«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԵՐԿՐՈՐԴԸ ԼՐՏԵՍ Է, ԱՄԵՆ ԵՐՐՈՐԴԸ` ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ

Ի՞նչ կլինի հունվարի 6-ին

Վրաստանում իրավիճակն այնպիսին է, որ ավելի հաճախ լրտեսության, հայրենիքի դավաճանության, հեղաշրջման փորձեր անելու մեջ են մարդկանց մեղադրում, ընդ որում, որպես վկայություն ներկայացվում են ենթատեքստից դուրս մեջբերումներ տարբեր հեռախոսազրույցներից:

Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, արդեն հերթական անգամ, հայտարարեց, թե բացահայտել է հակապետական դավադրություն օլիգարխ, ներկայումս հունվարի 5-ի նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածու Բադրի Պատարկացիշվիլու մասնակցությամբ եւ սահմանադրական կարգի բռնի հեղաշրջման նպատակով: Ընդ որում, նման մեղադրանք ներկայացնելու հիմք են մատուցվում աուդիո եւ տեսաձայնագրությունները ներկայումս Պատարկացիշվիլու նախընտրական շտաբը գլխավորող, վրաց խորհրդարանի անդամ Վալերի Գելբախիանիի ու կաշառելու «ենթակա» անձանց օրերս տեղի ունեցած հանդիպումներից:

Այդ «հեղաշրջման խոսակցություններից» կարելի է եզրակացնել, թե ընդդիմությունը նման նպատակներով ակցիաներ է պատրաստվում կազմակերպել եւ իրագործել հունվարի 6-ին` նախագահական ընտրությունների քվեարկության հաջորդ օրը: Արդեն իսկ հայտարարվել է, որ Պատարկացիշվիլու նախընտրական շտաբի պետը կձերբակալվի` նախապես որպես կասկածյալ սահմանադրական կարգը բռնի զավթելու նախապատրաստման մեղադրանքով:

Ամեն դեպքում, վրաց միասնական ընդդիմության ազգային խորհուրդը հերքում է Պատարկացիշվիլու հետ հեղաշրջում անելու առնչությամբ բանակցությունների մեղադրանքը: Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ իրենց գործունեության մեջ ոչ մի անօրինական քայլ չի եղել, իսկ փոխհարաբերությունները Պատարկացիշվիլու հետ կշարունակվեն: Ընդ որում, ընդդիմադիրների որակմամբ, այս ամենը հասարակության ուշադրությունը շեղելու դիտավորություն ունի:

Չնայած այս ամենին` «Ընդհանուր եվրոպական գործ» ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հրապարակած հարցումների համաձայն, արտահերթ նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով: Ըստ անցկացված հարցումների, առաջին տեղում է ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն` 21,9 տոկոս ձայներով, որ շատ քիչ է ավելի նախագահության երկրորդ ժամկետին գնացող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ձայներից, որի օգտին քվե է տվել հարցվածների 21 տոկոսը: Այնուհետեւ Բադրի Պատարկացիշվիլին է` 20,3 տոկոսով, Դավիթ Գամկրելիձեն` 7,9, Շալվա Նաթելաշվիլին` 6,1:

Դատելով հեղաշրջման մեղադրանքների առատությունից` կարելի է ենթադրել, որ հնարավոր ընտրախախտումների մասին խոսակցություններն ու այդ առնչությամբ ընդդիմության հնարավոր դժգոհությունն արդեն իսկ փորձում են կանխել: Խնդիրն այն է, որ ավելի հաճախ խոսվում է ոչ թե հունվարի 5-ին, այսինքն` նախապատրաստվելուն բուն քվեարկության օրվան, այլ հունվարի 6-ին ընտրակեղծիքների առնչությամբ բողոքի ակցիաներին:

Եվ եթե այդ խոսակցություններն իրականությանը համապատասխանում են, ուրեմն հունվարի 6-ին պատրաստվում է ոչ միայն վրաց ընդդիմությունը, այլեւ իշխանությունը: Եթե ընդդիմության համար հնարավոր կեղծիքների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելը գործունեության ձեւ է, ապա նոյեմբերի 7-ին փողոց դուրս եկած բնակչության դեմ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ ու մահակներ կիրառած իշխանությունների համար նախապես հակասահմանադրական գործունեության մեջ մեղադրելը հետագայում հիմք կլինի վարվելու ուզածի պես:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4