Հայկական հարցի համատեքստում
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի այս ելույթը հնչել է դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Այս ելույթում արտահայտված տեսակետները գուցեեւ միանշանակ չընդունվեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը կռողների կողմից, քանի որ հեղինակը խիստ քննադատության է ենթարկում ինչպես պաշտոնական, այնպես էլ ժողովրդական դիվանագիտության մակարդակով Հայաստանի ձեւավորած արտաքին քաղաքականությունն իր արծարծած խնդրի վերաբերյալ: Սակայն ԱԺ դահլիճում ներկա մասնակիցներից շատերը ողջունեցին Արմեն Այվազյանի արտահայտած շատ մտքեր: Այնպես որ, հրապարակելով ելույթըՙ հնարավորություն ենք ընձեռում ընթերցողին ձեւավորելու սեփական վերաբերմունքը այնտեղ հնչած տեսակետների հանդեպ:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի վեր Հայաստանի ղեկավարությունն սկզբունքորեն անտեսում է Հայկական հարցի գոյությունը, չի գիտակցում այդ հարցի բուն էությունը, հավատում է այն շրջանցելու հնարավորությանը, մինչդեռ Հայկական հարցը չեն մոռանում Հայաստանի ռազմավարական ախոյաններըՙ Թուրքիան եւ Ադրբեջանը:
Մանրամասնենք, նախ պատասխանելով հետեւյալ հարցին:
Կա՞ արդյոք այսօրվա դրությամբ Հայկական հարց եւ ո՞րն է այն:
Հայկական հարցի էությունն անցյալում էլ, այժմ էլ նույնն է. իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի համար անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը` հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի:
Այլ կերպ ասածՙ Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 քառ. կմ խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի հայ ժողովրդի գոյությունն առհասարակ:
Այսպիսով, Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը, եւ ինչպես տարածում են հայերի կեղծ բարեկամները: Հայկական հարցը, ամենից առաջ, հողային հարց է:
Ինչպիսի՞ն է, սակայն, Հայկական հարցի վիճակը ներկայումս:
Հայ ազգի եւ հայկական քաղաքակրթության գոյությունը վտանգված էր նախկինում, վտանգված է եւ այսօր, որովհետեւ չլուծված է մնում տարածքային` հողային խնդիրը: Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դարձյալ հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել»-ի դրության մեջ: Խորհրդային կայսրության փլուզման գործընթացին զուգընթաց, հայության դեմ Թուրքիայի եւ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանի ծավալապաշտական բացահայտ նկրտումներն ու վայրագ գործողությունները եւս մեկ անգամ վտանգում են արդի Հայաստանի ֆիզիկական գոյությունը: Վերջին մեկուկես տասնամյակի անկախ գոյության փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` 42.000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող տարածքի վրա վերահսկողություն հաստատելու շնորհիվ միայն, ներառելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ: Սա՛ է Հայաստանի անվտանգությունն ապահովող այն նվազագույն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականության գոյությունն այլեւս կարող է անհնարին լինել:
Սա է այն նվազագույն հողակտորը, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ու միջազգային ուժերի քաղաքական, ռազմական, հոգեբանական ու աշխարհաքաղաքական շահերի բախումներում եւ փոխազդեցություններում:
Գալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, պետք է նկատել, որ այդ քաղաքականության հիմնադրույթները ձեւավորվել են դեռեւս 1990-ական թթ. սկզբին եւ, հակառակ ընդունված տեսակետի, հետագայում լուրջ վերանայման ու փոփոխության, ըստ էության, չեն ենթարկվել: Այս իմ հայտարարությանն անմիջապես կառարկեն եւ՛ նախկինՙ ՀՀՇ-ական, եւ՛ ներկա իշխանությունների ներկայացուցիչները, երկուսն էլ մեջբերելով, նախ եւ առաջ, այն հայտնի փաստը, որ 1998 թ.-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր օրակարգում է ներառել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը (այդ ուղղությամբ տարված աշխատանքի արդյունավետությունն այլ խնդիր է): Այնուհետեւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներն ուշադրություն կհրավիրեն նաեւ մեկ այլ փաստի վրա, որ իրենք, ի տարբերություն նախկինների, սկզբունքորեն դեմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի անգամ ձեւական ենթակայության տակ դնելուն:
Ճշմարտացի լինելով հանդերձ, այս տարբերությունները ի վիճակի չեն փոխելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակությունը, որովհետեւ մանրուք են ի դեմս շատ ավելի ծանրակշիռ այն նմանությունների, որոնք Հայաստանի առաջին նախագահի որդեգրած ուղուց թափանցել են երկրորդ նախագահի վարած քաղաքականության մեջ:
Արդարեւ, ՀՀ արտաքին քաղաքականության հիմքերը դրվել են 1990-ական թթ. սկզբին խորապես սխալ, եթե չասենք երեւութային հիմքերի վրա: Դա մի ժամանակշրջան էր, երբ Հայաստանի ղեկավարությունը, մի կողմից, տրվելով Արեւմուտքից ներշնչված հեքիաթային երազանքներին, մյուս կողմից, միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության հարցերում պատրաստվածության ահռելի պակաս ունենալով:
Թվենք նախորդ վարչակարգից Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին քաղաքականության մեջ ժառանգաբար փոխանցված վճռորոշ ուղղությունները.
1990-ական թթ. ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունն անտեսում է Հայկական հարցի գոյությունն ու էությունըՙ նրա հողային բնույթը, համարելով, որ անկախ Հայաստանը կարող է գոյատեւել նախկին ՀԽՍՀ 29800 քռ կմ-անոց տարածքում կամ, առավելաբար, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ միասին: Հայաստանի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ նախագահներն ու նրանց վարչակարգերը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ընկած Հայաստանի ազատագրված տարածքը, բացառությամբ Լաչինի միջանցքի, հրապարակավ հայտարարել են զիջման ենթակա:
Հայաստանի ցեղասպանված արեւմտյան մասը լիակատար մոռացության է մատնվելՙ այն աստիճան, որ անկախ Հայաստանի դեսպանները կարող են մեր հայրենիքի այդ կորուսյալ տարածքն արդեն կոչել թուրքական տերմինաբանությամբՙ Անատոլիա#: Պետական մակարդակով կամ պետության պատվերով երբեւէ քննարկումներ եւ իրավաքաղաքական եւ միջազգայնագիտական վերլուծություններ չեն իրականացվել հողային, նյութական, իրավաքաղաքական, մշակութային կամ ռազմավարական կշիռ ունեցող այլ կարգի փոխհատուցումների մասին: Արեւմտյան Հայաստանի հարցը պետական մակարդակում վաղուց դարձել է արգելված թեմա, որը եւ իր արտացոլումն է գտել այս տարվա փետրվարին ընդունված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» ամուլ փաստաթղթի մեջ:
ՀՀ-ն այն ժամանակ էլ, այսօր էլ պատրաստակամություն է հայտնում առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:
ՀՀ նախկին եւ նոր իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման բուռն ցանկություն են դրսեւորումՙ առանց տնտեսական եւ ազգային անվտանգության բնագավառում պաշտպանական մեխանիզմներ մշակելու եւ ունենալու:
