«...Բացառապես խոստումնալից երաժիշտ, շլացուցիչ վիրտուոզության եւ ահարկու ուժի տեր կատարող...»
Լոնդոնում կայացած 19-ամյա Բորիս Բերեզովսկու մենահամերգից հետո այսպիսի որակավորում է տվել անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթը:
Բերեզովսկին ծնվել եւ ուսանել է Մոսկվայում, արժանացել Չայկովսկու անվան մրցույթի հաղթողի տիտղոսին եւ ոսկե մեդալին: Իբրեւ մենակատար, ելույթներ է ունեցել աշխարհի ճանաչված համերգասրահներում` առաջատար նվագախմբերի ընկերակցությամբ (դիրիժորներ Կուրտ Մազուր, Չարլզ Դյութոյ, Միխայիլ Պլետնյով): Ձեռք է բերել անսահման խորաթափանցության եւ զգայունության տեր երաժշտի վարկանիշ եւ ճանաչում: Չնայած երիտասարդ տարիքին` շատերը նրան համարում են լեգենդար:
Այս տարի «21-ի հեռանկարներ» ութերորդ երաժշտական միջազգային փառատոնը կեզրափակի ռուս դաշնակահարը: Դասական երաժշտության խնդիրների եւ կայանալիք համերգների մասին երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զրուցեցին դաշնակահար Բորիս Բերեզովսկին եւ «21-ի հեռանկարներ» փառատոնի նախագահ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Դաշնակահարը երբեք Հայաստանում չի եղել, բայց ավելի քան յոթ տարի սիրահարված է Խաչատրյանի երաժշտությանն ու հատկապես դաշնամուրային կոնցերտին:
«Երաժշտությունն ու քաղաքականությունը միմյանց շաղկապված ոլորտներ են: Սակայն Խաչատրյանն այնպիսի գլուխգործոցներ ունի, որ քաղաքականությունն ու մնացած այլ փոթորիկները չեն կարող այն ոչնչացնել: Մոսկվայում երաժիշտների 99 տոկոսը չգիտեն, որ Խաչատրյանն ունի դաշնամուրային կոնցերտ: Դա ամոթալի երեւույթ է: Երբ առաջին անգամ լսեցի Խաչատրյանին, ինձ մոտ առաջացան դրական զգացումներ: Մաեստրոյին շատ եմ գնահատում: Միգուցե կատարումների ժամանակ զգաք ռուսական ակցենտ: Դրանից ձերբազատվել չեմ կարող, բայց նվագում եմ սիրով ու մեծ հաճույքով»:
Բ. Բերեզովսկին ցավով նշում է, թե դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը կորել է. «Դասական լսելը նմանվել է թանգարան հաճախելուն: Նախկինում դասականը կենդանի, ապրող երաժշտություն էր: Շատ երաժիշտներ ունեին ունկնդիրների մեծ ու հավատարիմ բանակ: Հիմա դարձել է թանգարան: Ինձ զգում եմ իբրեւ թանգարանի պահակ, բերել եմ ինչ-որ գլուխգործոց ու երեւի կգան, կլսեն: Այդպես էլ կյանքը անցնում է: Այսպիսի վիճակ է նաեւ իմ գործընկերների մոտ: Պակասել է դասականի հանդեպ հետաքրքրությունը»:
Դաշնակահարի համար էական տարբերություն չկա` նվագելու է փառատոնի, թե համերգի շրջանակներում: «Կարեւորը լավ ունկնդիր լինի ու ես կարողանամ ամբողջությամբ արտահայտել իմ ասելիքը»:
Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Բերեզովսկին կայցելի միայն Ա. Խաչատրյանի տուն-թանգարան: «Առաջին այցելությունն է, բայց հուսով եմ` ոչ վերջինը», ասում է դաշնակահարը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