«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ

«Ո՞վ ենք մենք, վերջապես - նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ եւ ինչ պիտի լինենք վաղը

Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»


ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ինչպես նշել էի «Ազգի» կինոհավելվածում (13 դեկտեմբերի, 2007) տպագրված «Անիվների վրա փառատոնը» շրջեց նաեւ Կարսում» հոդվածի նախաբանում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարների աջակցությամբ նոյեմբերի 9 -16-ը մասնակցեցի Կարսում տեղի ունեցած «Ոսկե սագ» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնին: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցա ոչ միայն ճանաչելու այսօրվա Կարսն ու կարսեցիներին, այլեւ մասնակցելու փառատոնի նախագահ Բաշակ Էմրեի ու Կարսի քաղաքապետարանի կազմակերպած էքսկուրսիաներին դեպի Անի, Սարիղամիշ, Չելդեր լիճ, Բայազետ:

Նկարՙ Ձիթողցյանների տան ճակատը

Վանա լիճն ընդգրկված չէր ծրագրում, սակայն չմերժեցին ինձ այնտեղ հասցնելու խնդրանքս, ապահովեցին ճանապարհի անվտանգությունըՙ նույն օրը հետ դառնալու պայմանով: Էրգրում առաջին անգամ լինելու երազային ու տրտում պահերից մնացին անմոռաց ու թանկ հուշերՙ հանձնված թղթին:


Դեպի Կարս

Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ձեռքով դուռը փակելու նշան արեց: «Էրմենիստա՞ն», - զննող հայացքով հարցրեց: Գլխով արեցի, հետեւելով, թե ինչպես է ծխելով, մատները ծույլ ու դանդաղ շարժելով անձնագրիս մեջ տեղ փնտրում դրոշմանիշի տեսք ունեցող թուրքական վիզան սոսնձելու համար:

Նկարՙ Հայերի կառուցած մեկ այլ շինություն

Սահմանային դարպասի մոտ սպասելիս աչքերս պաղել էին այն կողմի վրաՙ ապշահար բնապատկերի կտրուկ փոփոխությունից: Հայկական լեռնաշխարհի այդ հատվածը գրավելուց առաջ թուրքերն ասես երկար ժամանակ տնտղել էին ամբողջ տարածքըՙ ընտրելով ամենաընտիր ու բերրի հողերը: Դիմացից ձգվող այգում, կողքի-կողքի շարված խնձորենիների վերեւի ճյուղերը ծանրացել էին բերքի առատությունից: Թուրքերի ձեռքն այնտեղ չէր հասել: Դրանք քաղելու հնարը գտան մեզ դիմավորելու եկածներըՙ գետնին ընկած խնձորները խփեցին վերեւի ճյուղերին ու թափված խնձորները հավաքելով եւ ուտելով մոտեցան ավտոբուսին, որի մեջ նստած մի խումբ վրացիների հետ արդեն 2 ժամ սպասում էինք Գյումրուց հրավիրված 2 հյուրերին: Վրացիների սիրտն էլ խնձոր ուզեց, բայց նրանցից ոչ մեկն այգի չմտավ: Հանեցին իրենց հետ բերած խնձորով լի տոպրակը. «Խնձոր ուզո՞ւմ ես»: «Այո, - ասացի, բայց այգու խնձորենուց»: Տանտիրոջ հանդգնությամբ մտա այգի եւ առաջին իսկ ծառի ճյուղերին ձգվելովՙ մի մեծ խնձոր պոկեցի ոչ ուտելու, այլ բույրը զգալու համար:

Ավտոբուսը Կարս շարժվեց մթնշաղին ու զրկվեցինք ճանապարհի բնապատկերի գեղեցկությունը վայելելուց: Դեմքս սեղմեցի պատուհանի սառը ապակուն այնքան, մինչեւ թանձր մթության մեջ կորան աղոտ նշմարվող բոլոր պատկերները: Այդ ճանապարհը լույսով անցանք հետդարձինՙ այնժամ հասկանալով ինչից էինք զրկվել:

