«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մենք սկսում ենք «Մեր կյանքը կնոջ հայացքով» շարք, որի միջոցով մտածող հայ կանանց` արվեստագետների, գիտնականների, կին քաղաքական գործիչների եւ սովորական հայուհիների հետ զրույցներով փորձելու ենք գծել մեր իրականությունը: Մեզ առաջնորդող շարժիչ ուժը միայն ու միայն հասարակական գործընթացներն այս պահին հասարակության գերակշիռ մասը ներկայացնող հատվածի` կնոջ հայացքով անկողմնակալ քննարկելն է, այլ շարժիչ ուժ, թեկուզ դրամաշնոհի տեսքով, չկա: Ասել է, թե հավակնում ենք անաչառ հայացքի: Բնականաբար մեր զրույները նաեւ կվերաբերեն այն ոլորտներին, որը ներկայացնում են մեր հերոսուհիները: Այս անգամ մեր զրույցը նկարչուհի ՆԱՐԳԻԶ ՓԱՇԱՅԱՆԻ հետ է:


Մանկության օրից մարդը զբաղված է աշխարհը բացահայտելով:Ստեղծագործող մարդը դա անում է ոչ միայն իր, այլեւ մյուսների համար:Նրանք, ովքեր այդ անում են շատ-շատերի համար, ավելի շուտ` եթե շատ շատերն են համարում, որ տվյալ ստեղծագործողի օգնությամբ են բացահայտում իրենց բաժին աշխարհը, տվյալ ստեղծագործողն էլ կարող է համարել, որ հասել է իր ուզածին, այն է` տեղ է հասցրել իր ասելիքը:

ՓԱՇԱՅԱՆ ՆԱՐԳԻԶ Հ.«Կանայք» 1996թ.33x46, ստվարաթուղթ, յուղ.

Այսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել քո տիրույթներում, ներսումդ փնտրել սովորական թվացող, բայց հավերժ տրվող հարցերի պատասխանը. ասենք` ինչո՞ւ ես հենց հայ ծնվել, ինչո՞ւ ես մարդու այս, եւ ոչ մի ուրիշ տեսակը, ինչո՞ւ ես նկարչուհի:

ՓԱՇԱՅԱՆ ՆԱՐԳԻԶ Հ.«Մտորում» 1987թ.60x80, կտավ, յուղ.

- Պատասխանները գտնո՞ւմ ես:

- Ես բոլոր հարցերին ուզում եմ յուրովի պատասխանել: Տիեզերքից եկող ողջ ինֆորմացիան, իհարկե, հնարավոր չէ ընկալել: Հարցերի պատասխանը որպես մտածող մարդ այլ կերպ եմ գտնում, կտավի վրա որպես արվեստագետ `այլ կերպ. միանում են ենթագիտակցության տարբեր շերտերը:

- Ո՞ւմ համար ես նկարում, կոնկրետ հասցեատիրո՞ջ` արվեստասերի, նկարելու ժամանակ դիտողի ու նրա հետ հաղորդակցության մասին մտածո՞ւմ ես:

- Ճիշտն ասած առաջին պահին` չէ. նախ ինքդ քեզ ես փորձում բացահայտել կտավի վրա, քո մտքերը, հույզերն ու վերաբերմունքն ես փոխադրում այնտեղ: Հետո արդեն, երբ նկարի ոգու մեջ խորանում ես` գալիս են նաեւ այն մտքերը, որ նկարը այլ մարդկանց հետ հաղորդակցման միջոց է, նաեւ` այլ մարդկանց հասկանալի լինելուն ես ձգտում:

ՓԱՇԱՅԱՆ ՆԱՐԳԻԶ Հ.«Կոմպոզիցիա» 2003թ.35x47 կտավ, յուղ.

- Սովորական հայ մարդը չի՞ հեռացել արվեստից` բանաստեղծությունից, նկարչությունից, լուրջ երաշժտությունից:

- Եթե մեր օրերի մասին ենք խոսում` բոլորը հացի խնդիր լուծելու մասին են մտածում, հոգեւոր սննդի մասին մոռացել են: Բացի արվեստագետներից երեւի մնացած մարդիկ ժամանակ չունեն, նրանց առօրյան թույլ չի տալիս ավելի հետաքրքրվել արվեստով, բայց չեմ կարծում, որ տեւական ժամանակ հնարավոր է առանց հոգեւոր սննդի:

- Էսօրվա հայ նկարիչը կարողանո՞ւմ է հասնել նոր ինֆորմացիաների հետեւից, կարողանո՞ւմ է հաղորդակցվել այս պահին աշխարհում ստեղծվող արվեստի հետ:

Ժամանակակից արվեստը չես համեմատի սովետականի հետ, որովհետեւ մտածելակերպն է տարբեր: Գիտեք` ազատությունը մեկի վրա կարող է բարերար ազդեցություն ունենալ, մյուսի համար` քայքայիչ: Կախված է նրանից, թե նկարիչը որքանո՞վ է տիրապետում մասնագիտությանը, ի՞նչ գաղափարներ ունի, ինչ ուղղություններ եւ ոճ է որդեգրել, ինչ ընկալումներ ունի. այսինքն` ամեն ինչ խիստ անհատական է` նայած ձգտումներին, սակայն մի բան ակնհայտ է, մենք չենք կարող ներփակվել, հաղորդակցությունը հարստացնում է մեզ:

