«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած գումարներով». այս ցուցանակը փակցված է Արվեստների ակադեմիա (ոչ պաշտոնական անվանմամբ) կոչվող այն շենքի վրա, որտեղ հետերկրաշարժյան դժվարին տարիներից բացվել եւ գործում են արվեստի երեւանյան երեք պետական բուհերի Գյումրու մասնաճյուղերը: Նրանցից Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը երեկ հանդիսավոր նշեց իր 10-ամյակը: Սկզբում մեկ տասնյակից պակաս ուսանողներով հիմնադրված բուհական այս օջախի այսօրվա վեց բաժիններում սովորում է 192 ապագա մասնագետ, որոնցից ոչ քչերն արդեն իսկ ճանաչում են ձեռք բերել:
Տոնական օրը մասնաճյուղի սրահներում բացվել էր բուհի ուսանողների դիպլոմային աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված մեծաթիվ գործերըՙ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, մետաղադրվագում, կենցաղային զարդաքանդակ, հագուստի մոդելավորում եւ այլն, այստեղ անցած տարիներին կատարված արդյունավետ աշխատանքի խոսուն վկայություն էին: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ՀԲԸՄիության Հայաստանի գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի, տեղի բուհերի, իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարեւորելով այն տարիներին քաղաքի վերածննդի գործում մշակութային այս օջախի ստեղծումն ու այդ համարձակ ձեռնարկի երախտավորների մեծ ներդրումը, նախարար Լեւոն Մկրտչյանը գոհունակությամբ նշեց, որ ի դեմս Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի այսօր ունենք համապատասխան կրթական չափորոշիչներին լիովին համապատասխանող բուհ: Մայր բուհի ռեկտորը դոցենտի գիտական կոչման վկայագրեր հանձնեց մասնաճյուղի դասախոսներից մի քանիսին, որոնց նվիրումով է իր առաջին քայլերն արել կրթօջախը:
«Ուրախ եմ, որ 94 թվականին դեռ կիսաքանդ, քարերի կույտ հիշեցնող այս շենքը այսօր արդեն շունչ ունի մեջը, արվեստ է կերտում,- «Ազգի» թղթակցին ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:- Սա գյումրեցու հոգին է փաստորեն ներառում, այս շենքըՙ գեղարվեստը, երաժշտությունը եւ թատերական արվեստը: Սրանք այն բաներն են, որ գյումրեցու մոտ միշտ արտահայտված են եղել եւ սնել են մեր մշակույթը... Հիշում եմՙ այն ծանր օրերին, երբ այս դեռ կիսաքանդ շենքի պաստառին գրված էրՙ «Այստեղ կառուցվելու է արվեստի ակադեմիա», մարդիկ տնակներից երեխաների ձեռքը բռնած գալիս նայում էին, ու մի անգամ լսեցիՙ մի կին ասում էր «Իմ երեխան այստեղ է սովորելու»: Փառք Աստծո, որ ՀԲԸՄ-ին առիթ տրվեց այստեղ իր միջոցները ներդնելու եւ մյուսների հետ հիմնեցինք, այսօր ունենք այս կենտրոնը, այս արվեստի, մշակույթի օջախը»:
«Մենք ուրախ ենք.- նշեց Գեղարվեստի մայր բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանը,- որ կայացած է մեր մասնաճյուղը: Նրա եւ մյուս երկու մասնաճյուղերի ստեղծումը իր ժամանակին շատ հրատապ էր, որովհետեւ երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում մթնոլորտը շատ ճնշող էր, մարդիկ իրենց լքված էին զգում... Ու չնայած այն ժամանակ կային բազում այլ չլուծված խնդիրներ, հիմա կյանքը ցույց է տալիս, որ արվեստի այսպիսի օջախի ստեղծումը շատ ճիշտ քայլ էր, որովհետեւ ոգեւորություն մտավ քաղաքում, երիտասարդության մեջ: Եվ մենք այսօր ունենք արդեն 10-ամյա մի հիանալի կրթօջախ, որի համար մեծ աշխատանք է կատարվել: Ես հատուկ ուզում եմ նշել Գյումրու մեր դասախոսական կազմին, մեր հիանալի նկարիչներին, հիանալի մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս աշխատանքը, կարողացան բոլոր դժվարությունները հաղթահարել: Եվ իհարկեՙ առանձնահատուկ պիտի նշեմ Հայկական բարեգործական ընդհանուր միության կատարած մեծ գործը այս ամենում»:
Նույն օրը հանդիսության մասնակիցներն ու հյուրերը հաճույքով դիտեցին նաեւ մասնաճյուղի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը բացվել էր Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Գ. Մ.