Սակայն կա մի բնագավառ, որտեղ ներկա իշխանությունները, որակապես զարգացրել են նախկինների ուղին. Հայաստանն, «առանց ավելորդ նախապաշարումների», համաձայնել է ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող զանազան միջոցառումներում Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության, եւ թուրք զինվորականներն էլ Հայաստանի Հանրապետության հողում հպարտորեն բարձրացրել են իրենց դրոշը, իսկ հայ պաշտոնյաները հոտնկայս ունկնդրել են թուրքական հիմնը#: Սա համաշխարհային պրակտիկայում նմանատիպը չունեցող մի անհեթեթություն է: Համատեղ զինավարժությունները հնարավոր են միայն այն պետությունների միջեւ, որոնք ունեն դաշնակցային, բարիդրացիական կամ առնվազն սուր հակասություններից զերծ, ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը ձեւավորվող հարաբերություններ: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները ո՛չ դաշնակցային են, ո՛չ բարիդրացիական, ո՛չ էլ զարգանում են ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը: Նմանատիպ «համագործակցությունները» (թեկուզ եւ բազմազգ ուժերի կազմում) հարված են հասցնում հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքորոշումների ամբողջ համակարգին, ազգային ոգուն եւ արժանապատվությանը: Դրանք կարող են ընդամենը բթացնել հայ զինվորականի զգոնությունը եւ ապակողմնորոշել ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրությունը, այդպիսով դուռ բացելով հայերի դեմ ծրագրված նոր գազանությունների առաջ (ինչպիսիք էին Գուրգեն Մարգարյանի եւ Հրանտ Դինքի սպանությունները): Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել պարոն վարչապետի մեկ ամիս առաջ ուսանողների հետ հանդիպումը, որտեղ նա դժգոհեց, որ ժողովրդի մեջ (մեջբերում եմ) «վտանգի զգացումը բթացել է»: Պետք է, սակայն, ընդգծենք, որ վտանգի զգացումը բթացվել է հե՛նց Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անիրատես, վտանգը մոռացության մատնած քաղաքականության պատճառով#:
Ներկա եւ նախկին իշխանությունները բացարձակ անտարբերությամբ են վերաբերվել Հայաստանից ժողովրդի զանգվածային արտագաղթին, նրանք երբեք հայրենադարձությունը չեն դիտել իբրեւ Հայաստանի ամրապնդման ճանապարհ, այդ ուղղությամբ քարոզչական ու կազմակերպչական որեւէ աշխատանք չի տարվել, ծրագրեր չեն մշակվել: Հայաստանը մինչեւ այսօր չի հռչակվել բոլոր հայերի հայրենիք, աշխարհասփյուռ հայերին երբեք տունդարձի կոչ չի ուղղվել (փորձ չի արվել նույնիսկ ուղղելու Իրաքից հազարներով արտագաղթող հայերի ճանապարհը դեպի հայրենիք): Սփյուռքի հետ կապերի համակարգումը հայտնվել է բարձիթողի վիճակում:
Ներկա եւ նախկին իշխանությունները շարունակաբար տոգորված են անհիմն լավատեսությամբ առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ շուտով, «ուր որ է» մտնելու են բնականոն զարգացման հուն#:
Հայաստանի դեմ միջազգային ասպարեզում տարվող թուրքական քարոզչության հանդեպ ընդունվել է կրավորական, ոչ արժանավայել կեցվածք: Որպեսզի այս հայտարարությունս մերկապարանոց չհնչիՙ բերենք մի քանի թարմ օրինակ:
Շատ հաճախ Հայաստանի հասցեին թուրք ղեկավարության հնչեցրած մեղադրանքներն արժանի պատասխան չեն ստանում:
ա) Հայաստանի արեւմտյան մասը բռնազավթած ցեղասպան Թուրքիան գրեթե ամեն օր անվանարկում է Հայաստանն իբրեւ զավթիչ (օկուպանտ)#: Հայաստանի իշխանությունները երբեք չեն համարձակվում պատասխանել, որ իսկական զավթիչը Թուրքիան է, որը բռագրավել է Հայաստանի բնիկ տարածքի 9/10-րդ մասը:
բ) Մինչ Թուրքիան մշտապես սպառնում է Հայաստանին, Հայաստանը հայտարարում է, որ ինքը կողմ է Թուրքիայիՙ Եվրոմիությանն անդամակցելուն:
գ) Ամենաթարմ օրինակներ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում կայացած թյուրքախոս պետությունների հավաքին հայտարարեց (մեջբերում եմ). «Պատմական գործընթացները ժամանակին կիսել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ մեր միջեւ [ընդհանուր] սահման է եղել: Իսկ այսօր մեր առջեւ հսկայական հնարավորություններ են բացվել եւ մենք պետք է դրանք օգտագործենք: Վերջին 15 տարիները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել: Մեր ապագայի ճարտարապետները հենց մենք ենք»#: Այս հայտարարության առաջին մասը թուրքական հերթական վտանգավոր կեղծիք է, որը աջակցություն է հայտնում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներինՙ ամբողջ այսօրվա Հայաստանը, ներառյալ Երեւան մայրաքաղաքը, հայտարարելու Արեւմտյան Ադրբեջան ու «պատմականորեն ադրբեջանական տարածք»: Իսկ այս հայտարարության երկրորդ մասով Էրդողանն արդեն ակնարկում է Հայաստանի ոչնչացման թուրք-ադրբեջանական ծրագրի գոյությունը: Սակայն պաշտոնական Երեւանը, ինչպես միշտ, նախընտրեց ոչինչ չլսել ու որեւէ արձագանք չտալ: Ավելինՙ ՀՀ վարչապետը մեկ ամիս չանցածՙ The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ նա [Էրդողանը] նվիրված չէ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն»#:
դ) Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոկտեմբերի 19-ին մի նամակ հրապարակեց արեւմտյան ամենահեղինակավոր օրաթերթերից մեկումՙ Wall Street Journal-ում (Recep Tayyip Erdogan, Congress and Armenia, WSJ, October 19, 2007), որն այդպես էլ անպատասխան մնաց, այնինչ Հայաստանին հրաշալի հնարավորություն էր ընձեռվել ներկայացնելու եւ պաշտպանելու իր տեսակետները միջազգային հանրության առջեւ: Պատասխանի բացակայությունն ինքնին վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության անմշակ եւ թույլ լինելու, այդ բնագավառում աշխատանքի ցածր որակի եւ կրավորականության մասին:
ե) Թուրքիան իր կազմակերպած քարոզարշավներում մշտապես կապում է ցեղասպանության ճանաչման խնդիրը տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, մեկնաբանելով այն իր շահերի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունը երբեք չի փորձում հիշեցնել աշխարհին, որ ցեղասպանության հետեւանքները սարսափելի ներազդեցություն են գործել տարածաշրջանի անվտանգության վրա, որ ցեղասպանական քաղաքականության նորօրյա դրսեւորումները շարունակվում են Ադրբեջանի քաղաքականության մեջ եւ խրախուսվում Թուրքիայի կողմից:
Հայաստանի ղեկավարությունը, չգիտեսՙ ինչու՞, միջազգային ասպարեզում ելույթ ունենալիս, անընդհատ շեշտում է իրՙ Թուրքիայի համեմատ փոքր երկիր լինելը, փոխանակ շեշտելու Հայաստանի եւ Թուրքիայի պետություններիՙ որպես միջազգային իրավունքի սուբյեկտների, իրավահավասարությունը#:
Ներքին ասպարեզում իրավիճակը շատ ավելի անմխիթար է. թրքասիրության բուռն դրսեւորումները հանդիպում են ամեն օր: Բավական է հիշել հե՛նց այս օրերին Հայաստանի պետական դպրոցներից մեկում «Հայաստանում Ադրբեջանի օրեր» խայտառակ ծրագիրը, որին աջակցություն է հայտնում Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանը# եւ որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ առանց հանրապետության գերագույն ղեկավարության աջակցության: Սա նույնն է, եթե Սիրիայիում անցկացվեին Իսրայելի օրեր կամ Իսրայելումՙ Սիրիայի: Միեւնույն ժամանակ Բաքվից հնչում են ամենօրյա սպառնալիքներ: Հիշեցնեմ, որ այդ պետական խոշորագույն դպրոցի տնօրենն է հրապարակայնորեն Հայկական բանակի դեմ քարոզող եւ Արցախը Հայաստան հայրենիքի մաս չհամարող պրն. Ա. Բլեյանը: Այսպիսի արտառոց իրավիճակում Հայ դատն իր քաղաքականություն հռչակած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, նրա խորհրդարանական խմբակցությունը, ինչպես