«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

Երեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ծավալները, աջակցել տեղեկատվական հասարակության կայացմանը եւ նպաստել Հայաստանի տնտեսական վարկանիշի բարձրացմանը:

«Մեր համագործակցությունը գործակալության հետ տարիների պատմություն ունի: Հուշագրով խնդիրներ ենք դնում միասնաբար լուծելու: Հինգ-վեց տարվա համատեղ աշխատանքից հետո` հենվելով ավելի խորքային հարցերի վրա, բարձրացնում ենք մեր էֆեկտիվությունը: Գործակալությունը տարածաշրջանում նմանատիպ ընկերություններից ամենակայացած կառույցներից մեկն է: Հատկապես մեծ գործարարները կարեւորում են գործակալության օգնությունը արտաքին շուկայի մասին լրատվություն ստանալու, գործընկերներ ստանալու եւ ներդնողներին հայկական շուկա բերելու հարցում: 2008-2010 հատվածը, որ հուշագրում նշել ենք, գործակալության հետ շուկաներում միասնական մարկետինգ իրականացնելն է: Կարծես թե ոլորտում մեր ընկերությունները որոշակի փորձ, արդյունք ունեն: Բայց դա քիչ է մասնակիցների առումով, երբ խոսում ենք եվրոպական շուկայի մասին», ասում է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

ԶՀԳ գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանն էլ ամփոփեց իր պաշտոնավարման հարյուրերորդ օրվա արդյունքները: Ըստ նրա, 2007-ը լավ արդյունքների տարի լինելով` հնարավորություն է տալու 2008-ին շարունակելու այն աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարիներին. «Եվ դա բնական է, որովհետեւ մեր խնդիրն է հիմնականում շարունակել աշխատանքը եւ ապահովել զարգացման հայկական գործակալության աշխատանքների շարունակականությունը: Վերջին երեք ամիսների ընթացքում հիմնականում աշխատանքները շարունակվում էին այն միջոցառումների ժամանակահատվածում, երբ դրանք ստացան շարունակական բնույթ. բիզնես հանդիպումներ, բիզնես ֆորումներ, գործարար այցեր: Երկրորդ հատվածը մեր համագործակցությունն էր միջազգային կազմակերպությունների հետ` հիմնականում Համաշխարհային բանկի եւ մի շարք այլ կառույցների հետ, որոնք շատ արդյունավետ էին: Երրորդ ուղղությունը զուտ կազմակերպչական աշխատանքներն էին, որոնք գործակալությունը իրականացնում էր: Վերջին երեք ամսվա ընթացքում կառանձնացնեի հայ-բելգիական համաժողովները Բրյուսելում եւ Հայաստանում, որոնք կունենան տրամաբանական շարունակություն հաջորդ տարվա ընթացքում: Նաեւ հայ-սլովակյան բիզնես հանդիպումը, որը առաջին անգամ Սլովակիա-Հայաստան-Արցախ ձեւաչափով էր եւ փորձելու ենք այդ մոտեցումները շարունակել առաջիկայում»:

Տիգրան Դավթյանը նշեց նաեւ Մարսելի պատվիրակության այցը Հայաստան, Ֆինլանդիայում նախագահի այցի շրջանակներում հայ-ֆիննական գործնական հանդիպումները, որոնք շարունակվելու են նաեւ հաջորդ տարվա ընթացքում:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապահովելու ՀՀ մասնակցությունը «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԶՀԳ-ն, որպես ցուցահանդեսի ազգային օպերատոր, սերտ համագործակցում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ, որը համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարն է: Գործակալությունը կընդլայնի համագործակցությունը հանրաճանաչ միջազգային լրատվական միջոցների (CNN, CNN traveler, EuroNews, USToday, Economist) հետ, կվարի բանակցություններ, կտրամադրի տեղեկատվություն եւ պատվերներ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4