- Հարցս ուրիշ կերպ տամ` հայ նկարիչը զարգացա՞ծ մարդ է:

- Նկարիչը մտավորական չլինել չի կարող:Մեծերից մեկի խոսքով պատասխանեմ. եթե մարդը մատիտ է վերցրել ձեռքը ու նկարում է` ուրեմն նա արդեն ինչ-որ բանի մասին մտածում է. նկարիչն ուղղակի չի կարող զարգացած մարդ չլինել, որովհետեւ այն նեղ շերտը, ով նախեւառաջ դիտում է նրա նկարները, ընտրանի`բազմակողմանի զարգացած շերտ է: Ու ինքն էլ հենց այդ շերտից է ու նրա պահանջները պետք է հաշվի առնի հայ նկարիչը: Սակայն հայ նկարչին այսօր շատ բան է խանգարում` ցուցահանդես կազմակերպելու համար նախ ֆինանս է պետք, դրսի աշխարհի հետ հարաբերվելու, գնալու-նրանցը դիտելու, քոնը նրանց ցուցադրելու համար ֆինանս է պետք, բացի այդ` դրսի աշխարհը պետք է դիտի, որ իմանա ինչ նկարչություն ունենք, ի՛նչ բարձր դպրոց, որն իր հետեւից նկարների վաճառք ու այդ նույն նկարչությունը զարգացնելու հնարավորություն կբերի: Հասկանո՞ւմ եք, Հայաստանում այսօր, հենց մեր ժամանակի մեջ ստեղծվող նյութական արվեստի հսկայական արժեքներ կան` մեր գեղանկարչությունը: Այդ նյութական արժեքները մի անկյունում ընկած կորչում են: Եթե «Ջերմուկից» կարելի է շահ ստանալ` հասարակ ջուրը վաճառելով, այսքան ստեղծագործություններ կան, հնարավոր չէ՞ մի քանի երկրներում ցուցասրահներ ունենալ, ներկայացնել հայ նկարիչներին, վաճառել նկարները` համ նկարիչների նյութական վիճակը լավացնելով, համ հայ նկարչությունն աշխարհին ճանաչելի դարձնելով, ինչու չէ` այդ վաճառքից նաեւ պետությանն օգուտ բերելով: Չէ որ աշխարհի որեւէ քաղաքում ներկայացված լինելով` հայ նկարչի ստեղծագործությունը պատմելու է նաեւ այն երկրի մասին որտեղ ստեղծվել է, պատմելու է Արարատի, Հայաստանի երկնքի ու հողի, հայ մարդու մասին, ով պատկերված է լինելու այդ նկարներում` մեր դեմքն է: Հայաստանում պարզապես հսկայական պրոդուկտ գոյություն ունի` երեւի Բաքվի նավթից շատ, ինչո՞ւ մնան ներքնահարկերում: Գոնե հայաշատ երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կարելի է, չէ՞, ցուցասրահներ ունենալ, ոչ թե արվեստանոցներ, այլ ցուցասրահներ, դա կարող են անել ոլորտով հետաքրքրվող գործարարները` իրենց շահն ունենալով:

- Բայց մեր գործարարներին հետաքրքրու՞մ է մեր նկարչությունը` երկու-երեք Մասիսի պատկերով նկար առնելուց դենը:

Եթե նրանց լավ բացատրեն, նրանք զգան, որ դա բիզնեսի ձեւ կարող է դառնալ` գուցե եւ հետաքրքրվեն: Բայց այս գործում ավելի շուտ կազմակերպիչներ եւ պետության շագրգռություն է պետք, որ հայ նկարչությունը լայն վերնիսաժ ունենա, ներկայացված լինի ու շահ ունենա այս գործում: Անգամ մեր դեսպանատները պետք է այդ գործին խառնված լինեն: Թե չէ` նկարիչն է ու իր ներքնահարկը:

- Հայ կին եւ հայ նկարչուհի լինելը մի առանձնահատուկ բա՞ն են: Տղամարդիկ ընդունո՞ւմ են հայ նկարչուհուն (խոսքը նախ հայ նկարիչ տղամարդու մասին է` մանավանդ, որ ամուսինդ` Դավիթ Պետրոսյանը նկարիչ է):

