«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ

Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Այնուհետեւ նա շարունակում է.

«Թուրքիայում հետեւյալ վերնագրերով լույս տեսան հոդվածներ. «Ճանաչված հայ լրագրող. մեր նպատակն է փոխհատուցում եւ հողեր ստանալ Թուրքիայից» («Հյուրիեթ»), «Սասունյան. մեր նպատակն է հողեր ձեռք բերել Թուրքիայից» («Նյու Անատոլիան»), «Ժամանակը Հայաստանի օգտին չէ» («Թրքիշ դեյլի նյուս»), «Հայերը հողերի եւ փոխհատուցման հետամուտ են» («Աքչամ»), եւ «Հայկական ռազմավարության կոչ» («Ռադիկալ»):

Զարմանալի էր, որ թուրքական լրատվամիջոցները այսքան մեծ տեղ հատկացրին սովորական մի հոդվածի, որը պարզապես առաջարկում էր հայկական ավանդական պահանջների վերադասավորում: Ավելի զարմանալի էր պետքարտուղարության պաշտոնյաների հետաքրքրությունը այս սյունակի վերաբերյալ:*

Թուրք եւ ամերիկացի պաշտոնական այրերը տասնամյակներ շարունակ գիտակցել են, որ հայերը ցեղասպանության «ճանաչում» են պահանջում, «փոխհատուցում»` իրենց կորուստների դիմաց եւ «վերադարձ»` իրենց հողային տարածքների: Իմ հոդվածում ես պարզապես առաջարկում էի, որ հայերն առաջին պահանջից արդեն անցնեն երկրորդին եւ ապա երրորդին: Թուրքերը, լավ գիտակցելով հաջորդական քայլերի առկայությունը, խելամտորեն շարունակում են չընդունել առաջին պահանջը` ճանաչումը, որպեսզի խոչընդոտեն մյուս երկուսի հետապնդմանը:

Իմ նպատակն է հիշեցնել հայերին, որ մեր հիմնական պահանջը երրորդն է, այսինքն` արդարության կիրառումը հանդեպ մի ժողովրդի, որը ոչ միայն կոտորվել է, այլեւ բռնի վտարվել իր պապենական հողերից:

Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդման նպատակով ծախսված ժամանակով եւ եռանդով ձեռք բերված հաջողությունները չպետք է թյուր կարծիք ստեղծեն, որ հայերը հասել են իրենց գերագույն նպատակին: Դա խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Եթե մի օր հանկարծ թուրքական կառավարությունը որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա հայերը կամ նրանցից շատերը կարող են մտածել, որ հասել են իրենց վերջնական նպատակին:

Իրականում այդ ճանաչումը ավելի նպաստավոր է լինելու թուրքերի համար: Նրանք շահելու են ամեն ինչ եւ չեն կորցնելու ոչինչ: Թուրքիայի առաջնորդները ողջույնի խոսքեր ու գովասանքներ են լսելու աշխարհի չորս կողմերից: Նրանց նույնիսկ խաղաղության Նոբելյան մրցանակի կարող են արժանացնել` իրենց չարաբաստիկ անցյալը «խիզախորեն» ընդունելու համար: Թուրքիայի մուտքը Եվրոմիություն անհամեմատ կհեշտանա եւ բոլոր մյուս բնագավառների թերությունները կմոռացվեն: Ավելին, նման ճանաչումն իրավական եւ քաղաքական առումով ոչ մի բացասական հետեւանք չի կարող ունենալ Թուրքիայի համար:

Ահա թե ինչու առաջարկված փոփոխությունը` ճանաչումից արդարության կիրառմանն անցնելը տակնուվրա է արել ամբողջ թուրքական մարտավարությունը, որը կառչած մնում է ժխտողական դիրքերում: Մինչ թուրքական կառավարությունը ցարդ ամենատարբեր միջոցներով (քարոզչական կազմակերպություններին առատորեն վարձատրելով կամ օտար կառավարությունների վրա ճնշում բանեցնելով) կարողացել է հակադրվել ցեղասպանության մեղադրանքներին, նա անզոր ու անօգնական է զգում իրեն հայերի արդարության պահանջների դիմաց:

Թուրք հայտնի քարոզիչ Սեմին Իդիզն, օրինակ, պատասխանելով իմ հոդվածին, փորձել է դարձյալ կառչել արդեն մաշված այն հնարքից, որ Հայաստանն ու սփյուռքը տարբեր մոտեցումներ ունեն Թուրքիայից պահանջատիրության հարցում

Պատասխանելով իմ այն համոզմանը, որ ոչ մի երկրի սահման անփոփոխ չի մնացել պատմության ընթացքում, Իդիզը հակաճառում է, թե Թուրքիայի սահմաններն անփոփոխ են մնացել «հռոմեական ժամանակներից սկսած»: Իրականությունն այն է, որ Թուրքիայի ներկա սահմանները ձեւավորվել են ընդամենը 100 տարուց էլ պակաս ժամանակ առաջ: Իդիզն օգտագործում է մի այլ մաշված հնարք, ասելով, որ իմ հոդվածը «Թուրքիայի կարծրթեւայիններին ավելի կարծրթեւային է դարձնում», որ նրանք առավել անհանդուրժող կարող են դառնալ այն ամենի հանդեպ, ինչը հայկական է:

Վերջապես նշեմ նաեւ, որ որոշ «հաշտեցում» քարոզողներ նյարդայնացած վիճակում էին հայտնվել տեսնելով իրենց ելույթների տեքստերի մեջբերումներն իմ հոդվածում: Ուտկու Դիրիլը հարցնում էր. «Ինչպե՞ս կարելի է հենց այնպես հրապարակել որեւէ մեկի խոսքերը»: Նրան հանգստացրել էր Սեպուհ Ասլանյանը գրելով, որ «Armworkshop» կայքում նման հրապարակումները «հավանաբար ոչ միայն էթիկական, այլեւ իրավական հիմք չունեն»:

Մյուս կողմից, Տիգրան Աբրահամյանը, որ սովորաբար լուռ է մնում եւ չի բարձրաձայնում իր տեսակետները, այս անգամ հարցնում էր, թե ինչու ոչ ոք չէր հակաճառում, երբ թուրքական կարծիքներն էին հայտնվում այդ նույն կայքում, իսկ Սասունյանի դեպքում հոդվածը «դիպավ բոլորի զգայուն թելերին»:

Հատկանշական էր հայտնի գործարար Օսման Կավալայի գրությունը «Armworkshop»-ում: Նա գրել է. «Հնարավոր չէ այդքան հեշտությամբ անտեսել փոխհատուցման խնդիրը: Կարելի է վիճելի համարել, անիրական կամ վնասակար` մարտավարական նախադրյալներին, բայց հստակ է, որ «հողային պահանջի» հետ համեմատած այս մեկը (փոխհատուցումը) անպայման դառնալու է քննարկման նյութ հաշտեցման բանակցությունների ընթացքում»:

Ժամանակն է, որ թուրքական ապատեղեկատվությանը հակադարձելուն զուգահեռ հայերն իրենց կիզակենտրոնում պահեն արդարության կիրառման պահանջը, որը ներառում է ինչպես ունեցվածքի, այնպես էլ հողային փոխհատուցումներ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4