Նաիրյան հնամյա քաղաքում

« Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը: Աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են նաիրցիներ, - գուցե ՙ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցեՙ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երեւի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններՙ տներ, խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող...Էյֆելյան աշտարակին »: (Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»)

Նկարՙ Առաքելոց եկեղեցու մուտքի մոտ թուրքերը փակցրել են հետեւյալ ցուցանակը. «Գմբեթի մզկիթ, կառուցված 937 թ., բացված 1084 թ.

Քարե այդ շինություններից քիչ բան է մնացել այսօրվա Կարսումՙ թուրքերը դրանք կամ քանդում են, կամ ներկում խայտաբղետ գույներով, կամ էլՙ վերաշինում գեղագիտական իրենց ճաշակով: Հայերի կառուցած զարդաքանդակներով ու կամարներով սեւ բազալտե շենքերը քանդելու պատճառն, ըստ ամենայնի, դրանց վրա դրոշմված հայերեն տառերն են, ազգանունները, խորհրդանիշները: Քաղաքում շրջելիս հանկարծ աչքդ ընկնում է տների կամարներինՙ մեկի վրա Ա տառ է փորագրված, մյուսի վրաՙ Ձիթողցյան, երրորդի վրա մեկ այլ անուն: Այդ տները հեռու են Առաքելոց եկեղեցուց, այսինքնՙ քաղաքի սրտից, իսկ դա նշանակում է, որ հին Կարսը բավականին ընդարձակ է եղել: Հիմա այն դարձել է տիպիկ արեւելյան գավառական քաղաքՙ խայտաբղետ, անարվեստ, շրջապատին խորթ եւ օտար 4-5 հարկանի տներով: Հայերի կառուցած շինությունները ներկայացվում են որպես ռուսների կառուցածներ: Հայերի մասին ոչ մի խոսքՙ Բերդը, Վարդանի կամուրջը, թանգարանի վերածված քարվանսարաները, ո՞վ գիտե, գուցե նաեւ Առաքելո՞ցը, արժեքավոր ամեն ինչ Կարսում կառուցել են «ռուսները»:

Քաղաքի պատմությունը սկսելուց առաջ էքսկուրսավարը նախ թուրքերենով պարզեց, թե արդյոք՞ հյուրերի մեջ հայ կա: Ինձ հայտնաբերելուց հետո, իր անգլերեն խոսքին պաթետիկ հնչերանգ տալով ընդամենն ասաց, որ Կարսը հին քաղաք է: Հետո միանգամից անցավ ռուս-թուրքական պատերազմինՙ ամեն երրորդ նախադասության մեջ ակնարկելով «թուրքական քաղաքակրթության» ու «ռուսական բռնազավթման» մասին: Նրա շինծու մեկնաբանություններից ինձ փրկեց Առաքելոց եկեղեցին. ավտոբուսը կանգ առավ նրանից քիչ հեռու գտնվող նորաբաց պատկերասրահի մոտ: Հյուրերը գնացին թուրք նկարիչների աշխատանքները դիտելու, իսկ ես վազեցի դեպի քաղաքի այդ հրաշալիքըՙ Առաքելոցը տեսնելու:

Եկեղեցուց քիչ վերեւ Կարսի բերդն էՙ թուրքական դրոշը վրան: Մեզ այնտեղ չուղեկցեցին, որովհետեւ գետինը սառած էր: Մի քանի հոգով Բերդի բարձունքը նվաճեցինք կեսօրին, չիմանալով, որ Կարսում մութը շուտ է իջնումՙ ժամը 16-ին արդեն մթնշաղ է: Այդպես

