«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը:

Կադրային այս փոփոխությունը բնավ ինքնանպատակ չէ, այլ ժամանակի պահանջ է, մասնավորապես նշել է նախագահը: Հատկանշելով վերջին տարիներին ոստիկանության համակարգում Ա. Ղարամյանի ունեցած անուրանալի ավանդը, Բակո Սահակյանը հատկանշել է վերջինիս կազմակերպչական ունակություններն ու բարձր պատասխանատվությունը վստահված գործի հանդեպ: Նախագահը հույս է հայտնել, որ Արշավիր Ղարամյանի հետագա աշխատանքը դատախազությունում դարձյալ կընդգծվի լավագույն դրսեւորումներով` հանրապետությունում հանցավորության դեմ պայքարն ու իրավակարգի պահպանումը բարձրացնելով նոր մակարդակի վրա:

Բակո Սահակյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Արմեն Զալինյանին, շեշտելով նրա վաստակը ԼՂՀ սահմանադրության մշակման գործում, որի աշխատանքային խմբի ղեկավարն է եղել Ա. Զալինյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ա. Զալինյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական: Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ Ա. Զալինյանի հետ կլինի իրապես արդյունավետ համագործակցություն:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4