«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական ընկերությունները հումք կստանան ռուսական «Ալռոսայից»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունիցՙ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունըՙ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» եւ «Յուկոս» ընկերությունները: Այդ ընկերությունների անունները երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի եւ «Ալռոսա» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ասուլիսին մասնակցող DCA ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանը:

Բացելով մամուլի ասուլիսը, «Ալռոսայի» նախագահը ներկաներին հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության եւ իր գլխավորած ընկերության միջեւ ադամանդների վերամշակման ոլորտում համագործակցության պայմանագիրը կնքվել է այս տարվա օգոստոսի 6-ին: Նոր տարվա նախաշեմին այդ պայմանագիրը փաստորեն սկսեց գործելՙ Հայաստան հասավ ռուսական ալմաստների առաջին խմբաքանակըՙ մոտ 1 մլն դոլար արժողությամբ:

Ինչպես հայտնեց «Ալռոսա» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը, ռուսական ընկերության մասնագետներն ուսումնասիրել են հայկական 22 ձեռնարկություններՙ պարզելու համար, թե դրանցից որոնք են պատրաստ իրենց հետ աշխատելու: Ընտրվել են վերեւում հիշատակված 4 ընկերությունները, որոնք «ունակ են վստահորեն զարգացնելու բիզնեսը»: Ընկերության փոխնախագահը հայտնեց նաեւ, որ եկող տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստան բերել 28-30 մլն դոլար արժողությամբ հումք եւ եւս մեկ անգամ քննարկել համագործակցության զարգացման հնարավորություններն արդեն հաջորդՙ 2009 թվականի համար:

Ներսես Երիցյանը հույս հայտնեց, որ «Ալռոսայի» հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ այլ ոլորտներում: Մասնավորապես ոսկերչության ճյուղում, որտեղ ավելի բարձր արժեք է ստեղծվում:

Այն հարցին, թե ռուսական հումքով աշխատող ընկերություններն ինչպե՞ս են իրացնելու արտադրանքը, DCA ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանը պատասխանեց, որ երկու տարբերակ է լինելուՙ հումքի մի մասով, հայկական ընկերությունները, մշակելով ալմաստի հումքը, ստեղծելու են իրենց սեփական արտադրանքը եւ վաճառելու, երկրորդըՙ մշակելու են եւ վերամշակված ադամանդը վերադարձնելու «Ալռոսային»: Փաստորեն, վերոնշյալ 4 ընկերությունները, ինչպես նշեց Գագիկ Աբրահամյանը, այն ընկերություններն են, որոնք կարող են գնել եւ ինքնուրույն իրացնել իրենց արտադրանքը:

Ինչո՞ւ է «Ալռոսան» իր հումքը Հայաստանի ընկերություններին մատակարարում եւ չի մշակում Ռուսաստանում: Այս հարցին պատասխանելով, «Ալռոսայի» ղեկավարները նշեցին, որ ընկերությունը չնայած ունի սեփական մշակող (նիստավորող) ձեռնարկությունները, բայց նախընտրում է համագործակցել հայկականՙ այս ոլորտում մասնագիտացված ընկերությունների հետ: Իսկ Գագիկ Աբրահամյանն ասաց, որ կան ալմաստի որոշ տեսակներ, որոնք շահավետ չէ Ռուսաստանում մշակել եւ ավելի շահավետ է դրանք Հայաստանում մշակելը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն այն կարծիքը հայտնեց, որ սա եւս մեկ հնարավորություն է հայկական ադամանդագործական ընկերություններին ոտքի կանգնելու եւ ինքնուրույն զարգանալու, ինչպես նաեւ մարտահրավեր էՙ ծախսերը նվազեցնելու եւ արտադրողականությունը բարձրացնելու: Այստեղ կառավարության խնդիրն է ապահովել բարենպաստ պայմաններ: Այս առումով նախարարը նշեց, որ մաքսային եւ հարկային ոլորտում կան «մի քանի խութեր», որոնք խոստացավ վերացնել:

Նախարարի ասածին Գագիկ Աբրահամյանն ավելացրեց, որ փոքր ձեռնարկությունները նույնպես պետք է մտածեն զարգանալու, «Ալռոսայի» հետ համագործակցելու եւ ինքնուրույն գործելու ուղղությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4