է, որովհետեւ կյանքն այնտեղ ընթանում է Անկարայի ժամանակով: Բերդից երեւում է ամբողջ քաղաքը, հատկապես հին Կարսը, ձախիցՙ Արագած լեռը: Ներքեւում «ջրի թաղն» էՙ քարաշեն մանր տներով, փլված քարվանսարաներով, որտեղ Կարսի այսօրվա բնակիչները պահում են ընտանի կենդանիներ, թռչուններ: Վարդանի կամրջից կեսօրին կարելի է երկար դիտել, թե ինչպես են իրենց տիրոջ հսկողությամբ գետում խունջիկ-մունջիկ լող տալիս Կարսի խորհրդանիշը համարվող սագերը: Քաղաքի տարբեր մասերում կարելի է հանդիպել գառների ու ոչխարների հետ զբոսանքի դուրս եկած մարդկանց: Կենտրոնական փողոցներում ամենից շատ աչք են ծակում պանիր ու մեղր վաճառող խանութներըՙ պանրի խոշոր կտորներով, մեղրամոմերով:

Կարսն ունի 110 հազար բնակչություն, հարակից բնակավայրերը ներառյալՙ 360 հազար: Քաղաքը զարգացնելու համար քաղաքապետը Ստամբուլից հրավիրում է տարբեր մասնագետների: Նրանցից մեկինՙ Սաբինա անունով դաշնակահարուհուն հանդիպեցինք «Քայաբաշի» ռեստորանում: Դասավանդում էր, ինչպես ինքն ասաց, Կարսի կոնսերվատորիայում, երբեմն էլ քաղաքապետի հյուրերի համար նվագում էր ռեստորաններում: Թուրքիա էր եկել Բաքվիցՙ մայրը ռուս էր, հայրըՙ ադրբեջանցի:

Նկարՙ Անիի Առաքելոց եկեղեցու մոտ

Կարսի կենտրոնական փողոցներից մեկում աչք էր ծակում «Ղարաբաղ» հյուրանոցը, իսկ մեկ ուրիշ հյուրանոցիՙ «Սիմերի» դիմաց Հեյդար Ալիեւի կիսանդրին էր: Փառատոնի գրեթե բոլոր հյուրերին տեղավորել էին վերջին հյուրանոցում:

Մեզ սպասարկող ռեստորաններում հիմնականում աշխատում էին երիտասարդ տղաներՙ մատուցողին անհրաժեշտ մի քանի անգլերեն բառ անգիր արած: Բարեկիրթ երեւալու նրանց ձգտումը երբեմն զավեշտի էր հասնումՙ դիմացիցդ վերցնում էին ճաշիդ ափսեն եւ ասումՙ «Ինջոյ յոր միլ», այսինքնՙ «Վայելեք ձեր կերակուրը»: Իսկ երբ որեւէ բան էիր պատվիրում, ձեռքով սպասելու նշան էին անում, գնում-բերում էին իրենց «անգլիախոս» գործընկերոջը, որն էլ մի կերպ հասկանալով ուզածդ, մոտ կես ժամից բերում ու ժպտալով դնում էր սեղանին: Սառույց սիրող սերբ կինոքննադատը սպասման տանջանքից ազատվելու համար թուրքերեն մի քանի բառ էր սովորելՙ «բո՜ւզ, բո՜ւզ», ամեն անգամ սառույց խնդրելիս կանչում էր նա ու մի քանի րոպեից ստանում:

«Բոլերո»

