեկյանի նախօրեի սոցհարցման արդյունքներով իսկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներն ավելացել են` հունվարի 1,3 տոկոսից դառնալով 2,7 տոկոս: Բայց արդյոք սա բավարա՞ր աճ է եւ պահպանվելու դեպքում անգամ նշանակալի փոփոխություն կլինի՞:

Հայ-ռուսական հարաբերությունները, ակումբի հյուրի խոսքով, չեն տուժի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու դեպքում եւ կպահպանվի առաջին նախագահի օրոք եղած հարաբերությունների մակարդակը: Ինչ վերաբերում է Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, Ստեփան Դեմիրճյանը սկզբունքորեն դեմ չէ: «Սկզբունքորեն ես էլ եմ գտնում, որ Թուրքիան լինի Եվրոմիության անդամ, ի վերջո, ինչ խոսք, ո՞րն է ձեռնտու Հայաստանի համարՙ որպեսզի ունենա սահման Եվրոմիության հետ, թե՞ չէ. որպեսզի ունենա բարիդրացիական հարաբերություններ Թուրքիայի հետ, թե՞ չէ: Սա բնականաբար ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության, եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք իրականացվել են ցեղասպանության ճանաչման համար, թե՛ սովետական տարիներին, այն ժամանակ էլ է մեծ գործ արվել, թե՛ հիմա, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Բայց նաեւ գտնում ենք, որ հարաբերությունների կարգավորումը կարելի է սկսել առանց նախապայմանների` բնականաբար սա չի նշանակում, որ օրակարգից պետք է դուրս գա ցեղասպանության ճանաչման հարցը եւ այդ առումով մենք իսկապես բարձր ենք գնահատում սփյուռքի ջանքերը», եզրափակեց ՀԺԿ ղեկավարը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4