«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել է ամենաարդյունավետը Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարելու միջոցներից:

«Թոմսոն Սայնթիֆիկը» Նյու Յորքում տեղակայված հարգված եւ հեղինակավոր գործակալություն է, որը գիտության բնագավառում ամենավերջին ուսումնասիրությունների եւ ձեռքբերումների հավաստի տվյալներ է մատակարարում աշխարհի տարբեր երկրների բժշկական հիմնարկներին: Գործակալության հրապարակած եզրակացության մեջ նշվում է, որ նորաստեղծ դեղանյութը, ի տարբերություն նախորդների, լուծում է պատվաստանյութի նկատմամբ մարմնի հնարավոր անընկալության խնդիրը: Ավելին, նախկին դեղամիջոցները, ոչնչացնելով հիվանդությանը նպաստող վնասակար բջիջները, ազդում էին նաեւ ուղեղի առողջ բջիջների վրա եւ խանգարում նրանց կանոնավոր գործունեությունը:

Ներկայումս ընթացող «ADO1»-ի վերջնական փորձարկումների արդյունքները, ըստ հաղորդագրության, կհրապարակվեն 2008-ի երկրորդ կեսին: Մինչ այդ ընկերությունն արդեն երկրորդ պատվաստանյութիՙ «ADO2»-ի պատրաստման գործընթացում է լինելու: Ընկերությանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում գերմանական «ՄԻԳ վերվոլտունգս» ներդրումային ընկերությունը, որի ներկայացուցչի հավաստմամբ, Ալցհայմերը անբուժելի այն հիվանդություններից է, որոնցից 2025 թվին տառապելու են մոտ 22 միլիոն անհատներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4