նաեւ այդ կուսակցության ներկայացուցիչՙ կրթության նախարար պրն. Լ. Մկրտչյանը որեւէ խնդիր չեն տեսնում: Խնդիր չի տեսնում նաեւ Հանրապետական կուսակցությունը, որի նախագահ պրն. Ս. Սարգսյանն էլ վարչապետական ամենամյա սեպտեմբերմեկյան այցը այս տարի կատարեց հե՛նց պրն. Բլեյանի ղեկավարած դպրոցը: Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունն ինքն իրեն հայտարարել է նժդեհյան գաղափարախոսության կրող (իհարկե, Գարեգին Նժդեհը եւ ոչ մի տող չի գրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանը միայն 30000 քռ կմ-ի մեջ արգելափակելու մասին):
Հիշենք նաեւ, որ հանգիստը թուրքական Անթալիայում Հանրային (պետական) եւ մասնավոր հեռուստատեսություններով գովազդվում է ամբողջ տարին շարունակ: Այս ամբիոնից բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ հայտարարում էին թուրք հասարակության հետ աշխատելու անհրաժեշտության մասին, ինչը, կարծում եմ, գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տալ, որ հայ երեխաների ուղեղները լվանան Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները:
Այս առումով նկատենք նաեւ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր լղոզվածության պայմաններում տեղի է ունենում կարեւոր հասկացությունների վտանգավոր նենգափոխում. թշնամի պետություն Թուրքիան անընդհատ հիշատակվում է իբրեւ «հարեւան երկիր», կարծես չկան ո՛չ թուրքական շրջափակումը, ո՛չ էլ թշնամական քաղաքականության մյուս դրսեւորումները:
Վերջապես, ոչ արժանապատիվ կեցվածքի փայլուն մի օրինակ է նաեւ այս քննարկումներին թուրք պատգամավորներ հրավիրելը: Երբեւիցէ Ձեզ, տիկնայք եւ պարոնայք հայ պատգամավորներ, հրավիրե՞լ են Թուրքիայի խորհրդարանՙ որեւէ նմանատիպ լսումների մասնակցելու: Արդյոք ի՞նչ իմաստ ունի հրավիրել թուրք պատգամավորներին Հայաստանի խորհրդարան, այն էլ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումների, եթե նրանք չեն ճանաչում հայ ժողովրդի դեմ գործադրված մեծագույն ոճիրըՙ ցեղասպանությունը, այսինքն պատրաստ են կրկնելու նույնը եւս մեկ անգամ: Ի՞նչ իմաստ ունի հրավիրել նրանց, եթե նրանք չեն ճանաչում արցախահայության ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը, չեն դատապարտում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալած հակահայկական քաղաքականությունն ու ռասիստական քարոզարշավը, չեն դատապարտում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այդ պետությունների տարածքում, չեն ընդունում ցեղասպանության դիմաց փոխհատուցման որեւէ գաղափար: Կարո՞ղ եք պատկերացնել, որ, ասենք, Իսրայելը հրավիրեր սիրիացի կամ իրանցի պատգամավորներին մասնակցելու իսրայելա-սիրիական կամ իսրայելա-իրանական հարաբերությունների մասին կնեսետում կազմակերպված լսումներին: Եվ կամ հակառակըՙ Սիրիան կամ Իրանը նույն նպատակով հրավիրեին իսրայելցի խորհրդարանականներին իրենց մոտ կազմակերպվող լսումներին: Առհասարակ, ի՞նչ իմաստ ունի հրավիրել թշնամի պետության պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկումներին: Խորաթափանց դիվանագիտության անվան տակ անցկացվող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջո, վատ ավարտվում հայերի համար (հիշենք թեկուզ Հայ Հեղափոխական Դաշնակցության համագործակցությունը երիտթուրքերի հետ): Ձեր հրավերն ընդունելու մերժումը ընդամենը ցույց է տալիս այդ արհամարհանքի աստիճանը: Այդ հրավերը ոչ թե դիվանագիտություն ու բարի կամքի դրսեւորում է, այլ միջազգային պրակտիկայում նախադեպը չունեցող անհեթեթությունՙ նոնսենս, հարգելի պատգամավորներ:
