«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)

«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված մեր նախորդՙ 01.11.07-ի հոդվածում ներկայացրել էինք չորս թեկնածուիՙ Լ. Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի, Վ. Հովհաննիսյանի եւ Ա. Բաղդասարյանիՙ սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը իրականացրած ընտրարշավի, մեր կարծիքով, հաջողված եւ չհաջողված քայլերը: Այդ օրվանից անցել է մոտ երկու ամիս, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում գնահատելու այդ նույն թեկնածուներիՙ հոկտեմբերի 26-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում իրականացրած ընտրարշավի, ըստ մեզ, կրկին հաջողված եւ չհաջողված քայլերը:

Նախ նշենք, որ նախորդ հոդվածում թեկնածուներին բաժանել էինք երկու խմբիՙ ուժեղ եւ թույլ: Սակայն վերոնշյալ ժամանակահատվածում հիշյալ թեկնածուների կատարած եւ չկատարած աշխատանքները հստակեցրին տվյալ խմբի թեկնածուների կարգավիճակները, մասնավորապես թեկնածուներից միայն երկուսըՙ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը, մեր կարծիքով, պահպանեցին իրենց դիրքերը, իսկ Վ. Հովհաննիսյանը եւ Ա. Բաղդասարյանը արդեն էապես զիջում են այս թեկնածուներին, միաժամանակ գերազանցում թույլ խմբի թեկնածուներին: Այսպիսով, ըստ մեզ, թեկնածուներին կարելի է բաժանել երեք խմբիՙ Iուժեղՙ Ս. Սարգսյան եւ Լ. Տեր-Պետրոսյան, Iմիջինՙ Վ. Հովհաննիսյան եւ Ա. Բաղդասարյան, թույլՙ մնացած բոլոր թեկնածուները: Վերջին խմբին առայժմ չենք անդրադառնում:

Ուժեղ խումբ

I. Լ. Տեր-Պետրոսյան - հաջողված քայլեր: Մինչեւ հոկտեմբերի 26-ի հանրահավաքը այս թեկնածուին հաջողվեց տեղեկատվական գերազանց առիթների (սեպտեմբերի 21-ի ելույթ, հանդիպում ՀՅԴ-ի հետ, այց ԼՂՀ, համակիրներին ձերբակալումից «ազատում») շնորհիվ ամրապնդվել լրատվադաշտի «կենտրոնում»: Այս թեկնածուի ընտրարշավի 2-րդ փուլը, կարելի է ասել, սկսվեց հոկտեմբերի 26-ի հանրահավաքով, որի ժամանակ շնորհիվ Լ. Տեր-Պետրոսյանի գիտավերլուծական ելույթի, վերջինիս ընտրարշավի կազմակերպիչները կատարեցին այս թեկնածուին համապատասխանող «խելոք» նոմինացիոն կերպարի ձեւավորման առաջին քայլը: Ինչպես եւ ենթադրում էինք, հոկտեմբերի 26-ին հաջորդած հանրահավաքներում (նոյեմբերի 16 եւ դեկտեմբերի 8) այս թեկնածուի ելույթներն ավելի ու ավելի ընդգծեցին Լ. Տեր-Պետրոսյանի ընտրած նոմինացիոն կերպարը: Միաժամանակ, սույն թեկնածուն այս ելույթները դարձնելով տեղեկատվական առիթներ, հաջողացրեց մնալ լրատվադաշտի «կենտրոնում»: Այս պարագայում բնավ կարեւոր չէր, թե ինչպիսի մոտեցում էին դրսեւորում իշխանամետ կամ ընդդիմադիր լրատվամիջոցներն այդ ելույթների նկատմամբՙ քննադատում, թե գովերգում էին: Կարեւորն այն հանգամանքն էր, որ այդ ելույթները գտնվում էին այդ երկու դաշտերի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այսպիսով, այս թեկնածուի ընտրարշավի ռազմավարությանՙ կերպարի միջուկի ձեւավորման հարցը, կարելի է համարել լուծված:

Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ հաջողված քայլը եղավ այն, որ նա, շնորհիվ իր նկատմամբ իշխանությունների իրականացրած «խիստ նուրբ» քաղաքականության (հատկապես եթե նկատի ունենանք կիրակնօրյա «Հայլուրները»), էլեկտորատի գիտակցության մեջ ամրապնդեց իշխանության թեկնածուի հիմնական մրցակցի իր կերպարը (այս հարցին կանդրադառնանք մի փոքր ուշ):

Հաջողված քայլերին զուգահեռ, այս թեկնածուն ունեցավ նաեւ անհաջողություններ:

