«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Նախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավորները, նախարարներ, պետական պաշտոնյաներ: Նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Օրեր առաջ կայացած ԲՀԿ խորհրդի նիստը որոշել էր, որ ընդլայնված քաղխորհրդի նիստի օրակարգում ընդգրկի մեկ հարցՙ ԲՀԿ-ի դիրքորոշումը 2008-ի նախագահական ընտրություններում: Ընթերցվեց խորհրդի նիստում կայացրած որոշումը, որում հստակ ասվում է. «2008-ի փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»: Այնուհետեւ ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց. «Մայիսի 12-ից հետո ԲՀԿ-ն զբաղված է խորհրդարանում շատ լարված աշխատանքով: ԱԺ-ում եւ կառավարությունում մենք աշխատում ենք ՀՀԿ-ի, ինչպես նաեւ ՀՅԴ-ի գործընկերների հետ եւ կարճ ժամանակահատվածում ստեղծվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ մեր միջեւ, որի հիմքում դրված է վստահությունը:

Եվ մենք համոզված ենք, որ այդ միասնական աշխատանքի շնորհիվ, այդ մթնոլորտում հնարավոր է իրականացնել մեր ժողովրդի սպասելիքները»: Անդրադառնալով ԲՀԿ-ի գործունեությանն ու վարկանիշին, նշեց, որ կուսակցությունը հավատարիմ է մնալու իր տված խոսքին, ստորագրած հուշագրին: «ԲՀԿ-ն ամբողջ կազմով պաշտպանելու է,- նշեց պրն Ծառուկյանը,- ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանին եւ աշխատելու է նրա հաղթանակի համար», քանի որ, ըստ ԲՀԿ նախագահի, վերջին քաղաքական վերլուծությունները թույլ են տալիս ասել, որ Ս. Սարգսյանը կարող է լուծել Հայաստանի առջեւ կանգնած բոլոր խնդիրները:

Այնուհետեւ ելույթներ ունեցան ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներՙ Վարդան Վարդանյանը, Արծրուն Ավագյանը, Արամ Իսաբեկյանը, Արմեն Մելիքյանը: Նրանք անդրադարձան Սերժ Սարգսյանի մարդկային եւ գործնական հատկանիշներին, նրա ազգային, պետական, ռազմական ու քաղաքական գործչի գործունեությանը, որն էլ հիմք է ծառայել ընդունել Սերժ Սարգսյանին սատարելու եւ պաշտպանելու որոշում: ԲՀԿ-ն նշում էր, որ «պաշտպանելով Սերժ Սարգսյանին, մենք պաշտպանելու ենք մեր ծրագրերն ու գաղափարները»:

Նիստի ընթացքում ընդունվեց հայտարարություն, որով ԲՀԿ-ն կոչ է անում երկրի բոլոր քաղաքական ուժերին լինել զգոն ու արդար, քաղաքական մրցակցություն ու սկզբունքային բանավեճեր անցկացնել առանց թշնամանքի եւ ատելության քարոզի:

ԲՀԿ-ի նիստին ծավալուն ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ին իրեն սատարելու որոշում ընդունելու համար ու բարձր գնահատեց կուսակցության դերն ու նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման համար:

«Ես կարծում եմ, նշեց վարչապետը, որ մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` հիմքում ունենալով ազգային ավանդույթները եւ կիրառելով համաշխարհային փորձի լավագույն ձեռքբերումները: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ, այն պետք է ճանաչվի որպես մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի հասարակությունն է: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար եւ պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգերով»:

Վարչապետն այնուհետեւ անդրադարձավ ներկայումս կառավարության քաղաքականությանը, որը հստակորեն կարող է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանք: «Ավելի լավ Հայաստան` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար` հայի, ռուսի, եզդիի, քուրդի, հրեայի, ասորիի, հույնի, ուկրաինացու, վրացու եւ ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Մենք պիտի հաստատապես շարժվենք դեպի «ուժեղ եւ ամուր պետություն» մեր տեսլականը: Պետական կառավարումը պիտի արդյունավետ լինի, իսկ երկիրը` մրցունակ: Առաջիկա նախագահական ընտրությունները մեծ կարեւորություն ունեն մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Լավ նախագահական ընտրությունների արդյունքներով մենք պիտի փոխենք այսպիսի ընկալումները, պիտի ապացուցենք, որ սա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է»:

ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ներկա քաղաքական իրավիճակին, նախագահի թեկնածուների արած հայտարարություններին եւ ընդդիմադիրների կողմից իրար վրա ցեխ շպրտելու ոճին: Պրն Սարգսյանը նշեց. «Ես միշտ պատրաստ եմ ե՛ւ բանավիճելու, ե՛ւ քննարկումներ անցկացնելու բոլոր այն գործիչների հետ, ընդդիմադիր, թե իշխանամետ, որոնք կառուցողական են»:

«Ազգի» հարցին, թե վերջերս «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում վարչապետը նշել էր, որ Թուրքիայիՙ ԵՄ-ին անդամակցելու դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, մինչդեռ ԶԼՄ-ների գնահատմամբ, այդ հայտարարությունը թելադրված է եղել ոչ թե սկզբունքով, այլ պահի նպատակահարմարությամբ, ինչպե՞ս է մեկնաբանում այդ հարցը, վարչապետը պատասխանեց. «Դա իրենց պրոբլեմն է: Ես երբեք որեւէ սկզբունքային հարցի մասին իմ կարծիքը չեմ փոխել: Առավել եւս պահի տակ չեմ կարող կարծիք փոխել: Ես որեւէ նոր բան չեմ ասել: Ուղղակի պատեհ առիթն օգտագործել եմ մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր երկրի դիրքորոշումը, որ ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարությունում եւ մեր պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող այլ փաստաթղթերում: Այդ մասին ես ասել եմ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, ով չէր ուզում լսերՙ լչսեց, ով հիմա ուզում է ինչ-որ կերպ մեկնաբանել, թող մեկնաբանի, բայց ասածս ընդամենը մի բան է. որ Հայաստանը եւ Թուրքիան հարեւաններ են, եւ հարեւանները պետք է ունենան բնականոն հարաբերություններ: Եվ վստահ եմ, որ վաղ թե ուշ Անկարայում եւս այս ընկալումը լինելու է, բայց չափազանց կարեւոր է, որ այսպիսի ընկալում լինի Հայաստանում մեծամասնության մեջ: Սա է չափազանց կարեւորը»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4