«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ

Այսօր յուրաքանչյուրը գիտեՙ ի՞նչ է նշանակում արյան կարգ: Սակայն դեռեւս հարյուր տարի առաջ բոլորը համոզված էին, որ մարդկանց երակներում, անկախ աչքերի եւ մաշկի գույնից, նույն արյունն է հոսում: Միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ արյան փոխներարկումը երբեմն հիվանդի մահվան պատճառ է դառնում, գիտնականները հասկացան, որ մարդկանց արյունը տարբեր է:

Մարդկանց զանազանող ամենակարեւոր հատկանիշը

Եթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ միջոցը, ինչպիսին արյան փոխներարկումն է, կարող է մահվան պատճառ դառնալ: Նրանք զարմանում էին, թե ինչու որոշ մարդկանց համար բարերար ազդեցություն էր ունենում եւ նրանք առողջանում էին, իսկ շատերը դրանից շնչահեղձ էին լինում ու մահանում: Պատասխանը գտնվեց 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Հետազոտելով էրիթրոցիտներըՙ արյան կարմիր գնդիկները, ավստրիացի գիտնական Կարլ Լանդշտայները նկատեց, որ այդ գնդիկների մակերեսին լինում են ստույգ «տարբերակիչ նշաններ»ՙ ակոսիչներ, ընդ որումՙ երկու տեսակի: Դրանք գիտնականը նշեց A եւ B տառերով: Այդ նշանակում էր, որ մեկիս մոտ A ակոսիչ կա, մեկ ուրիշի մոտՙ B, իսկ մի երրորդ մարդու մոտ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. այս վիճակը գիտնականը նշում է Օ տառով: Ակոսիչները հակագեներ են, այսինքնՙ հատուկ սպիտակուցներ են, որոնք զանազանում են գնդիկները: Փաստորեն, Կ. Լանդշտայների հետազոտության արդյունքում ամբողջ մարդկությունը, ըստ արյան երեք կարգերի, բաժանվեց երեք խմբիՙ O (1-րդ), A (2-րդ), B (3-րդ): Մի քանի տարի անց հայտնաբերվում է նաեւ արյան չորրորդ կարգըՙ AB, որտեղ էրիթրոցիտների վրա նկատվում են երկու հակագեներըՙ A-ն եւ B-ն: Այս հայտնագործությունն էլ անվանում են «ABO համակարգ»:

Այսպիսով, երկրագնդի բնակիչները զանազանվեցին յուրաքանչյուրի երակներում հոսող արյամբ:

Արյունատունՙ ներարկվողի եղբայր

Ո՞վ կարող է արյունակից բարեկամից ավելի արյունակից լինել մեզ: Իհարկե արյունատուն, այսինքնՙ մարդը, որը մեզ է տալիս իր արյունը: Արյունատուն եւ նրա արյունը ներկրողը դառնում են «արյունակից եղբայրներ»: Մինչդեռ ամենամոտ հարազատների արյան խմբերը տարբեր են լինում: Այս երեւույթի պատճառը բացատրում է ծագումնաբանությունը: Մեկ բջջից մեր մարմինը կառուցելու մասին տեղեկատվությունը կոդավորված է մեր գեներում: Բայց մեր յուրաքանչյուր նշանի համարՙ մաշկի կամ աչքերի գույնի, քթի չափսի կամ արյան կարգի, պատասխանատու է ոչ թե մեկ, այլ զույգ գեներ: Բեղմնավորման խորհրդավոր գործընթացում ապագա երեխան վերցնում է հոր եւ մոր յուրաքանչյուր զույգ գեներից մեկական գեն: Նա ընդունակ չէ ընտրել այն գենը, որն «ամենալավն է», այլ կարող է ընդամենը ժառանգել ծնողների գեների չորս հնարավոր զուգակցումից յուրաքանչյուրը: Այդ պատճառով հարազատ չորս քույրերն ու եղբայրները կարող են ունենալ արյան չորս տարբեր կարգեր:

