«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ

Ինչու եւ ինչպես

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

Հեղինակի շոշափած մտահոգությունները հասարակության մեջ կան: Անգամՙ խմորվում են առաջարկներ, ծավալվում են բանավեճեր: Սփյուռքի մեր ներուժն իսկապես դեռ լավ չի ուսումնասիրված: Անգամ Նահանգների հայ համայնք ասելով շատերը Կալիֆոռնիա եւ Լոս Անջելես են պատկերացնումՙ մոռանալով Նյու-Յորքի, Վաշինգտոնի մեծահարուստ հայերի ներուժը: Հեղինակի այս հրապարակմանը, վստահ ենք, կհետեւեն այլ հեղինակների հրապարակումներ, որոնք կբացեն թեման:


Նոյեմբերի 22-ին կայացավ Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած Երեւան-Լոս Անջելես հերթականՙ 10-րդ հեռուստամարաթոնը, եւ համազգային տեսակետից դա, անկասկած, տարվա ամենանշանակալի իրադարձություններից էր: Նախնական տվյալներով ժողովվել է ավելի քան 15մլն դոլար, եւ հենց այս թիվը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բարի եւ սթափ հոռետեսությունն ասում է, որ, նախ, դոլարի արժեզրկման պայմաններում այդ գումարով դժվար թե լուծվեն Հայաստանի Տավուշի մարզի ու ԼՂ Մարտունու շրջանի խոնարհված գյուղերի բոլոր հիմնահարցերը: Երկրորդ, եթե հաշվի առնենք, որ այդ դրամագլխում որոշակի մասնաբաժին ունեն ՀՀ ու ԼՂՀ ձեռնարկությունները, իսկ 2,5 մլն դոլար խոստացել է հատկացնել մոսկվաբնակ ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանը, ապա կարելի է ենթադրել, որ ամերիկահայ նվիրատուների զանգվածը մնացել է գրեթե նույն մակարդակի:

Տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ է վերանայել Հիմնադրամի մարտավարությունը, լայնացնել ընդգրկման շրջանակը, իսկ ավելի ստույգՙ զուգահեռաբար կազմակերպել նորՙ Երեւան-Մոսկվա մարաթոն եւ օգտագործել ռուսաստանաբնակ հայության վիթխարի ներուժը:

Հեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքնՙ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն:

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը հայոց համար ունեցավ եւս մեկ բարեբեր նշանակություն. մինչ այդ Հայաստանը բարբարոս երկիր էր, իսկ փողըՙ վայրագության գործիք (սա ասում եմ հատկապես նրանց համար, ովքեր այսօր գայթակղություն ունեն վերանայելու քրիստոնեական արժեհամակարգը եւ հեքիաթ փնտրել նախաքրիստոնեության մեջ): Եվ ահա հենց նույն IV դարում Ներսես Մեծ եպիսկոպոսապետը, հավատքին հավատարիմ, երկրով մեկ կառուցեց բուժարաններ, հյուրատներ եւ բարեսիրական այլ հաստատություններ, դրանով հանդերձ հիմք դնելով փողի բնույթի ազնվացմանը: Այսինքն, բարերարությունը դարձավ քրիստոնեությունից բխած արդյունք եւ առայսօրՙ 17 դար շարունակ, մնացել է մեր հավատքի անքակտելի բաղադրյալը:

Պատմական տեսակետից մենք ունեցել ենք երեք խոշորագույն բարեգործական հաստատությունՙ Բաքվի «Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերությունը» (1864թ.), Թիֆլիսի «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» (1881թ.) եւ 1906թ. Կահիրեում հիմնված «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը»: Անդրկովկասում բոլշեւիկյան կարգերի հաստատման, մասնավոր սեփականության վերացման, Առաքելական եկեղեցու գլխատման, հարափոփոխ նյութապաշտությունը (դիալեկտիկական մատերիալիզմ) դրոշ դարձնելու հետեւանքով առաջին երկու ընկերությունները 1921թ. ջախջախվեցին, իսկ հավատքն ու բարերարությունն արտաքսվեցին: Վտարանդվեց կապիտալի, բարեգործությամբ անմահանալու բազմադարյան մշակույթը: Այդ վտարանդի մշակույթն է, որ այսօր ներմուծվում է Հայաստան եւ, ի մասնավորի, դրսեւորվում Երեւան-Լոս Անջելես հեռուստամարաթոնի տեսքով:

Նոր մարաթոն կազմակերպելու առաջարկն ունի երեք միաշաղախված դրդապատճառՙ քաղաքական, տնտեսական եւ ազգէական:

Նախ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ կազմակերպական տեսակետից մարաթոնը ոչ միայն խոչընդոտների չի հանդիպի, այլեւ կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական, համերաշխական հարաբերությունների եւս մեկ դրսեւորումՙ անթաքույց քաղաքական ենթատեքստով:

Երկրորդ, մենք ոչ միայն չգիտենք ռուսաստանահայ համայնքի արդի իրավիճակը (սփյուռքահայ համայնքներով գիտականորեն առհասարակ զբաղվող չկա), այլեւ տարրական պատկերացում չունենք նրա տնտեսական ներուժի վերաբերյալ: Այնինչ պատմագիտորեն վաղուց ապացուցված փաստ էՙ հայոց առեւտրատնտեսական ներկայությունը Ռուսաստանի այժմյան տարածքում հաշվվում է VIII դարից, եւ մարաթոնը կնպաստեր թե վաղեմի ավանդույթների վերահաստատմանը, թե ներհամայնքային ինքնաճանաչողությանը, թե (ինչու ոչ) կխթաներ Հայաստանի հանդեպ ներդրումային նոր վերաբերմունքի որդեգրումը:

Քանի որ մեր առօրյայում համատարած բնույթ ունեն դիլետանտիզմը, զանազան ամբիոններից բարբառված ցնդաբանությունները, ապա նույն իրավիճակում չհայտնվելու համար փորձենք փաստարկել մեր առաջարկի հիմնավորվածությունը:

Տողերիս հեղինակը կատարել է, մեղմ ասած, դժվարին մի հետազոտությունՙ «Արդի Ռուսաստանի 100 լավագույն հայերը, բիզնես» վերնագրով երկլեզվյա կենսագրական հանրագիտարան հրատարակելու համար: Նման գործում հաջողելու համար պետք էր ունենալ առնվազն 150 թեկնածու (քանզի ինչ-ինչ պատճառներով ոմանք կարող են հրաժարվել գրքում ընդգրկվելուց), որոնց կյանքն ու գործունեությունն էլ հենց ուսումնասիրեցինք: Ընտրություն կատարելիս նախապատվություն ենք տվելՙ ա/ ընկերությունների խմբերի նախագահներին եւ ընկերությունների գլխավոր տնօրեններին, այսինքն բացառապես առաջին դեմքերին, մի կողմ թողնելով տեղակալներին, զանազան դեպարտամենտների ղեկավարներին եւ այլ բարձրադիր մենեջերներին, բ) Հայաստանի հետ սերտ առնչություններ ունեցողներին, գ) Ռուսաստանում բարեգործությամբ զբաղվողներին, դ) կին ձեռնարկատերերին: Աշխարհագրական առումով ընդգրկումը հայերի համար «դասական» հարավից մինչեւ Մուրմանսկ է, Կալինինգրադիցՙ Մագադան: Պատկերը, որ ստացանք, պարզապես հպարտալից զարմանալի է...