Այդպես էր կոչվում Կարսի գիշերային այն ակումբը, ուր ամեն երեկո, մինչեւ ուշ գիշեր, փառատոնի հյուրերին մատուցում էին խմիչք, երաժշտություն, երգ ու պար: Գալիս էին գնչուական երգեր երգող հունգարացիներ, կովկասյան պարեր պարող տեղացիներ, եվրոպական ու հայկական դեմքերով ջազմեններ եւ ուրիշներ: Քանի որ կինոփառատոնի բացման արարողությունը բաց էինք թողել ուշանալու պատճառով, որոշեցինք ընթրիքից հետո գնալ այնտեղՙ ծանոթանալու «տեղական» մշակույթին: Այդպես էլ հայտարարվեցՙ «լոկալ մյուզիք», այսինքնՙ տեղական երաժշտություն ու հնչեցրին «Հա՜յ, Նարե, Նարե» երգըՙ ականջ խլացնող բարձրությամբ, հետո շուրջպար բռնեցինՙ քոչարիանման պարեղանակի տակ, իսկ վերջում մեջտեղ եկավ «կովկասյան» պարերի համույթը: Եվ այդ ամենը եվրոպացիներին հրամցվեց որպես «ազգային մշակույթ»: «Գո՜ւդ, գո՜ւդ, է՜քսելանտ», իրար նայելով ասում էին «թուրքական» արվեստով հիացած եվրոպացիները:

Նկարՙ Անիի Առեւտրի պազատի մուտքը

Այդ օրվա համերգին վրացիները ներկա չէին: Նրանց արձագանքը լսեցի երկու օր անցՙ «Լա՞վ են պարում» հարցրեցի վրաց կինոդերասան Գեորգիին: «Սարսափելի է, վրացական պարերը ներկայացնում են որպես կովկասյան: Գոնե թող հայտարարեն, որ դրանք վրացական են ու կատարեն առանց աղավաղելու», բղավեց նաՙ զայրույթից կարմրած ու քրտնած դեմքը սրբելով: «Մի՚ նեղվիր, ես քեզ լավ եմ հասկանում», ասացի: Նրանից խլել եւ աղավաղել էին իր ազգային պարը, իսկ ինձանիցՙ մի ամբողջ երկիր ու վերածել աղբանոցի:

Տհաճ զրույց Կարսի հոգեբանի հետ

Ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր մինչեւ այն պահը, երբ ճաշի ժամին հայտնվեցի այն սեղանի շուրջ, որտեղ նստած էր Կարսում աշխատող թուրք հոգեբաններից մեկըՙ միջահասակ, գիրուկ մի մարդ: Սերբերը նրանից հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ է Կարսում ինքնասպանների թիվն ավելի մեծ, քան Թուրքիայի մյուս քաղաքներում: Նա պատմում էր, որ իրեն ամեն օր այցելում են հոգեկան լարումներից տառապող մոտ 15 երիտասարդ կին ու տղամարդ: Նրանց այդ վիճակի է հասցրել հարստանալու տենչըՙ 15-20 տարեկան աղջիկները պատրաստ են ամեն ինչիՙ իրենցից 30 տարով մեծ հարուստ տղամարդկանց հետ ամուսնանալու համար, իսկ անհաջողության դեպքում ընկնում են ծայրահեղ հուսահատության մեջ: Հետո զրույցի թեման փոխվեց, խոսեցին Կարսի կարպետներից, որոնց մասին հոգեբանը գաղափար անգամ չուներ: Սերբերին ասացի, որ հայկական կարպետները շատ ինքնատիպ են եւ առաջարկեցի դրանք գնել Հայաստանում: Հոգեբանը դեռ չգիտեր որտեղից լինելս: Մի պահ հեռացա սեղանից, իսկ մոտենալիս լսեցի սերբ կինոքննադատի խոսքըՙ «Հայերի մասին վատ բան մի խոսիր, նա Հայաստանից է»: Այդ լսելուն պես, կերակրի պատառը բերանում, կատաղությունից աչքերը կկոցելով ու գլուխը ցնցելով հոգեբանն ասացՙ «Հայաստանում ոչ մի թուրք չկա, իսկ մեր երկրում հայեր են ապրում: Ձեր նախագահ Քոչարյանը ֆաշիստ է: Դուք խաղաղություն չեք ուզում: Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճելի մարդ է: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց դուք խաղաղություն չեք ուզում»: Դիմացիս պատուհանից երեւում էր Հեյդար Ալիեւի կիսանդրինՙ «Իսկ գուցե Ալիե՞ւն էր ֆաշիստ», ասացի: Նրա դեմքն ավելի լարվեց, քանի որ այդպիսի պատասխան չէր ակնկալում: Հետո մեղմ տոնով ավելացրեցիՙ «Լսեք, այստեղ քաղաքական հարցեր շոշափելու տեղը չէ, փոխեք խոսակցության թեման»: Հոգեբանի կարիք ունեցող հոգեբանը, սակայն, կորցրել էր ինքնատիրապետումը եւ իր հազիվ ըմբռնելի անգլերենով բղավեց այնքան, մինչեւ հասավ Հայոց ցեղասպանությանըՙ «Ոչ մի ցեղասպանություն չի եղել, ամեն ինչ սուտ է, դուք եք հնարել: Պատերազմ է եղել ու վերջ, երկու կողմից էլ մարդիկ են զոհվել: Իմ պապերին էլ հայերն են սպանել»: Այստեղ արդեն համբերությունս սպառվեց. «Վերջ տվեք, դուք պարտավոր եք ընդունել ճշմարտությունը, այլ ոչ թե արդարանալՙ պատմություններ հորինելով»: Այս խոսքերիս վրա նա կատաղած վեր կացավ տեղից, թուրքերեն ինչ-որ բան ասաց, հավանաբար հայհոյեց ու գնաց: Այդ պահին շատ ափոսացի, որ թուրքերեն չգիտեմ:

կարՙ Վանա լիճը, Աղթամար կղզին եւ Սուրբ Խաչը

Այդ զրույցից մեկ ժամ առաջ եղել էի Անիի ավերակներում, իսկ մի քանի ժամ անց գնացի դիտելու փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկած թուրքական «Թաքնված դեմքեր» գեղարվեստական նոր ֆիլմը: «Դաժաններ, մարդասպաններ», բղավում էր ֆիլմի հերոսուհին: Սիրած տղայից հղիանալու համար նա հետապնդվեց հորեղբոր կողմից այնքան, մինչեւ սպանվեց նրա իսկ կրակոցիցՙ իր փոքրիկ դստեր աչքերի առջեւ: Կանանց եւ երեխաներին «պատվի համար» սպանելը Թուրքիայում օրենքով թույլատրելի է եղել մինչեւ անցած տարի:

Ֆիլմը դիտելիս գլխիս մեջ պտտվում էր այն միտքը, որ հայ սպանելը թուրքերի համար նույնպես պատիվ է եղել եւՙ է: Կարսի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրըՙ «Դրսեցիները» վերնագրով, նվիրված էր Հրանտ Դինքի հիշատակին:

Անիի ավերակներում

Հուզիչ է, անասելի հուզիչ Անիի ավերակներում լինելը: Նրա որբ եւ անտերունչ տեսքը թախծալի է, բայց նաեւ ոգեշնչող, գոտեպնդողՙ իր անկրկնելի վեհությամբ եւ երկնաձիգ հպարտությամբ, պարիսպների ամրությամբ, Մայր տաճարի եւ ավերված մյուս եկեղեցիների սքանչելիությամբ, 5 հազարամյա քարանձավների խորհրդավորությամբ, Ախուրյան գետի խուլ շշունջով... Անին քեզ հուշում է, որ իր քաղաքական ու մշակութային հզորության թուլացումից հետո հայ մարդու ոգեղեն ուժը հետզհետե նվաղել է այնքան, որ այլեւս անկարող է եղել պատնեշ դնելու վայրագ ցեղերի բռնությունների առաջ: Բռնել է գաղթի ճամփան, մորթվելՙ իր երկիրը թողնելով բարբարոսներին:

Հայ մարդու մտքի եւ ոգու ամբողջ զորությունը զգում ես Անիում:

Անին հուզել էր նաեւ օտարներին: «Անին տեսնելուց հետո այլեւս չեմ զղջում, որ եկա մասնակցելու այս փառատոնին: Այնքան ազդեցիկ էր, տպավորիչՙ եգիպտական բուրգերի պես», ասաց փարիզաբնակ ռումինացի պրոդյուսեր Դանը:

«Հիմա համոզվեցինք, որ Անին հայկական քաղաք է եղել», ասաց ռումինացի լրագրող Սիմոնան: «Անմոռաց տպավորություն էր: Անիից քար եմ տանում, որ միշտ նայեմ ու հիշեմ», ասաց սերբ կինոքննադատը: «Հայ մարդու համար դժվար պիտի լինի այստեղ գալը եւ այս ամենը տեսնելը: Այդպես չէ՞», ասաց անգլիացի կինոբեմադրիչ Մեգին: «Այո, ասացի, ավելի ծանր է, քան պատկերացնում էի»: Կինոփառատոնի օրերին դա միակ էքսկուրսիան էր, որի համար պահանջվել էր 3 ավտոբուս:

Ծովակ Հյուսիսոն, այժմՙ Չելդեր լիճ

Հայկական լեռնաշխարհում գտնվող այս լիճը հոլանդացի կինոքննադատ Փիթերի աչքին շատ մեծ երեւաց, չնայած որ լճի եզրագծերը հեռվից տեսանելի էին: Լճի ափին թուրքերը կառուցել էին անշուք մի շինությունՙ թուրքական դրոշը պարտադիր վրան, որի երկրորդ հարկում հյուրերին մատուցեցին դեղին ձուկ: Բոլորը տարվեցին համեղ ձուկը վայելելով:

«Եկեք խմենք Անիի կենացը, որ Անին նորից Հայաստան դառնա», առաջարկեցի դիմացս նստած գյումրեցիներին: «Ըդիկ էլ չի էղնի, մոռացի», ասացին նրանք, բայց խմեցին Անիի կենացը: Ասացի. «Եթե բոլոր հայերը ցանկանան մաքուր եւ անեղծ հավատով, անպայման կլինի»: Այնքան ոգեշնչված էի խոսում, որ քիչ հեռու նստած վրացիները ուշադիր ինձ էին նայում, հավանաբար հասկացել էին խոսքերիս իմաստը: Նրանց հետ էր օպերատոր բատոնո Գեորգին, որը Մոսկվայում սովորել էր Ալբերտ Յավուրյանի հետ: Շատ վշտացավ, երբ հայտնեցի Յավուրյանի մահվան լուրը: Այդքան հայասեր վրացու դեռ չէի հանդիպել, լավ գիտեր մեր պատմությունը, ճանաչում էր մշակույթի հայտնի գործիչներին: Երբ իմացավ Վանա լիճ գնալու մտադրություն ունեմ, ասաց. «Իմ կողմից ողջունիր Ախթամարին»:

Սարիղամիշ

Նոյեմբերին այստեղ արդեն ցուրտ ձմեռ էրՙ Սարիղամիշի ընդարձակ ու փարթամ ձյունածածկ անտառների հոյակապ բնապատկերով: Բնակիչներըՙ քրդերը կամ թուրքերը, անխնա հատել եւ անտառի դիմաց երկար շարքով դարսել էին հաստաբուն ծառերի գերանները: Ավտոբուսը մեզ մոտեցրեց մերձակա նորակառույց «Թոփրակ» հյուրանոցին: Ամերիկաբնակ մեծահարուստ թուրքը Սարիղամիշի առողջաբեր անտառների կողքին կառուցել էր իր անունով հյուրանոց, իսկ վերեւումՙ դահուկասահքի տանող ճոպանուղի: Ռուսախոս մի քուրդ ասաց, որ Թոփրակի ստեղծած բարիքներից ամենից շատ օգտվում են ռուս մեծահարուստներըՙ տարվա գրեթե բոլոր ամիսներին, հատկապես ձմռանը, հյուրանոցը լի է նրանցով:

Փառատոնի հյուրերից մի քանիսը սկզբում հիացան հյուրանոցի ինտերիերով, ճոպանուղով, հետո մոտ 6 ժամ նստեցին ներքեւի սրահում վառվող բուխարիկի կողքին ու քնեցինՙ ձանձրույթից հորանջելով: Թարմացան միայն ընթրիքի ժամին, երբ քուրդ աղջիկները շուրջպար բռնեցին հյուրանոցի ռեստորանում:

Իգդիր, Բայազետ, Վան

Բարի մարդու համբավ ունեցող Կարսի քաղաքապետըՙ ազգությամբ քուրդ Նայիֆ Ալիբեյօղլուն, մեր հանդեպ եւս բարեհոգի եղավ: Փառատոնի տնօրեն Բաշակ Էմրեից իմացել էր Վան գնալու փափագիս մասին ու կարգադրել էր մեքենա տրամադրելՙ ճանապարհի անվտանգությունը ապահովելով: Այդ օրը հյուրերի համար նախատեսված էր էքսկուրսիա դեպի Բայազետՙ հայկական ամրոցի վրա կառուցված Իշակ փաշայի սարայը տեսնելու:

Հայկական բերդերն ու ամրոցները ավերելով, վերաշինելով ու մզկիթ դարձնելով թուրքերը փորձում են քոչվորության փոշին իրենց վրայից թափ տալ, բայց հայտնվում են անհեթեթ վիճակում, որովհետեւ օտարներից շատերը գիտեն, որ շրջում են Արեւմտյան Հայաստանում: Նույն հարցերն են հնչում բոլոր քաղաքներումՙ հայերի՞նն է, հայկակա՞ն է: Ամենաշքեղ մզկիթով անգամ հնարավոր չէ խաբել օտարին, խավարամտության ժամանակներն անցել են, սակայն Թուրքիան վերջին ջղաձգումներն է անում իր ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու: Նորակառույց ամեն ինչ այնքան խորթ է եւ օտար Հայկական լեռնաշխարհին: Վան տանող ճանապարհին տեսնում ես պատկերներՙ բնորոշ միայն քոչվորական կյանքով ապրող ցեղերին: Իգդիր քաղաքի միջով անցնելիս ուզում ես փակել աչքերդՙ գոմանման տները չտեսնելու համար:

Ամբողջ ճանապարհին բնությունն ասես խոսում է հետդ, կարոտից մորմոքում, որովհետեւ քոնն է, հարազատ է: Բայազետից դուրս գալիս մի խենթացնող տեսարան բացվեց. ձյունապատ հսկան էր մեր առջեւՙ Մեծ Մասիսը, այնքան մոտ, ասես ուր որ է պիտի փարվեինք նրա լանջին:

Մայրամուտ էր, երբ Վանա լիճն իր աներեւակայելի գեղեցկությամբ բացվեց մեր առջեւ. դա ամենասքանչելի պատկերն էր, որ երբեւէ տեսել էի իմ կյանքում, Մեռյալ ծովից հետո: Աղթամարն ու Սուրբ Խաչը հեռվից նշմարելով անկարող ես զսպել արցունքներդ: Անկարելի է արտահայտել այն ապրումները, որ ունենում ես երկնքից պոկված այդ գանձը տեսնելիս:

Վանա լճի երկնափայլ ջրերն ասես մաքրագործում են, Ախթամարը բացում է հոգուդ թեւերը, իսկ Սուրբ Խաչը մոտեցնում է երկնայինին: Ու հասկանում ես, որ առ այսօր դու ես այս հրաշալիքի իրական տերը, որովհետեւ բացի քեզնից ուրիշ ոչ ոք չի համբուրում Սուրբ Խաչի քարերը, չի տալիս իր հոգու սերը, չի հեռանում առհավետ սրտի մեջ պահած:

Կարս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4