Այսպիսով, 1990-ական թթ.-ից ի վեր ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ (ըստ այդմ էլՙ գրեթե ողջ արտաքին քաղաքականությունը) մնացել է հիմնականում անփոփոխ:
Նա չի վերանայվել 1993 թ. սկսված թուրքական շրջափակման կիրառումից անմիջապես հետո, ոչ էլ այդ շրջափակման 15-ամյա ընթացքում:
Այդ քաղաքականության վրա ազդեցություն չի թողել Թուրքիայիՙ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ ու սադրիչ աջակցությունըՙ Հայաստանի դեմ պատերազմական նախապատրաստությունների գործում ու հենց պատերազմի ընթացքում:
Հայաստանի այդ քաղաքականությունը չի փոփոխվել միջազգային ասպարեզում Թուրքիայի հակահայկական քարոզչության ուժգնացումից եւ տարեց-տարի առավել մեծ ու կազմակերպված թափ ստանալուց հետո:
Այդ քաղաքականությունը չի վերանայվել Թուրքիայիՙ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 16-ամյա հրաժարման պատճառով, հրաժարում, որը բացի բացահայտ թշնամանքի դրսեւորումից, նաեւ վկայում է հայոց պետականության գաղափարն իսկ ընդունելու Թուրքիայի դժկամությունը:
Այդ քաղաքականությունը չի վերանայվել թուրքական պետության առաջին դեմքերի բերանով Հայաստանի հասցեին պարբերաբար հնչեցվող սպառնալիքներից հետո:
Բնականոն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի առաջադրած կանխահայտորեն անընդունելի նախապայմանները եւս ի զորու չեն եղել փոփոխելու Հայաստանիՙ Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Նկատենք, որ տարբեր պահերի դրվել են տարբեր նախապայմաններ, այդ թվումՙ Արցախը հանձնել Ադրբեջանին, հրաժարվել սեփական պատմությունից, մասնավորապես ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ բուն Հայաստանում արծարծելուց, պաշտոնապես վերահաստատել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, Մեղրիի միջանցքը դնել ադրբեջանական վերահսկողության տակ, հանձնել Հայաստանում երբեք ոտք չդրած Աբդուլահ Օջալանին (1999թ.), հրաժարվել Հայաստանի երբեք չունեցած միջուկային զենքից: Վաղը կարող են առաջ քաշվել բոլորովին նոր հնարովի նախապայմաններ:
ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել նաեւ Հայաստանի եւ Քրդական Բանվորական Կուսակցության միջեւ գոյություն չունեցող կապերի մասին թուրք պաշտոնյաների սուտ եւ վտանգավոր քարոզչություն ծավալելուց հետո: Միչդեռ թուրք-ադրբեջանական ստահոդ պնդումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում Քրդական Բանվորական Կուսակցության բազաներ ունենալու մասին հող են նախապատրաստում ծրագրվող ռազմական ներխուժման համար: Հայաստանի արտգործնախարարության անհասկանալի թերացումներից է նաեւ այդ կեղծիքները պատշաճ չգնահատելը եւ միջազգային հանրության ուշադրությունը դրանց վրա չսեւեռելը#:
ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել Ստամբուլում հայ լրագրողի սպանությունից հետո, սպանություն, որ, ըստ աստիճանաբար ամրապնդվող կարծիքների, կազմակերպել էին Թուրքիայի պետական մարմինները, որոնք այժմ էլ իրականացնում են սպանության հետքերը սքողելու փորձերՙ ընդհուպ փաստաթղթերի ոչնչացումը, իսկ պոլսահայ համայնքը հայտնվել է ահաբեկված վիճակում:
Սովորաբար, Հայաստանի ղեկավարությունը բացատրում է իրՙ Թուրքիայի եւ առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ տարվող անբացատրելի զիջողական եւ կրավորական քաղաքականությունը իբր իրապաշտությամբ ու գործնապաշտ (պրագմատիկ) մոտեցումներով, որոնք, ինչպես տեսանք, առաջացրել են միայն թուրքերի քամահրանքը եւ նպաստել թուրքական ճնչումների շարունակությանը:
Այդ, այսպես կոչված, իրապաշտությունն ու գործնապաշտությունն արտահայտվում են մի շարք պարզունակ ու զավեշտական հարցադրումներով.
Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան Հայաստանին պատերազմ կհայտարարի. իրականում, Թուրքիան Հայաստանին պատերազմ արդեն հայտարարել է եւ այն մղում է տեղեկատվական, հոգեբանական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում: Իսկ Հայաստանն այդ պատերազմը չտեսնելու է տալիս, մինչդեռ հայտնի ճշմարտություն էՙ եթե պատերազմում չես կռվում, քեզ ջախջախում են: Թուրքիան ընդամենը զորքով չի հարձակվել Հայաստանի վրա, բայց այդ մի քայլից նրան հետ են պահում բոլորովին այլ պատճառներ, որոնցից նշենք հիմնականներըՙ սեփական խնդիրների առկայությունը, այդ թվումՙ քրդական ապստամբությունը, Հայաստանի անկախ պետություն լինելը եւ բանակ ունենալը, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, ռուսական զորքի ներկայությունը, Եվրոպական Միություն մտնելու ցանկությունը, հայկական սփյուռքի առկայությունը: Սակայն սա չի նշանակում, թե թուրքական վտանգը մեկընդմիշտ վերացել է, միջազգային կամ տարածաշրջանային վայրիվերումների դեպքում թուրքական վերնախավը կարող է ապագայում որոշել հարվածել Հայաստանին, նախընտրելով իր երկարաժամկետ ռազմավարական նպատակներին հասնելը միջազգային կարճաժամկետ դատապարտումից: Ամեն դեպքում, Թուրքիան այդպիսի քայլ կարող է անել անկախ Հայաստանի հողային պահանջ ներկայացնել-չներկայացնելուց: Հիշեցնենք նաեւ, որ 1993 թ. Թուրքիան ծրագրել էր ներխուժել Հայաստան#, թեեւ այդ պահի ղեկավարությունը հստակ հայտարարել էր Թուրքիայից որեւէ տարածքային պահանջ չունենալու մասին:
Եթե Թուրքիան բավարարի Հայաստանի հողային հատուցման պահանջը, ապա ի՞նչ է անելու Հայաստանը. չէ՞ որ այդ հողերի վրա ապրում են 15-20 միլիոն քրդեր եւ թուրքեր. իրականում, մոտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետություն է: Բայց ավելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնելՙ բոլոր հնարավոր ճնշումներն արդեն փորձված են ու կիրառված: Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում: Արդյո՞ք մենք պատրաստ կլինենք ընդունելու այդ զիջումներըՙ ցույց կտա ապագան, իսկ առայժմ հողային պահանջը որեւէ բանով չի վնասելու, այլ ընդհակառակնՙ ամրապնդելու է Հայաստանի դիրքերն Արցախի շուրջն ընթացող բանակցային գործընթացում:
Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան դուրս կշպրտի իր տարածքից այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիներին. իրականում, Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիները, ինչպես եւս մեկ անգամ ցույց տվեցին Հրանտ Դինքի սպանության հետ կապված իրադարձությունները, առանց լավ գիտակցելու հայտնվել են պատանդի կարգավիճակում: Հայաստանի կառավարությունը պետք է պաշտոնապես կոչ անի նրանցՙ հնարավորինս արագ դուրս գալ թշնամի պետությանՙ Թուրքիայի տարածքից: Եթե նրանք չանսան այդ դիմումին, ապա հետագա հնարավոր բարդությունների ողջ պատասխանատվությունը կընկնի այդ անհեռատես անհատների վրա: Պատանդի վիճակում է հայտնվել նաեւ պոլսահայ համայնքը:
Իրապաշտությունը պահանջում է Հայաստանի ղեկավարությունից Թուրքիայի ուղղությամբ մշակել եւ որդեգրել նոր քաղաքականություն, որի հիմքում ընկած պետք է լինի Հայկական հարցի ճանաչումն ու ընդունումը: Այսօրվա դրությամբ Հայկական հարցն իրավական լուծում այդպես էլ չի ստացել. այն չի լուծվել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Կարսի (երկուսն էլ կնքվել են 1921 թ.), ո՛չ ԽՍՀՄ փլուզումից հետո ստորագրված որեւէ պայմանագրի միջոցով, ինչը փաստվում է ներկայիս հեղհեղուկ ռազմավարական, իրավական ու քաղաքական իրադրությամբ: Այդ բազմաթիվ պայմանագրերից որեւէ մեկը լիարժեք չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ Հայկական հարցը, այսինքն` Հայաստանի սահմանների եւ, ըստ այդմ, կենսունակության երաշխիքների խնդիրը չի լուծվել:
Հայկական հարցի հետագա զարգացումն անխուսափելիորեն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման, ըստ ամենայնի, ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների կտրվածքով, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների, Նախիջեւանի եւ Հայաստանի բռնազավթված այլ տարածքների մասերով: Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կա՛մ պահպանելու են այսօրվա ստատուս-քվոն, կա՛մ լինելու են ավելի նպաստավոր Հայաստանի համար: Պակաս նպաստավոր լինելու պարագայում` Հայկական հարցի բնությունն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը, վաղ թե ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրացումներ, բախումներ ու պատերազմներ: Քանի դեռ հայ ժողովուրդն իր անկախ գոյությունն ապահովելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չի ստացել, տարածաշրջանում տարածքային հարցեր շոշափող որեւէ պայմանագիր չի կարող իրավական հարատեւություն ունենալ: Սա ուռա-հայրենասիրական լոզունգ չէ, որովհետեւ նման պայմանագրի խախտողը ոչ անպայմանորեն հայկական կողմը կլինի. Հայաստանի սահմանների ծայրահեղ խոցելիությունն ու պաշտպանական խորության բացակայությունը մշտապես գայթակղելու են ադրբեջանա-թուրքական դաշինքին` հարմար պահ գտնելու եւ ռազմական ուղիով մեկընդմիշտ «լուծելու» Հայկական հարցը` Հայաստանը վերացնելով:
Եզրափակենք: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, մերժելով ճանաչել Հայկական հարցը եւ նրա հողային բնույթը, շարունակում է արմատապես սխալ գնահատել իրական վտանգները եւ նրանց զսպման միջոցները: Տարածաշրջանում տիրող ռազմավարական իրականությունից այս կտրվածությունը հղի է ամենածանր հետեւանքներով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Թուրք-այդրբեջանական դաշինքը զսպելու միակ հնարավոր ինքնապաշտպանության քաղաքականությունը որդեգրելու փոխարեն ընտրված է Հայաստանը ոչնչացնել ցանկացողների ապարդյուն խաղախեցումն ու սիրաշահումը, հայ հասարակությանը միակողմանի զիջումների պատրաստելը, միջազգային խոշոր դերակատարների վրա անառողջ հույսեր դնելը:
Հայաստանի արտաքին քաղաքականության գործնապաշտությունը ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելն է, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելը, ներառյալ տարածքային փոխհատուցման վերաբերյալ քաղաքականապես իրապաշտ առաջարկներով: Սա, իր հերթին, նախատեսում է արտաքին եւ ներքին քաղաքականության ամբողջական վերանայում, համազգային ինքնապաշտպանական ողջ ներուժի կենտրոնացում եւ կազմակերպում:
(կրճատումներով)
Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, www.hayq.org