Հուզումներ, պոռթկումներ առաջիկա ընտրություններում չեն լինի
Հայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության հետ կապի առումով` նկատի ունենալով ժամացույցի միջնամասը:
Գալստյանի դիտարկմամբ, մեր հասարակությունը նախագահական ընտրություններից առաջ պասսիվ է եւ գտնվում է խոր ապատիայի վիճակում: Ընտրությունների առումով էլ ձեւավորվել է մի մշակույթ, երբ, ըստ Գալստյանի, փող է բաժանվում կամ ձայն գնվում` որոշելով հիմնականում աղքատության սահմանից այն կողմ գտնվող ընտրողների վարքագիծը: Որոշները, որոնց որակում են հուսալքվածներ, մտածում են, որ ոչինչ չի փոխվելու` քվեարկեն, թե ոչ:
Ընտրական գործընթացների մեկ այլ յուրահատկություն էլ, Գալստյանի խոսքերով, պայմանականորեն տարանջատվող ընդդիմություն-իշխանություն պայքարի` քաղաքական-գաղափարախոսական դաշտից անձնական հարթություն տեղափոխությունն է, որտեղ երկու կողմերն էլ դիմացինի ոչնչացման հարց են դրել իրենց առաջ: Ընդ որում, կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է, հատկապես որ կողմերը դեռեւս իրենց զինանոցում ունեն մեխանիզմներ, որ կգործադրվեն ընտրարշավում` երկու դաշտերում ակնկալվող վերադասավորությունների հետ:
Ակումբի մյուս հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն էր: Նա եւս համաձայնեց, որ բազմաթիվ ընտրություններից հետո հասարակությունն ապատիայի, տոտալ անտարբերության հոգեվիճակում է: Ինչ-որ չափով դա բնական համարելով` Նալչաջյանը գտնում է, որ դա տրամադրությունների ցիկլային դրսեւորում է, միայն թե հետընտրական շրջանում ապատիայի մեջ հայտնված հասարակությունը չի դուրս գալիս այդ վիճակից, նոր տրամադրություններ չեն խմորվում: Ամեն դեպքում, ապատիան դրական է «սիրահարված» բազմության ֆոնին, իսկ պասսիվությունն էլ ինքնապաշտպանական է, քանի որ նախընտրելի է համարվում առկա կայունությունը:
Ավելին, ըստ հոգեբանի, հուզական բռնկումները հավանական չեն, քանի որ չկա մի թեկնածու, որ մարդկանց զանգվածային շարժում առաջացներ: Նման հավակնություններ կարելի է նկատել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, սակայն, ըստ Նալչաջյանի, նա թերեւս ասպարեզ է մտել հին հիշողություններով, թե ժողովրդի տրամադրությունները կհասցնի հուզական մակարդակի: Իսկ ցույցերին մասնակից հազարների մոտիվները, ըստ հոգեբանի, մաքուր համակրանքի ցուցանիշ համարելը սխալ կլինի:
Ընդհանուր առմամբ, հայ հասարակությունն, ըստ Նալչաջյանի բնութագրման, կոնֆորմիստական` հարմարվողական է, ուստի քարոզարշավում արդյունք կտան ոչ թե հանրահավաքները, այլ նույն կոնֆորմիստական տրամադրությունների շահարկումները:
Ամեն դեպքում, ընտրազանգվածը մի քանի հատված ունի. շատ թեկնածուներ ունեն հավատարիմ էլեկտորատ, կա նաեւ հասարակության ներշնչվող շերտ, որն էլ ընտրական վարքագծի տեսանկյունից անկայուն է. ներշնչվող շերտն էր հետեւում Ստեփան Դեմիրճյանին` ենթագիտակցական նույնացումների հետեւից գնալով: Ընչազուրկ հատվածն էլ, ըստ հոգեբանի կարծիքի, կհամաձայնի թեկուզ չնչին կաշառքներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուների առնչությամբ մասնագետների կարծիքներին, ապա այստեղ էթնոսոցիոլոգն ու հոգեբանը համակարծիք չէին: Մասնավորապես, Նալչաջյանի դիտարկումներով, չկա համոզմունք, թե Սերժ Սարգսյանը պետք է մեծ խախտումներ անի, քանի որ կա երկրում կայունությունը նախընտրող ընտրազանգված:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առնչությամբ Նալչաջյանի մոտեցումը առաջին նախագահի անձի շուրջը միֆի ստեղծման ձգտումն է: Ըստ հոգեբանի, Տեր-Պետրոսյանը կորցրել է իր խարիզման, իսկ նրա տարիներ տեւած լռությունը թատերականացված էր, որի այսօրյա դրսեւորումները հասցեատեր չունեն: Ընդ որում, հոգեբան Նալչաջյանը գտնում է, որ հասարակության, հատկապես ինտելեկտուալ հատվածի հիշողությունը բնավ էլ մոռացությամբ չի բնութագրվում: Իսկ հիմնական ընտրազանգվածն առաջին նախագահի ընչազուրկն է եւ ընդհանրապես մարդիկ, որ, ըստ իրենց, կորցնելու ոչինչ չունեն:
Էթնոսոցիոլոգ Գալստյանը համաձայն չէ այս մոտեցմանը, քանի որ, վերջինի կարծիքով, առաջին նախագահին ընտրելու մոտեցում կարող է դրսեւորել նաեւ ինտելեկտուալ զանգվածը, ընդ որում, Տեր-Պետրոսյանը կարծես փորձում է իր վրա վերցնել արդար ընտրությունների ապահովման դերակատարման գործառույթը: Ավելին, ըստ Գալստյանի, Լ. Տեր-Պետրոսյանի գործունեությունը նաեւ «ինֆորմացիոն բլոկադայի» հաղթահարմանն է ուղղված:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