- Կին լինել ու հետն էլ նկարիչ` շատ բարդ բան է: Ինչպես ուրիշ ասպարեզներում` նկարչության մեջ եւս խոչընդոտներ կան կնոջ համար: Առաջին հերթին` որ կին ես, դա արդեն խոչընդոտ է: Այս իմաստով` կարելի է հարցնել տղամարդկանց. «Եթե դուք չէիք ուզում,որ կանայք գրագետ լինեն, մեր գլխից ժամանակին չվերցնեիք գլխաշորերը, չտայիք ուսման: Իհարկե, իմ անձնական կարծիքով` առհասարակ տղամարդիկ այնքան էլ չեն ողջունում իսկապես կրթված կանանց ներկայությունն իրենց կողքին եւ իրենց ոլորտներում, հատկապես` անսպասելի մասնագիտություններում նրանց չեն ընդունում, բայց ինձ համար նկարչությունը մի գրավիչ ասպարեզ է, եւ ուրախ եմ, որ հենց այս ասպարեզում հնարավորություն ունեմ ինքնարտահայտվելու: Բայց մեր ասպարեզում էլ հիմնական փայլը տղամարդկանցն է. եթե մի քիչ կողքից թույլ տվեցին` հայ կանայք էլ կերեւան, եթե ոչ` ապա շատ մեծ դժվարություններ ես ստիպված հաղթահարել: Գուցե պետք է նվաճե՞նք մեր բաժին փայլն ու ճանաչումը: Բայց իմ ասածն ընդհանրապես աշխարհի միտումներին է նախեւառաջ վերաբերում, հայ տղամարդիկ մեր տարածաշրջանում դեռ էլի ոչինչ` նախ մտածում են իրենց դուստրերին կրթության տալ, Արեւելքի շրջանակում էլ հայ կնոջ վիճակը համեմատած լավ է առաջընթացի եւ ինքնադրսեւորման առումով, մակարդակն ու ազատության աստիճանն էլ է բարձր, էլի փառք Աստծո, որ հայ եւ Հայաստանում ենք ծնվել:

- Քաղաքական գործընթացներին հետեւո՞ւմ ես եւ ի՞նչ կարծիքի ես այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ:

- Էնպես, աչքի պոչով միայն:

Նախ ասեմ` ինձ դուր չի գալիս, որ քաղաքական գործիչների մեծ մասին մշակույթը ոչ միայն չի հետաքրքրում, այլեւ տեղյակ էլ չեն, թե ի՞նչ է կատարվում մշակույթի ասպարեզում: Դրանից նրանք դառնում են ավելի անհետաքրքրական, թվայնացած ու մի քիչ անհամ: Էլ չեմ ասում, որ երբ պետք է Հայաստանը ներկայացնել` առաջին հերթին սկսում են մշակույթից, հետո` գիտությունից, հետո նոր իրենց քաղաքականության մասին են խոսում: Չեմ հասկանում` եթե մեր մշակույթն այդքան ներկայանալի է, ինչո՞ւ ոչ մեկդ տեղյակ չեք` նկարիչը, գրողը, երաժիշտը ի՞նչ հոգով են նստում ստեղծագործելու, արդյո՞ք կարողանում են գոյատեւել: Եւ ինչո՞ւ` գնա մեռի, արի սիրեմ: Իսկ ընդհանրապես` մեծ կրքով չեմ հետեւում քաղաքական գործընթացներին: Օրինակ` եթե Լեւոնն ուզում է վերադառնալ, ուրեմն դա ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ է, ոչ Լեւոնին: Բայց կարծում եմ` ժողովուրդն էնքան խելացի է, որ նրան ոչ մեկը ոչ մի ձեւով չի կարող խաբել:

- Մեդալներն արժանիների՞ն են տրվում, մեդալ տվողները ճի՞շտ են կողմնորոշվում:

- Նրանց, ում մեդալ են տալիս` նրանք մտածում են, որ ճիշտ են կողմնորոշվում: Գիտե՞ք, նկարիչների մեծ մասն արժանի է մեդալների, բայց տալիս են մեկ-երկուսին: Իսկ ի՞նչ է մեդալը` նախ գովազդի հիանալի միջոց է, հասարակությանը ներկայացված լինելու միջոց, իսկ իրական արվեստագետներին գնահատում է ժամանակը:


Անհրաժեշտ հետգրություն: Նարգիզ Փաշայանի նկարչությունը հասուն ստեղծագործողի աշխարհ է, ավելի շուտ` մի քանի աշխարհներ, որովհետեւ նա, կախված նյութից եւ ներքին թելադրանքից` մերթընդմերթ նկարում է ձեռագիր դարձած մի քանի ոճերով, գույներով եւ ասելիքով: Նրան հատուկ է եւ ամուր-տղամարդկային շեշտադրումներով աբստրակտը, եւ մեղմ-կանացի գույներով գրաֆիկան եւ դարչնագույն ֆիգուրների աղոտ գծագրություններով սիմվոլների գեղանկարչությունը: Այս հերթագայությունը նրա նկարները դիտողին անընդհատ նորը հայտնաբերելու փաստի մասնակիցն են դարձնում: Նա մի քանի անհատական ցուցահանդես է ունեցել ՄԱԿ-ի Երեւանի գրասենյակում, Իրանում, Բելգիայում (ամուսնու հետ), Փարիզում եւ այլուր մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսներին: Այս պահին նկարչուհին իմի է բերում նկարները` նոր անհատական ցուցահանդես կազմակերպելու մտադրությամբ: Նրա նկարներից եւս ներկայացված են այն խորհրդի դատին, որը Հայաստանի նախագահի մրցանակի համար ընտրելու եւ ներկայացնելու է նկարչության ոլորտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4