«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Վուխրերը: Նրանք նախ ներկայացրին իրենց համայնքի գործունեությունն ու առաջիկա անելիքները, իսկ հետո անդրադարձան նախագահական ընտրություններին իրենց դիրքորոշմանը: Տիկին Գասպարյանը հատուկ նշեց, որ Հայաստանի իշխանությունների` իրենց համայնքի հանդեպ ուշադրության ու վերաբերմունքի արդյունքում այսօր 4 դպրոցների 1-10-րդ դասարաններում ուսուցանվում է ասորերեն լեզուն, տպագրվում են գրքեր, այբբենարան: Ասորիները իրենց համարում են Հայաստանի լիարժեք քաղաքացիներ եւ միաձայն ընդունել են որոշում` նախագահական ընտրությունների ընթացքում պաշտպանելու են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իսկ Վիկտոր Վուխրերը պարզապես մաղթեց Հայաստանին տնտեսական աճի վերելք ու նշեց. «Ով էլ լինի ընտրված, մաղթում ենք հաջողություններ միջազգային հարաբերություններում»:

«Ազգը» տկն Գասպարյանից փորձեց տեղեկանալ, թե ասորական ֆեդերացիան ինչ դիրքորոշում ունի Իրաքում ասորիների ցեղասպանությունը կանխելու համար, որին արդեն մեր թերթը երկու անգամ անդրադարձել է: «Խայաթան» նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրել է ու ստորագրել համաշխարհային ասորական կազմակերպության ընդունած փաստաթուղթը: Կոպիտ հաշվարկներով` այսօր մեկ միլիոն 300-400 հազար ասորիներ են բնակվում Իրաքում եւ նրանց միակ նպատակն է ստանալ ինքնավարության կարգավիճակ եւ շարունակում են քրդերի հետ միությունը, որոնք պայքարում են հանուն անկախ պետության: Հայաստանում բնակվող ասորիները այնքան էլ չեն հավատում դրան, բայց չեն էլ ցանկանում որեւէ կոնֆլիկտի մեջ մտնել այնտեղի քրդերի հետ: Ասաց, որ Ամերիկայում ապրող ասորիները հանդիպել են ԱՄՆ-ի ղեկավարների ու Եվրոպական ասորական կազմակերպության հետ եւ նշել են, որ ցանկանում են ինքնավարություն «Ազատ Քրդստանի» ներսում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4