Հայապատկան բիզնեսում գերիշխում է 4 հիմնական ճյուղՙ ֆինանսավարկային ու բանկային ոլորտը, ապահովագրական գործը, առաջավոր տեխնոլոգիաների ասպարեզը, շինարարական բնագավառը, այսինքն այն տարատեսակները, որոնք պահանջում են բարձր մտապաշար ու կրթվածություն, կազմակերպչական անուրանալի ձիրք:

Հայ ձեռնարկատերերին կարելի է բաժանել 3 ենթախմբիՙ Ռուսաստանում ծնվածներ, ԱՊՀ երկրներից սերողներ եւ հհշական խմբակապետության շրջանում Հայաստանից արտագաղթածներ:

2005թ. ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակեց երկրի 500 ռուբլային միլիարդատերերի վարկանիշային աղյուսակ, որտեղ 8 տեղ զբաղեցնում էին հայերը: Նրանք էինՙ «Ռոսգոսստրախ» ապահովագրական խոշորագույն ընկերության նախագահ եւ «Ռոս բանկի» սեփականատեր, 1971թ. Մոսկվայում ծնված Դանիլ Խաչատուրովը (կարողությունըՙ 1,3 մլրդ դոլար, 48-րդ տեղ), «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, 1968թ. Երեւանում ծնված Ռուբեն Վարդանյանը (960 մլն դոլար, 63-րդ տեղ), «Բորոդինո» հոլդինգի նախագահ, 1966թ. Երեւանում ծնված Տիգրան Ներսիսյանը (490 մլն դոլար, 108-րդ տեղ), «Դաեվ պլազա» եւ «Ցենտուրիոն» ընկերությունների բաժնետեր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, 1965թ. Մոսկվայում ծնված Աշոտ Եղիազարյանը (200 մլն դոլար, 262-րդ տեղ), «Կոպեյկա» պարենային խանութների ցանցի 10%-ի բաժնետեր, 1975թ. Մոսկվայում ծնված Արտյոմ Խաչատրյանը (110 մլն դոլար, 404-րդ տեղ), «Տրաստ» բանկի գործադիր փոխտնօրեն, 1960թ. Երեւանում ծնված Արտաշես Թերզյանը /110 մլն դոլար, 413-րդ տեղ/, «Ցենտրալ պարտներշիպ» կինոպրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն, 1959թ. Կազանում ծնված ու Երեւանում բարձրագույն կրթություն ստացած Ռուբեն Դիշդիշյանը (100 մլն դոլար, 440-րդ տեղ) եւ «Լուկօյլ» նավթարդյունաբերական ընկերության փոխնախագահ, 0,1%-ի բաժնետեր, 1959թ. Գրոզնիում ծնված Ջիվան Չելոյանցը (90 մլն դոլար, 467-րդ տեղ):

Այստեղ հարկ է մի վերապահում անել. վարկանիշային աղյուսակը որքան էլ հետաքրքրական, որքան էլ հիմնված լինի որոշակի տնտեսագիտական մեթոդաբանության վրա, այդուհանդերձ դրա ճշգրտությունը խիստ մոտավոր է (քանզի թեկուզ կենցաղային մակարդակով դուք չեք կարող ստույգ իմանալ, թե ձեր կողքի հարեւանի տարեկան եկամուտը որքան է): Դա է պատճառը, որ երբ լրագրողը Դ. Խաչատուրովին հարցնում է, թե ինչպես կմեկնաբանի 1,3 մլրդ դոլար թիվը, նա ժպտում էՙ որտեղի՞ց են վերցրել այդ թիվը: Հարցինՙ շա՞տ է, թեՙ քիչ, ծիծաղում է ու չի պատասխանում:

Այդուամենայնիվ, վարկանիշային աղյուսակները որոշակի տեղեկատվություն տրամադրում են: Ռուսական մամուլում հրապարակվել են այլ աղյուսակներ եւս, որոնցում տեղ են գտել «ՌԵՍՕ-Գարանտիյա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսով եղբայրները, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, սակայն վերջին երկու տարում հայերից առաջատար է դարձել Ռ. Վարդանյանըՙ կայուն կերպով տեղ զբաղեցնելով Ռուսաստանի 22 խոշորագույն սեփականատերերի ցանկում: «Տրոյկա Դիալոգի» շուկայական արժեքը 3 մլրդ դոլար է, եւ դրա 65%-ը պատկանում է մեր նախկին համաքաղաքացուն:

Տեղի խնայողության պատճառով չեմ անդրադառնում բազմաթիվ այլ անձանց, սակայն ասածիս ենթատեքստն այն պարզունակ ճշմարտությունն է, որ առանց փողի բարերարություն չես անի, եւ վերոհիշյալ մարդիկ կլինեն Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոնի հիմնական նվիրատուները: Հեռակա ընդդիմախոսները կարող են հարցնելՙ տեղի՞ն է, արդյոք, այս լավատեսությունը: Այո, որովհետեւ երբ Ռ. Վարդանյանը «Հայաստան-2020» հիմնադրամի եռանդուն անդամներից է եւ էապես նպաստում է մեր երկրի զարգացման տեսլականի ձեւավորմանը, երբ Դ. Խաչատուրովը երեխա է մկրտում Սբ. Էջմիածնում, երբ Ս. Սարկիսովը ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Արցախին օգնելու պատրաստակամություն է հայտնում, երբ բազմաթիվ հայեր բարերարությամբ են զբաղվում Ռուսաստանում, ապա պատասխանը միանշանակ դրական է: Ի վերջո, հարցին հակադարձենքՙ իսկ որեւէ մեկը փորձե՞լ է նրանց հետ ամենօրյա լրջմիտ, կշռադատված աշխատանք տանել...

Ռուսաստանի նման հսկայատարած երկրում մարաթոն կազմակերպելու գործում էական նշանակություն կունենան ԶԼՄ-ները, նրանց քարոզչական աշխատանքը: Սակայն դա եւս լուծելիք խնդիր է, այն կարող էին ստանձնել թեկուզ «Ամեդիա գրուպ» ընկերության նախագահ Ալեքսանդր Ակոպովը, «Նյուս մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը, «Մեդիա պարտներ» ընկերության գործադիր տնօրեն Գեորգի Գրիգորյանը, «Մեդիակրատ» ընկերության կառավարիչ գործընկեր Արման Ջիլավյանը, ԵՍՆ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Պավել Մարգարյանը, «ՍՏՍ Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Խանումյանը, «Էքսպովիմ» մեդիաձեռնարկությունների միավորման տնօրեն, ռոստովցի Էդուարդ Ումրշատյանը:

Հօգուտ ապագա հեռուստամարաթոնի լինելության գոյություն ունի եւս մեկ կարեւորագույն փաստարկ. դա հոգեբանական գործոնն է: Մի կողմ թողնելով հայ-ռուսական բազմադարյա առնչություններըՙ անդրադառնանք վերջին պատմական շրջանին: Խորհրդային Միությունը փլուզվեց որպես պետական կազմավորում, բայց մարդկանց մտածելակերպը, վարվեցողությունը, կենցաղավարությունը, խորհրդային ժամանակների շատ ու շատ բաներ, այդ թվում նաեւՙ ռուսիզմները մեր լեզվամտածողությունում, մնացին նույնը: Ռուսաստանաբնակ հայի հոգեբանությունն ըմբռնելու համար մեջ կբերեմ նախկին երեւանցի, «Պարադիզ» կինոընկերությունների խմբի ղեկավար Գեւորգ Ներսիսյանի հետեւյալ խոսքերը. «Ես ինձ զգում եմ որպես Ռուսաստանում ապրող հայ եւ շնորհակալ եմ այդ երկրին, որ որոշակի դժվարին պահի աշխատելու հնարավորություն ընձեռեց: Երբ 90-ականների սկզբին շատ հայեր ստիպված եղան արտագաղթել, ես վճռեցի գաղթել իմ երկիրՙ Խորհրդային Միության մի մաս, որովհետեւ ես խորհրդային ժամանակաշրջանի արդյունք եմ: Փաստորեն, ես չեմ արտագաղթել, մնացել եմ սեփական երկրում, պարզապես մի քաղաքից տեղափոխվել եմ մեկ ուրիշը: Ես Ռուսաստանը հիմա էլ եմ այդպես ընկալում»: Ահա՛ իրողությունը. մեր ենթագիտակցության մեջ դեռեւս կենդանի է նախկին ընդհանուր պետությանը պատկանելու զգացողությունը:

Սակայն սա վրանբաց խեղաթյուրանք է, վտանգավոր մոլորություն, որովհետեւ Ռուսաստանում եւս ընթանում է հայի ուծացման անշրջելի, կործանարար գործընթաց:

Ի վերջո, հարցը լոկ նոր հեռուստամարաթոն կազմակերպելը չէ, խնդիրը շատ ավելի խորքայինՙ ազգէական է:

Հայոց բարեգործության 17 դար տեւողությամբ պատմությունն ի ցույց է դնում երեք տարատեսակՙ անհայտ-անանուն բարերար, որն Աստծո հետ «կնքած» պայմանի համաձայն բարիք է գործում, բայց չի ցանկանում անունը հրապարակել (դա, ըստ իս, բարեգործության բարձրագույն, ամենավեհ դրսեւորումն է), անհատական-հրապարակային եւ կոլեկտիվ: Տվյալ պարագայում խոսում ենք վերջինի մասին: Հնում դա հանգանակությունն էր, որի հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչը մեր եկեղեցին էր: Բախտորոշ իրադարձություններից հետո կաթողիկոսները, արքեպիսկոպոսները համախոսականներ էին հղում աշխարհասփյուռ հայությանը, նշելով, թե ազգապահպանական ինչ նպատակի համար է անհրաժեշտ փողը: Կամ բարձրաստիճան հոգեւորականները, Մխիթարյան միաբաններն իրենք էին այցելում գաղթավայրեր ու դրամահավաք իրականացնում:

XXI դարում հանգանակություն կազմակերպելու գործիքը հեռուստատեսությունն է: Իսկ ու՞մ է վերապահված նախաձեռնողի ու կազմակերպչի դերակատարությունը. «Հայաստան» համահայկական հիմնադրամին, դա նրա անվանման համահայկական բառի մեջ է:

Եվ այստեղ ակնբախ է Հիմնադրամի գործունեության միակողմանիությունը:

Ենթադրաբար, Միացյալ Նահանգներում ապրում է 1,5 մլն հայ, Ռուսաստանումՙ 2,5 միլիոն: Ըստ տեղեկությունների, ամեն տարի արտասահմանից Հայաստան մուտք է գործում 1,5 մլրդ դոլար, որից 800-900 միլիոնըՙ Ռուսաստանից: Բայց արի ու տես, որ 10 անգամ զանգվածային հանգանակություն է կազմակերպվում միայն ԱՄՆ-ում: Ինչու՞, որովհետեւ ամերիկաբնակ հայության մեջ պահպանվել են բարեգործության ավանդույթները: Բայց, նախ, Հիմնադրամը պարտավոր էր իր 16-ամյա գործունեության ընթացքում ինքը Հայաստանում սերմանել բարեգործության տարրական այբուբեն: Ռուսաստանում կա Բարեգործության ազգային հիմնադրամ, որը չի զբաղվում որեւէ բարեսիրությամբ, նրա հիմնական գործառույթը երկրի բարերարներին ամեն տարի հանդիսավոր պայմաններում զանազան անվանակարգերով շքեղ պարգեւներ հանձնելն է, իմաՙ երախտագիտություն հայտնելը, քաջալերելն ու խրախուսելը: Մեր Հիմնադրամն էլ կարող էր նույն բանն անել. ոչ թե իր տարեկան հաշվետվություններում զետեղեր խոշորացույցով կարդացվող, ոչինչ չասող անուն-ազգանուններ, այլ ունենար առնվազն երկուՙ «Ալեքսանդր Մանթաշյանց» եւ «Ալեք Մանուկյան» շքամեդալներ, որոնցով կպարգեւատրեր նվիրյալներին: Կամ հրատարակեր շաբաթաթերթ, ամսագիր, ինչպիսիք ժամանակին ուներ վաղամեռիկ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Անհրաժեշտ է մի պարզ բան հասկանալՙ բարեգործությունը նույնպես ներդրում է պահանջում, բարոյական ներդրում, որն անպատճառ հատույց կտա:

Ակնհայտ է նաեւ, որ եթե Երեւան-Լոս Անջելես հեռուստամարաթոնն անցկացվում է ամեն տարվա նոյեմբերին, ապա Երեւան-Մոսկվան հարկ է կազմակերպել մայիսին, այն էլՙ 28-ին: Հիմնադրամն ունի՞ տեղեկությունների շտեմարան, թե Արա Աբրահամյանի ղեկավարած, ուժերի հնարավորության սահմաններում գործունեություն ծավալող «Ռուսաստանի հայերի միությունից» բացի, ի՞նչ հասարակական, մշակութային, մարզական եւ այլ հայկական կազմակերպություններ կան: Համահայկական Հիմնադրամը նախապատվություններ չպետք է ունենա, նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի ամեն մի հայ համայնք:

Ի վերջո, կա եւս մեկ կարեւորագույն փաստարկ, ինչն այս հրապարակման իմաստն ու առանցքն է: Սբ. Ծննդյան եւ Զատկի տոների կապակցությամբ բաքվահայոց Մարդասիրական ընկերության կազմակերպած ամենամյա հանգանակություններին Ալ. Մանթաշյանցը տրամադրում էր 600 ռուբլի (այդքան գումարով Թիֆլիսում լույս տեսնող հայկական պարբերականի խմբագիրն ապրում էր մեկ տարի), սակայն նույն ընկերության քարտուղար Սարգիս Վարշամյանցը գրում էր. «Խոհական ու քանքարավոր անձինք փոքր բանով շատ մեծ գործեր են կատարում հօգուտ մարդկության, քան թե կույր բախտի որդիքը յուրյանց հարստութենով»: Ի՞նչ նկատի ուներ. բանն այն է, որ հանգանակություններին, ի շարս մեծահարուստների, մասնակցում էին հազարավոր բանվորներ, ուսանողներ, ծառայողներ, չունեւոր մտավորականներ, որոնց տվածը 2-3 ռուբլի էր, բայց կարեւորը գումարի քանակը չէր, կարեւորը ուժերի ներածին չափ ազգի գործերին մասնակցելու մղումն էր: Եվ այս զգացումը հավասարության նշան էր դնում ունեւոր-չունեւորի միջեւ:

Մենք իրավունք չունենք 2,5 միլիոնանոց ռուսաստանաբնակ հայությանը զրկելու մարդաբանական նույն տիպին պատկանելու, մարդկային այդ տեսակի գործերին մասնակցելու իրավունքից: Ավելին, նոր մարաթոնին, ի տարբերություն ամերիկացիների, կմասնակցեն մեր ժողովրդի բազմաթիվ ռուս բարեկամներ, հայապատկան ձեռնարկություններում աշխատող հազարավոր այլազգիներ:

Սույն հրապարակմամբ մենք ամենեւին մտադիր չէինք ստվեր ձգել կամ փնովել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանվեր գործունեությանը, քա՜վ լիցի, մենք պարզապես բարեշտկման ուղի ենք առաջարկում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ռուսաստանաբնակ հայ չկա, բայց կա մեկը, ով, հուսով եմ, մի քանի ամիս անց ի պաշտոնե կդառնա հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ուշադրություն կդարձնի սույն առաջարկին: Սակայն եկող տարվա մայիսին Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոն իրականացնելու համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք ծավալել այսօր:

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Նորավանք» հիմնադրամի փորձագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4