Այն օրվանից, երբ արյուն ներարկելիս սկսեցին հաշվի առնել արյունատուի եւ այն ներկրողի արյան կարգերը, ողբերգական հետեւանքների թիվը կտրուկ նվազել է, սակայն ի սպառ չի վերացել: Առանձին դեպքերում նույնիսկ արյան համապատասխան կարգի ներարկման ժամանակ հիվանդի էրիթրոցիտները նստվածք են տալիս եւ կպնում են իրար, կորցնելով թթվածին ընդունելու հատկությունը:

«Արյան անհամապատասխանության» մեկ այլ երեւույթ է տեղի ունենում որոշ հղիների մոտ: Նրանց օրգանիզմը, չգիտես ինչու, պոկում էր իր իսկ բեղմնավորած երեխային: Պատճառը հայտնի է դառնում ավելի ուշ:

1940-ին մարդու արյան էրիթրոցիտներում հայտնաբերվում է հակագեն (սպիտակուց), որն աելի վաղ նկատվել էր ուսումնասիրվող կապիկների արյան մեջ: Այդ նոր հակագենը, որն անվանեցին ռեզուս-գործոն, կախված չէ արյան կարգի հետ: Մարդկության 58 տոկոսը այդ գործոնի երջանիկ կրողն է, իսկ նրանց արյունը կոչվում է դրական ռեզուս: Մնացած 15 տոկոսը, ում ռեզուս-գործոնը բաժին չի ընկնում, համարվում են բացասական ռեզուսի կրողներ: Հենց նրանց գլխին էլ ամեն ինչ կոտրվում է: Եթե ուրիշի ռեզուս-գործոնը հայտնվում է բացասական ռեզուսով մարդու արյան մեջ, ապա նրա վարակամերժ համակարգը պաշտպանվում է. ձեւավորվում են հակառեզուսային հակամարմիններ, որոնք սոսնձում են դրական ռեզուսի էրիթրոցիտներին, եւ ամբողջ ներարկվող արյունը դառնում է անպետք: Ավելի վատ վիճակ է ստեղծվում հղիների մոտ:

Այն գենը, որից կախված է ռեզուս-գործոնի առկայությունը կամ բացակայությունը, փոխանցվում է մեր երեխաներին համաձայն ծագումնաբանության օրենքների: Եթե ծնողները բացասական ռեզուսով են, ապա նրանց երեխան նույնպես բացասական ռեզուսով է ծնվում, եւ անհաջողությունները սկսվում են միայն այն ժամանակ, երբ այդ շառավիղը փորձում է իր ժառանգներն ունենալ:

Բարդ է նաեւ այն մարդկանց խնդիրը, ում կողակիցը չունի ռեզուս-գործոն: Նրանք պետք է հարյուր անգամ մտածեն երեխա ունենալուց առաջ: Սակայն ամենավատ վիճակում են այն զույգերը, որ բացասական ռեզուսով կինը հղի է դրական ռեզուսով պտուղով, որը ռեզուս-գործոնն ստանում է հորից: Այդ դեպքում վաղ թե ուշ պտղի էրիթրոցիտները հայտնվում են մոր արյան մեջ եւ ի հայտ է գալիս ընհարումային ռեզուսըՙ կնոջ օրգանիզմն սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք ոչնչացնում են «թշնամու»ՙ իր ապագա երեխայի էրիթրոցիտները: Թեորիան հուշում է, որ այդպիսի առաջին հղիությունը վտանգավոր չէ, քանի որ մոր եւ երեխայի արյունը խառնվում է միայն ծննդաբերելու ժամանակ: Գործնականում նկատելի է դարձել, որ այն կատարվում է ավելի շուտ, նույնիսկ ամենաաննշան պաթոլոգիայի դեպքում:

Զարգացման արդյունքը

Բժիշկ գիտնականները չգիտեն, թե որտեղից են ի հայտ եկել արյան խմբերը, եւ ինչի են պետք: Այդ մասին հիպոթեզն ասում է, որ դրանք բնության անմիջական ազդեցության ներքո եւ բնական կերակրատեսակների ընտրության պայմաններում մեր նախնիների մարսողության եւ իմունային համակարգի զարգացման տարբեր փուլերն են ներկայացնում:

Վաղնջական ժամանակներում բոլոր մարդիկ ունեին արյան միեւնույն կարգըՙ առաջին, այսինքնՙ Օ (1-ին): Նրանց մարսողության ուղին հիանալիորեն հարմարեցված էր որսի մսամթերքը մարսելու համար: Հետագայում, շատ ժողովուրդների մոտ նստակյաց կյանքի, հողագործության զարգացման եւ մսամթերքի կրճատման հետ կապված ձեւավորվում է արյան «բուսակերական» երկրորդ կարգըՙ A (2-րդ): Այս կարգն այսօր գերիշխում է Եվրոպայում: Գիտնականները գտնում են, որ հենց այս կարգն ունեցող մարդիկ են գոյատեւել ժանտախտի եւ խոլերայի կործանարար համաճարակների ժամանակ:

Երրոդ կարգըՙ B (3-րդ) առաջացել է ասիական քոչվոր ցեղերի մոտ: Այն անասնաբուծության եւ կաթնամթերք օգտագործելու հետեւանք է: Եվ վերջապես, չորրորդՙ ամենաերիտասարդ արյան կարգըՙ AB (4-րդ)-ը ձեւավորվել է 1000-1500 տարի առաջ, A եւ B գեները կրողների խառնամուսնությունների հետեւանքով:

Այս թեորիայի վրա է հիմնված հանրահայտ «սնունդ, ըստ արյան կարգի» համակարգը: Ըստ այդմՙ առաջին կարգի արյուն ունեցող մարդիկ հազվադեպ են խմիչք օգտագործում, եւ ալկոհոլը նրանց զգալիորեն ավելի քիչ վնաս է պատճառում, քան մյուսներին: Երկրորդ կարգ ունեցողների համար սպիրտային խմիչքներն անտանելի են, իսկ երրորդ կարգի արյուն ունեցողները հաճախ հարբեցողներ են դառնում:

Հետաքրքրական է նաեւ գիտնականների այն կարծիքը, որ արյան կարգի հետ նրանք կապում են մարդկանց բնավորության գծերն ու վարքագիծը, իրականությունն ընկալելու հնարավորությունները, որեւէ հիվանդության հակումները եւ խորհուրդ են տալիս ըստ այդմ ընտրել ֆիզիկական ծանրաբեռնվածության համապատասխան կենսակերպ:

Պտուղն արդյո՞ք ծառից է

Ծնողների արյունը երեխաները ժառանգում են խորամանկորեն, երբեմն նրանց ստիպելով մտատանջվել, թե ու՞մ է նմանվել իրենց զավակը:

- Առաջին կարգի արյուն ունեցող ծնողները կարող են չանհանգստանալ. նրանց երեխան անպայման ունենում է նույնՙ առաջին կարգի արյուն:

- Երկրորդ կարգի արյուն ունեցողների երեխան կարող է ծնվել առաջին կամ երկրորդ կարգի արյունով:

- Երրորդ կարգի արյուն ունեցողների երեխան ունենում է առաջին կամ երրորդ կարգի արյուն:

- Առաջին եւ երկրորդ կարգի արյուն ունեցողների երեխաներըՙ առաջին կամ երկրորդ:

- Առաջին եւ երրորդ կարգի արյուն ունեցողների երեխաներըՙ առաջին կամ երրորդ:

- Երկրորդ եւ երրորդ կարգ ունեցողների երեխաները կարող են ծնվել որեւէ կարգի արյունով:

- Առաջին եւ չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաներըՙ երկրորդ եւ երրորդ:

- Երկրորդ եւ չորրորդ կարգ ունեցող ծնողների երեխաները կարող են ծնվել երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով:

- Երրորդ եւ չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով:

- Չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով:

Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4