Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում որպես թեկնածու հանդես եկող Բադրիի նախընտրական շտաբը:
Պետական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով միջազգային հետախուզում հայտարարված Պատարկացիշվիլին ազատ վերադառնալու է Թբիլիսի, քանի որ նրա հանդեպ կասկածանքը չի հաստատվել մեկ ամսվա ընթացքում: Իսկ վրացական օրենսդրության համաձայն, նաեւ երկրի դատախազության հայտարարությամբ, այդկերպ վերացել է նաեւ կասկածյալի կարգավիճակը:
Հիշեցնենք, որ Պատարկացիշվիլու թեկնածությունը վրաց Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած Գեորգի Ժվանիան, որ անհայտ հանգամանքներում մահացած վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրն է, հայտարարել էր, թե Պատարկացիշվիլին չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, պարզապես արդեն իսկ ստեղծվել են օրինական պայմաններ` ընտրողների հետ անձնական հանդիպումների համար:
Ա. Հ.