«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից գողացել են նաեւ բրազիլացի նկարիչ Կանդիդո Պորտինարիի «Սուրճ հավաքողը» կտավը: Այդ մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է թանգարանի մամլո ծառայությունը:

Ներկայումս թանգարանն այցելությունների համար փակ է: Տեղում աշխատում են ոստիկանական փորձագետներ, հաղորդում է BBC գործակալությունը:

Մեծ իսպանացին «Սյուզաննայի դիմանկարը» կերտել է 1904-ին, իսկ Պորտինարիի հիշյալ կտավն ստեղծվել է 1939-ին: Գողացված երկու նկարները միասին գնահատվում են մոտ 100 մլն դոլար: Սակայն թանգարանի ներկայացուցիչն այդ թիվը պայմանակ է անվանել, քանի որ երկու կտավները երբեւէ աճուրդներում չեն ցուցադրվել:

Թանգարանի աշխատակիցների կարծիքով, կողոպուտը մանրամասն ծրագրված է եղել: Դրա վկայությունն է «ավարների» ընտրությունը. երկու նկարները թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից են: Բացի դրանից, կողոպտիչները լավ կողմնորոշվել են սրահներում, ծանոթ են եղել պահապանների աշխատաժամերին: Նրանք որսացել են այն պահը, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները եղել են նկուղային հարկաբաժնում: Կողոպուտն իրականացվել է ընդամենը երեք րոպեում: Տեսախցիկների տվյալները ցույց են տալիս, որ գողերն իրենց հետաքրքրող սրահ մտել են առավոտյան 5-ն անց 9 րոպեին եւ շենքից հեռացել 5-ն անց 12-ին: Բրազիլական լրատվամիջոցները միայն Պիկասոյի կտավը գնահատում են 56 մլն դոլար:

Բրազիլիայում վերջին անգամ նման հանդուգն կողոպուտ իրականացվել էր 2006-ի փետրվարին: Այն ժամանակ եւս Ռիո դե Ժանեյրոյում հափշտակվել էին տեղի թանգարանի ամենաարժեքավոր գործերը` Պաբլո Պիկասոյի «Պարը», Սալվադոր Դալիի «Երկու պատշգամբ», Անրի Մատիսի «Լյուքսեմբուրգյան այգի» կտավները եւ Կլոդ Մոնեի ծովային բնապատկերներից մեկը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4