Շահագործման հանձնվեցին Մալաթիա-Սեբաստիայում եւ Դավթաշենում
Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում շահագործման հանձնված երեք 10 հարկանի եւ Դավթաշենում մեկ 12 հարկանի շենքերում:
Վաղ առավոտից տոնական տրամադրություն էր տիրում Մալաթիա-Սեբաստիա համայնքի նորակառույց շենքերի բակում: Վթարային շենքերից այստեղ վերաբնակեցված հարյուրավոր բնակիչներ սպասում էին հանդիսավոր արարողությանը, որին մասնակցեցին եւ բնակիչների շնորհակալություններին արժանացան Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Հավաքվածների առջեւ ունեցած իր ելույթում Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տալու տարբերակը կառավարությունը հիմք է ընդունել 2005-ից: Այդ երկու տարվա ընթացքում կառուցվել է 2 շենք 179 բնակարաններով: Երեկ կառուցված 4 շենքերից Մալաթիա-Սեբաստիայում կառուցված երեք շենքերն ունեն 50-ական բնակարաններ, իսկ Դավթաշենում կառուցվածըՙ 60 բնակարան: Այսինքն, ինչպես նշեց Երեւանի քաղաքապետը, 210 ընտանիքներ ստացան նոր բնակարաններ: Դրանով փաստորեն 2005 -ից մինչեւ երեկ վթարային շենքերից նորակառույց շենքեր տեղափոխված ընտանիքների թիվը մոտեցավ 400-ի: Ըստ Երվանդ Զախարյանի, կառավարության կողմից պետական բյուջեից այս տարի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար հատկացվել է 2 մլրդ 800 մլն դրամ: Իր ելույթում քաղաքապետը հավաստիացրեց, որ 2008-ին եւս այս գործընթացը կշարունակվի: Նա հայտնեց, որ կա վարչապետի հանձնարարականըՙ կառուցել այնքան շենքեր, մինչեւ ամբողջությամբ բավարարվեն 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների պահանջները: «Դա տեղի կունենա առաջիկա 2-3 տարվա ընթացքում», ելույթի վերջում հավաստիացրեց Երվանդ Զախարյանը:
Այնուհետեւ վարչապետն ու Երեւանի քաղաքապետը շրջեցին նորակառույց բնակարաններում եւ շնորհավորեցին դրանց սեփականատեր դարձած բնակիչներին:
Ա. Մ.