«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»

Պարզաբանում է Արամ Գ. Սարգսյանը

Քաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ներկայացրեց իր դիրքորոշումներն ու կարծիքը նախընտրական երկխոսությունների եւ զարգացումների վերաբերյալ:

ՀԴԿ առաջնորդը նշում է, թե մասնակցել է երեք նախագահական ընտրությունների, բայց այսօրինակ քարոզչություն եւ հակաքարոզչություն չի տեսել թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիր բանակի կողմից: Արամ Գ. Սարգսյանին հատկապես վրդովեցրել է Վազգեն Մանուկյանի հետ կապված միջադեպը: «Հասկանում եմ, Վազգենը ստոր մարդ չէ ու չի պատասխանի ստորությամբ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին չսատարի, Աստված գիտե, թե նրան ինչ է սպասում»:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը պարզաբանում է, թե ինչու 2008-ի նախագահի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրել: «Համակարգը, որ գործել է, այս տարիների ընթացքում չի փոխվել: Հրաժարվեցինք: Պետք է շրջապտույտ կատարեինք: Ոչինչ չէր փոխվի: Մի քիչ ավելի լավ կամ վատ, բայց նույնն է լինելու: Եթե համակարգային փոփոխություններ չկան` անիմաստ է գնալ այդ շրջապտույտին»: Նաեւ հավելում է, թե ինքն ու իր կուսակցությունը դեռեւս չեն որոշել, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ում շահերն են պաշտպանելու: Այդ հարցը ՀԴԿ-ն քննարկելու է հունվարի վերջին: «Կարող է պատահի, որ ոչ ոքի չսատարեն: Բայց մի բան հաստատ է. ՀԴԿ-ն ոչ մի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանին չի սատարի: Մնացած բոլոր հարցերը բացառված չեն»:

ՀԴԿ-ն կպաշտպանի Ս. Սարգսյանի շահերը միայն այն դեպքում, եթե «գործնական քայլերով հաստատի, համոզի, որ հաստատուն քայլերով է գնում համակարգային բարեփոխումների»: Արամ Գ. Սարգսյանը հավաստիացնում է, թե «իրենք որեւէ խաղ չեն խաղում ու չեն նմանվի որոշ քաղաքական ուժերի»:

ՀԴԿ առաջնորդը նշում է, թե ժողովուրդը զզվել է միմյանց հասցեին ցեխ շպրտոցից, «սեւ փիարից» ու իշխանությունների հանկարծակի ստուգումներից: «Մի տարի առաջ չէի՞ն կարող ստուգումներ անել»: Պնդելով, թե բնակչության 80 տոկոսը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, Արամ Գ. Սարգսյանը համոզված չէ, որ Հայաստանի նախագահն ընտրվելու է երկրորդ փուլից ու տալիս է այն քաղաքական գործիչների անունները, ովքեր, ըստ նրա, նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդներն են:

«Իշխանական ռեսուրսը կա եւ Սերժ Սարգսյանն առաջատար է: Որքանով է ռեալ նրա ռեյտինգը` պարզ չէ, բայց առաջատար է: Կան ընդդիմադիր գործիչներ, որ զիջում են առաջատարին, բայց ունեն լավ ռեսուրսներ: Լայն հնարավորություններ ունեն Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը: Աճ է ունենալու Վազգեն Մանուկյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ յուրահատուկ վիճակ է: Հասարակության մեջ ովքեր նրան սիրում են` հակառակը համոզել չի լինի, ովքեր, մեղմ ասած, չեն սիրում` էլի հակառակն անել չի լինի: Երեքից հինգ տոկոս, ավելին, կարծում եմ, չի ունենա: Նրա նկատմամբ կա հատուկ վերաբերմունք»:

ՀՀՇ-ի հանրահավաքների ու առաջին նախագահի գործունեության մասին խոսելիս հայտարարում է, որ ինքն ու իր կուսակցությունը շատ լավ են հիշում, թե 20 տարի առաջ ինչպիսի պետություն էր նախկին Խորհրդային Հայաստանը:

«Թո՛ղ դրանով չփորձեն արդարանալ: Եթե ասեին` մենք վատ վիճակում ընդունեցինք երկիրը, շրջափակում էր, պատերազմ, բայց արեցինք սա՛, կհասկանայինք: Մարդ պետք է խիզախություն ունենա պատասխանելու իր արածների համար»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4