«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային փորձանքը: Ինչո՞ւմն է բանը:

Դեկտեմբերի 12-ին չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Բարսելոն»-«Շտուտգարտ» խաղը հեռուստատեսությամբ ցուցադրվում էր Առաջին ալիքի եթերում: Առանց չափազանցնելու, ամբողջ 90 րոպեների ընթացքում հնարավոր չեղավ կենտրոնանալ, հանգիստ դիտել իրո՛ք դիտարժան խաղը: Արմա՜նք, զարմա՜նք... ովքե՞ր են վարում հաղորդումը. «Վայ, տե՛ս էդ դարպասապահը մեջքով է շուռ եկել... Վա՜յ, սխալվել է... Մեղավո՜ր էր... Ճի՜շտ ա, ես ֆուտբոլ չեմ հասկանում... Գնդակը գտնվում ա... Նա փոխանցում է... սա էլ փոխանցում ա... հի՛, հի՛, հի՛... հա՛, հա՛, հա՛... դե՛, Արմեն ջան, ես ու դու 2010-ին Մոսկվայից հաղորդումներ կվարենք... Էս ո՞վ ա է, Արմեն, դու սրան ճանաչո՞ւմ ես: Արա՛, ես չեմ ճանաչում...»:

Մի պահ թվաց, թե հեռուստատեսության շարժական կայանը գտնվում է Կոմայգու հայտնի «բալեշչիկների» շրջանում: Ի՞նչ անուն տալ սրան: Պարոնյանը կասեր «խնդա՞մ, թե՞ լամ»: Ցավալին, զավեշտն ու ցինիզմը իրար էին խառնվել ֆուտբոլային եթերում: Սա ծաղր է ֆուտբոլասեր հասարակության հասցեին եւ ոչ միայն: Պետք է ասել, առաջին անգամ չէ, որ Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի ղեկավարությունը կամայական մոտեցում է ցուցաբերում ֆուտբոլային մեկնաբանների հարցում: Չի կարելի եթերը դարձնել ճագարների փորձադաշտ: Ինչո՞վ է բացատրվում, որ ֆուտբոլի հետ բացարձակ ոչ մի կապ չունեցող Մարկոս Սաղաթելյան անձը եթեր է դուրս գալիս սղոցելու հազարավորների նյարդերը: Իբր քիչ էին Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային օտարաբանություններն ու քթի տակ քրթմնջոցները, այժմ էլ նոր տիպի «վարորդ» է մեջտեղ եկել: Այսպես շարունակվելու դեպքում, մի օր ականատես կլինենք, որ Առաջին ալիքի ֆուտբոլային մեկնաբանն է դարձել շուկայում կանաչի վաճառողը: Մնում է ենթադրել, որ Առաջին ալիքի ղեկավարությունը ղեկավարվում է «առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ անում» կարգախոսով: Լավ կլիներ գոնե մի անգամ այդ մարդիկ ունկնդրեին, դիտեին մոսկովյան HTB+ ֆուտբոլային ծրագիրը:

Այնպես որ, ֆուտբոլային խաղի մեկնաբանությունը ոչ ատամնացավ է, ոչՙ աստղացավ: Ի վերջո Առաջին ալիքի սպորտի ստուդիան ունի նորմալ հաղորդավարներ: Պետք չէ լավից լավը ընտրելՙ փորձանքի մեջ չընկնելու համար:

ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4