2008-ը բանակցությունների առումով ավելի խաղաղ կլինի
Անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով անարդյունք էր, իսկ ամռանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան այցն առավել ընդգծեց բանակցությունների անարդյունավետությունը: «Փաստարկ» ակումբում երեկ գնահատելով անցնող տարում ղարաբաղյան խնդրի ուղղությամբ կատարված բանակցությունները` ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա վստահ է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները հիմնված են իրենց երկրի ռազմաբյուջեի կտրուկ աճի եւ նավթադոլարների վրա, իսկ Հայաստանի կեցվածքն արդյունք է մեր երկրի արտաքին քաղաքականության կոմպլեմենտարության:
«Մեր արտաքին քաղաքականությունը նոր նախագահի հետ պետք է փոխվի, եւ Հայաստանը պաշտպանողական դիրքերից պետք է անցնի հարձակողական դիրքի», համոզմունք հայտնեց քաղաքագետը` միաժամանակ ընդգծելով, որ մեր երկրի պաշտպանողական կեցվածքը հասել է տրամաբանական ավարտին: Վկայակոչելով Ալիեւի մոտեցումը, երբ 2003-ին նախագահ դառնալուց հետո հայտարարեց, թե նախկինում եղած բանակցությունները թողնում եւ նոր էջից են ամեն ինչ սկսում, նա նշեց. «Եկել է ժամանակը, երբ նախագահի ընտրությունից հետո Հայաստանը պիտի մոռանա նախկինում եղած բանակցությունները եւ նոր, ավելի հարձակողական դիրքերից հանդես գա»:
Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, մեր ժողովուրդը կարող է այնպիսի նախագահ ընտրել, ով ունի ազգային մտածելակերպ եւ կարող է թե՛ ազգի շահերի մասին մտածել, թե՛ ղարաբաղյան հարցը ներկայացնել վերը նկարագրված ձեւով: «Ամենքի մեջ էլ այս կամ այն չափով կարելի է գտնել ազգային մտածելակերպը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով իր ամբողջ գործունեությամբ բավական համոզիչ ապացուցել է եւ հիմա էլ նշում է, որ իր համար ավելի կարեւոր են դեմոկրատիան, մարդու իրավունքները, քան ազգի շահերը, ազգի իրավունքները»:
Հարձակողական քաղաքականությունը, քաղաքագետի կարծիքով, ոչ թե Ադրբեջանի նման հայտարարություններ անելն է, այլ պահանջներ ներկայացնելը:
«Օրինակ, մենք իրավունք ունենք պահանջելու, որ Արցախը ներկայացուցիչ ունենա ՄԱԿ-ում` թեկուզ ոչ ձայնի իրավունքով: Պետք է նկատի ունենանք, որ ՄԱԿ-ը միացյալ ազգերի կազմակերպություն է եւ ոչ թե Միացյալ պետությունների: Կարող ենք պահանջել, որ Արցախը ճանաչվի որպես պետություն: Մենք մեր «կոզրները» չենք օգտագործում ամբողջությամբ: Արցախը պետք է լինի կոնֆլիկտի անդամ», ասաց քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ, այս ամենը մեր երկրի որդեգրած կոմպլեմենտարիզմի արդյունքն է, սակայն վաղ թե ուշ, իսկ ավելի շուտՙ վաղ, քան ուշ, ստիպված ենք լինելու ընտրություն կատարել: Քաղաքագետի կարծիքով, հարձակողական դիրքի անցնելու համար մենք բավական նպաստավոր վիճակում ենք` միջազգային օրենքները նպաստում են Արցախի անկախության ճանաչմանը, մենք ունենք սահմանները պաշտպանող մարտունակ բանակ, կան նմանատիպ խնդիրների նախադեպեր:
2008-ը, Մելիք-Շահնազարյանի կանխատեսմամբ, ավելի խաղաղ է լինելու բանակցությունների առումով, իսկ պատերազմի հավանականությունն էլ քիչ հավանական է տարածաշրջանում երկու պատճառով. նախ` տարածաշրջանում ֆորսմաժորային իրավիճակ կա, հետո էլՙ մեր եւ Ադրբեջանի պատերազմով ոչ մի լուրջ երկիր շահագրգռված չէ: Իսկ պատերազմ սկսվելու դեպքում, քաղաքագետը համոզված է, կամ շտապ կդադարեցվի օտար ուժերի կողմից, կամ էլ կավարտվի Ադրբեջանի պարտությամբ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