ա) Չնայած թեկնածուին հաջողվեց ձեւավորել իր կերպարի միջուկը, սակայն ընդլայնել այդ կերպարը այլ նոմինացիաներովՙ «ուժեղ», «պայքարող» եւ այլն, չհաջողվեց: Ավելին, վերջին հանրահավաքի ժամանակ վերջինիս ելույթում հնչած որոշ արտահայտություններ (կենդանակերպի նշանի տակ ծնված, Փանահ խանի եւ Մելիք-Շահնազարի հետնորդներ եւ այլն), ոչ միայն չեն ընդարձակում կերպարի միջուկը, այլեւՙ արտահայտությունները կրկնելու դեպքում, կարող են դիսոնանս առաջացնել էլեկտորատի գիտակցության մեջ եւ «կոտրել» բուն կերպարը: «Խելոք» եւ «ուժեղ» կերպարը մրցակցին վարկաբեկելու քաղաքականություն չպետք է իրականացնի, նման կերպարը թույլ չպետք է տա, որ տարատեսակ էկզոտիկ «գործիչներ» («մարքսիստներ», ոչինչ չասողՙ «դատարկ» կուսակցությունների առաջնորդներ եւ այլն) իր հետ հանրահավաքի բեմահարթակ դուրս գան:

բ) Անդրադառնանք հանրահավաքներին. դրանք, որպես էլեկտորատի վրա ուղղակի ազդող զանգվածային-կազմակերպչական միջոցառումներ, ունեն իրենց նշանակությունը:

1) Համապատասխան տեխնոլոգիաների միջոցով «անջատել» հանրահավաքի եկած մարդկանց գիտակցությունըՙ դատելու ունակությունը (դարձնել նրանց ամբոխ), մասնակիցներին լիցքավորել դրական զգացմունքներով եւ դրդել նրանց քաղաքական ակտիվ գործողության, մասնավորապեսՙ քվեարկել տվյալ թեկնածուի օգտին: Այս իսկ պատճառով, ընտրարշավի կազմակերպման կանոններին քիչ թե շատ տիրապետող մասնագետը հանրահավաք է անցկացնում քվեարկությունից մի քանի օր առաջ (խոսքը վերաբերում է հենց Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին եւ ոչ թե հանրահավաքների անցկացմանը ընդհանրապես): Իսկ եթե այս վայրում հանրահավաքները բազմիցս կրկնվում են, ապա դրանք կորցնում են իրենց իմաստը եւ չեն ծառայում բուն նպատակին: Մեր կարծիքով, այս թեկնածուն արդեն չարաշահում է հանրահավաքի անցկացման չափը:

2) Հանրահավաքը ունի նաեւ մեկ այլ կարեւոր իմաստ. որպես PR տեխնոլոգիա, դրանով ներազդում են ողջ էլեկտորատի վրա: Կարող ենք միայն փաստել, որ, մեր կարծիքով, այս թեկնածուին չհաջողվեց լիարժեք «օգտագործել» հանրահավաքի վերոնշյալ 2 իմաստները.

գ) DVD սկավառակների թողարկումը. հետաքրքրական է, այս թեկնածուի ընտրարշավի կազմակերպիչները գիտե՞ն, թե էլեկտորատի (հատկապեսՙ գյուղաբնակ) որ մասն է ի վիճակի օգտվելու DVD-ից: Ըստ մեզ, Հայաստանի պայմաններում սա ֆինանսական ռեսուրսի անիմաստ վատնում է: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր նույն տեղեկատվությունը բուկլետների միջոցով բաժանել, քանզի DVD-ից օգտվողների տոկոսը չգիտեմ, բայց որ բոլորը կարդալ գիտենՙ վստահ եմ:

II. Ս. Սարգսյան: Հաշվի առնելով այս թեկնածուի անձնային հատկանիշները եւ անցած կյանքի ուղին, ենթադրում էինք, որ սույն թեկնածուի ընտրարշավի ռազմավարության հիմքում պետք է դրված լիներ իրեն համապատասխանող «ուժեղ» նոմինացիոն կերպարի «խաղարկումը», ինչպես նաեւ մի քանի այլ նոմինացիաներով սեփական կերպարի ընդարձակումը: Սակայն, ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը, այս թեկնածուն իրականացնում է ԱՊՀ երկրների իշխանական թեկնածուներին բնորոշ ընտրարշավ, որի հիմքում դրված է վարչական ռեսուրսի կիրառումը: Չմանրամասնելով վարչական ռեսուրսի կիրառման հարցը ընտրարշավի ժամանակ (այս հարցը չի գտնվում մեր ուշադրության կենտրոնում), նշենք միայն, որ սույն թեկնածուն իր հիմնական մրցակցիՙ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացնում է «վարչական մոտեցում» մոդելի «ուժային» կոչվող ոճը: Այս ոճը ունի կիրառման իր մեթոդները եւ սկզբունքները, մասնավորապեսՙ մրցակցին տեղեկատվական տոտալ շրջափակման ենթարկելը, մրցակցի, նրան լուսաբանած հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների վրա ուժային ճնշում կիրառելը (ընդհուպ այդ լրատվամիջոցին լիցենզիայից զրկելը) եւ այլն: Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով չենք անդրադառնա ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման հարցին: Այստեղ մեզ հետաքրքրում է մեկ այլ հարց, ինչո՞ւ է հենց այս թեկնածուիՙ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ կիրառվում «ուժային» ոճը: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել ընտրարշավների առաջին եւ երկրորդ փուլերի տարբերություններին. առաջին փուլում ունեցիր շատ բարեկամներՙ մեծ էլեկտորատ, իսկ երկրորդ փուլումՙ քիչ թշնամիներՙ փոքր հակաէլեկտորատ (էլեկտորատ, որը ոչ մի դեպքում չի քվեարկի իր համար անընդունելի թեկնածուի օգտին, ավելին, հակաէլեկտորատը պատրաստ է ամենաակտիվ ձեւով պաշտպանել իր համար անընդունելի թեկնածուի մրցակցին): Ահա, Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի երկրորդ փուլ դուրս գալու դեպքում, առաջինի դեմ պայքարելու է այսպես կոչված «ցուրտ ու մութ» տարիներից դժգոհ հակաէլեկտորատը, իսկ երկրորդ թեկնածուի դեմ է այսպես կոչված «հակաղարաբաղցի» էլեկտորատը: Այս հարցը ունի նաեւ մի նրբություն. այս հակաէլեկտորատը («հակաղարաբաղցի») իրեն ակտիվ եւ լիարժեք կդրսեւորի միայն այն դեպքում, եթե հանձին Ս. Սարգսյանի մրցակցի տեսնի այն թեկնածուին, ով իրոք մեծ հնարավորություն ունի հաղթելու Ս. Սարգսյանին: Մնացած բոլոր դեպքերում (եթե այլ թեկնածու անցնի 2-րդ փուլ), մեր կարծիքով, այս հակաէլեկտորատը դրսեւորելու է պասսիվություն: Իհարկե, այսօր դեռեւս դժվար է ասել, թե ում հակաէլեկտորատն է ավելի մեծ եւ ագրեսիվ (դա կարող է ցույց տալ միայն սոցիոլոգիական հարցումը):

Լ. Տեր-Պետրոսյանին 2-րդ փուլում տեսնել չցանկանալը ունի նաեւ այլ պատճառ: Սույն թեկնածուի 2-րդ փուլ դուրս գալու դեպքում վարչակառավարչական աշխատակազմում ընդգրկված ՀՀԿ-ականների մեջ առաջանալու է մեկ կարեւոր հարց. պաշտպանել կուսակցական առաջնորդին, թե՞, զգուշանալով Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր հաղթանակից, ենթարկվել սեփական պաշտոնը «ամեն գնով պահելու» ինքնապաշտպանական բնազդին: Ծանոթ լինելով վերջին 15 տարվա ընթացքում ՀՀ, հատկապես վարչակառավարչական աշխատակազմում ընդգրկված կուսակցականների (նշանակություն չունի, թե կոնկրետ որ կուսակցության) գաղափարական «ամրությանը», դժվար չէ կռահել, թե որ հարցին (գաղափա՞ր, թե՞ «աթոռ») գերապատվություն կտան ՀՀԿ անդամները, ում հետ եւ ինչպիսի բանակցություններ կսկսեն (իհարկե, ոչ բացահայտ):

Ելնելով այս երկու պատճառներից (հակաէլեկտորատ եւ գաղափարաքաղաքականապես անվստահելի), ենթադրում ենք, որ սույն թեկնածուն շարունակելու է ուժեղացնել ճնշումներն իր հիմնական մրցակցի նկատմամբ, ձգտելով թույլ չտալ հենց Լ. Տեր-Պետրոսյանի մուտքը 2-րդ փուլ: Մնացած բոլոր թեկնածուների 2-րդ փուլ անցնելու դեպքում այս թեկնածուի ոճը «ուժայինից» փոխվելու է «խաղայինի» (այսինքնՙ հաղթանակ միավորներով), քանզի մնացած բոլոր թեկնածուները թույլ են Ս. Սարգսյանից:

Ամփոփելով Ս. Սարգսյանին վերաբերող մասը, նշենք, որ այս թեկնածուն երեւի մեծ հնարավորություններ կունենար հենց մեկ անգամից հաղթելու, եթե գնար ոչ թե վարչական ռեսուրսի կիրառման, այլ դասական ընտրարշավ մղելու ճանապարհով: Սակայն սխալն արդեն կատարվել է եւ դա ուղղելըՙ վարչականից դասականին անցնելը, ծանրագույն դժվարություն է ներկայացնում:

Միջին խումբ

I. Վ. Հովհաննիսյան: Մեր կարծիքով, այս թեկնածուն պետք է փորձեր «խաղարկել» «ուժեղ» նոմինացիոն կերպար, սակայն ՀՅԴ թեկնածուն այդպես էլ չհրաժարվեց իր անձի եւ ՀՅԴ-ի «նույնականացումից»: ՀՅԴ-ն այս ժամանակահատվածում կիրառեց մի նորույթ, որը հայտնի է որպես նախնական ընտրություններ (փրայմերիզ): Սակայն որքանո՞վ էին դրանք արդյունավետ: Արտասահմանում (հատկապես ԱՄՆ-ում) կուսակցական կառույցներից առաջադրվող թեկնածուները, մասնակցելով նախնական ընտրություններին, ձգտում են հասնել հետեւյալ նպատակներին. ընդգծել սեփական կերպարի գերադասելիությունը կուսակից մրցակցի կերպարից: Վ. Հովհաննիսյան-Ա. Ռուստամյան զույգը այդ հիմնարար սկզբունքը չպաշտպանեց. չերեւաց, թե ինչով է առավել Վ. Հովհաննիսյանը Ա. Ռուստամյանից: Այս պարագայում հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ուներ այդ փրայմերիզը, եթե չընդգծեց այդ երկու թեկնածուների տարբերությունը եւ համակողմանի չներկայացրեց Վ. Հովհաննիսյանի կերպարը: Ըստ էության, Վ. Հովհաննիսյանը անարդյունավետ օգտագործեց թե՛ այդ գործընթացը, թե՛ այդ գործընթացին հատկացված ժամանակը (ընտրարշավի կարեւորագույն ռեսուրսներից մեկը): Ընտրարշավը նման ձեւով շարունակելու դեպքում սույն թեկնածուն կստանա ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ստացած քվեներից ավելի քիչ, առավել եւս, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի հիմնական լոզունգըՙ «Բարձրացնենք թոշակները» (նաեւ ինչը ապահովեց ՀՅԴ-ին բազմաթիվ քվեներ), արդեն իրականացնում է Ս. Սարգսյանի կառավարությունը:

II. Ա. Բաղդասարյան: Վերոնշյալ ժամանակահատվածում սույն թեկնածուն այդպես էլ աչքի չընկավ հաջողություններով: Սակայն, մեր կարծիքով, այս թեկնածուին վերագրված է այլ դեր: Հայ հասարակությունը մի քանի անգամ վկա է եղել ՀՀ իշխանությունների արտահայտած այն մտքին, թե ընդդիմադիր դաշտում կա Լ. Տեր-Պետրոսյանից առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժ, ով ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր ընդդիմադիրներից ավելի շատ քվե է ստացել: Չմանրամասնելով խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների տարբերությունը (այս հարցը չի գտնվում մեր ուսումնասիրության շրջանակում), նշենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակած ուժի թեկնածուն միշտ չէ, որ հաղթում է նաեւ նախագահական ընտրություններում (կամ դուրս է գալիս 2-րդ փուլ): Որպես ապացույց բերենք մի քանի օրինակ. 1) 1995-ի դեկտեմբերին ՌԴ Դումայի ընտրություններում առավելագույն քվեներ ստացած ՌԿԿ-ի թեկնածու Գ. Զյուգանովը ընդամենը 6 ամիս հետոՙ 1996-ի հուլիսին, պարտվեց Բ. Ելցինին, որը 1995-ի դեկտեմբերին ուներ մոտ 3 տոկոս վարկանիշ, 2) Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության շնորհիվ նախագահ ընտրված Յուշչենկոյի կուսակցությունըՙ «Մեր Ուկրաինան» հեղափոխությունից հետո կայացած Ռադայի 2 ընտրություններում էլ զբաղեցրեց 3-րդ տեղը: Վերոնշյալից ելնելով կարող ենք փաստել, որ 2007-ի մայիսյան ընտրությունների ժամանակ բավականին քվե ստանալու հանգամանքը բնավ չի ենթադրում, թե ՕԵԿ առաջնորդը պարտադիր հայտնվելու է 2-րդ փուլում, իհարկե, եթե վերջինիս մեծապես «չօգնեն»: Ա. Բաղդասարյանի անգամ 2-րդ փուլ անցնելու դեպքում չենք կարծում, թե նա լուրջ ուշադրության արժանանա Ս. Սարգսյանի հակաէլեկտորատի եւ վարչակառավարչական ապարատի կողմից: Իսկ որ նա 2-րդ փուլում անպայման կպարտվի Ս. Սարգսյանին, մեր կարծիքով, կասկած չի հարուցում, քանզի Ս. Սարգսյանը միանշանակ ուժեղ է Ա. Բաղդասարյանից:

Առայժմ այսքանը:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4