Սեյսմիկ պաշտպանության ներկա վիճակի մասին
Ուժեղ երկրաշարժերը գալիս են անակնկալ, տեւում են վայրկյաններ, իսկ դրանց հետեւանքները հաճախ ծանր ու տեւական են լինում: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հյուսիսային բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի վկայությամբՙ 7 մագնիտուդի երկրաշարժերը, որպիսին Սպիտակինն էր, պիտի այդքան ծանր հետեւանքներ չունենան: Դրանք այդպիսի հետեւանքներ ունենում են այն երկրներում, որտեղ զարգացածության մակարդակը ցածր է, սեյսմիկ պաշտպանության խնդիրները բավարար մակարդակով լուծված չեն:
Սպիտակի աղետի դասերի, մեր երկրում երկրաշարժերից պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ անցած տարիներին ձեռնարկված քայլերի մասին բավականին խոսվել է: Այսօր եւ հետագայում էլ կարեւոր է մնում մեկ այլ բան. թե ընդունելով անհրաժեշտ օրենքներ, ստեղծելով կառույցներՙ մենք, մեր պետությունը դրանով հանգստացել ու գործն ավարտվա՞ծ ենք համարում, թե՞ շարունակում ենք այս հարցում մշտապես զգոն մնալ ու մեր «վառոդը չոր պահել»: Խնդիրը տվյալ դեպքում սերտորեն կապված է սեյսմիկ պաշտպանության ազգային կառույցի գործունեության հետ, որի ստեղծումը ժամանակին կարեւոր ու անհրաժեշտ քայլ էր մշտապես երկրաշարժերի վտանգի առջեւ կանգնած մեր երկրի համար:
ՍՊԱԾ-ը, որի գործունեությունը ներառում է սեյսմիկ պաշտպանության բոլոր ուղղություններըՙ սեյսմիկ ռիսկի գնահատումից ու այդ ռիսկի նվազեցումից մինչեւ բնակչության հետ կատարվող աշխատանքները, 1992 թվականին ստեղծվեց որպես կառավարությանն առընթեր կառույց: Դա առաջադիր խնդիրներին համապատասխանող շատ բարձր կարգավիճակ էրՙ անհրաժեշտ ֆինանսական ու կազմակերպական հնարավորություններով, ինչը ժամանակին թույլ տվեց մեծ ծավալի աշխատանք կատարել: Բայց, ինչպես նշում է Սերգեյ Նազարեթյանը, կառույցի նկատմամբ կառավարության վերաբերմունքը մի տեսակ փոխվեց, 2004 թվականից նրա կարգավիճակն իջեցրին. նախ դարձրին ավելի նեղ խնդիրներ ունեցող արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանում, ապա մտցրին տարածքային կառավարման նախարարության կառուցվածքի մեջ, ստեղծվեց գործակալություն: Եվ այսօր կառույցը մի տեսակ ուշադրությունից դուրս վիճակում է: Կարգավիճակի այսպիսի նվազումը բերել է նախ նրան, որ իրենց ձայնը «վերեւներին» այնքան լսելի չէ: Այս դեկտեմբերի 6-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ մեր հարցին, թե, օրինակ, նախարարը կամ փոխնախարարը մինչեւ հիմա եղե՞լ են ձեզ մոտ, կամ դուք որպես ծառայության ղեկավար եղե՞լ եք նրանց մոտՙ պրն Նազարեթյանի պատասխանը բացասական էր: Իրենք (բաժանմունքը) բարեխղճորեն ներկայացնում են հաշվետվություններ, գրում առկա խնդիրների մասին, կամ, ասենք, գիտատեխնիկական խորհրդի որոշումով դիմում են նախարարին, ու մեկ էլ նախարարությունից իրենց զանգում, ասում են, թե «հավանաբար կզեկուցենք նախարարին»...
«Մեզ համար հատկապես ցավալի է, որ գիտական հիմնարկի կարգավիճակից զրկվեցինք,- ասում է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային կառույցի ղեկավարը:- Մեր ոլորտը լրիվ կայացած չէ, դեռեւս հետազոտություններ պիտի կատարվեն: Դրա համար մենք ունենք շատ բարձր որակավորմամբ կադրեր, գիտության 3 դոկտորներ, 7 թեկնածուներ: Հիմա մենք ոչ գիտական հիմնարկ ենք, ոչ էլ ծառայություն ենք: Եթե ծառայություն ենք, մեզ պիտի նայեն, ասենք, մաքսային ծառայության, հարկային ծառայության, փրկարար ծառայության նման: Մինչդեռ այժմ մեր աշխատավարձերի, նյութական ռեսուրսների չափը այդ թվարկածների հետ բացարձակ համեմատելի չէ, մոտ տասնապատիկ զիջում ենք նրանց: Մեր հիմնարկը որպես սուբսիդավորվող հիմնարկ փող չունի, եթե ունենա էլՙ իրավունք չունի հիմնական միջոցներ, այդ թվումՙ սարքավորումներ գնելու: Մեր աշխատողներից 47-ի աշխատավարձերը 25 հազարից պակաս են, ինչը կարող է հանգեցնել աշխատողների կրճատման, սա իր հերթինՙ դիտակայանների փակման: Իսկ կայան փակելն ուղղակի հանցագործություն է, որովհետեւ մի կայանը հետաքրքրություն է ներկայացնում, երբ ունի դիտարկումների 15-20 տարվա չընդհատվող շարք: Եթե հիմա փակեցիր, հետո բացեցիր, այդ շարքը չես ունենա»: Ինչպես նշում են Ս. Նազարեթյանը, Գյումրի կենտրոնով հյուսիսային բաժանմունքի մյուս պատասխանատուները, իրենց սպասարկած 43 կետերից կազմված դիտացանցը 92 թվականից այս կողմ նոր սարքավորումներ չի ստացել, ոլորտի տարածաշրջանային առաջատարի դերը կամաց-կամաց զիջում ենք, առկա տասնյակ միջազգային պայմանագրերը չեն գործում... Էլ չենք խոսում սեյսմիկ պաշտպանության խնդիրների համակարգման անմիջական լծակների բացակայության մասինՙ պայմանավորված կառույցի ցածր կարգավիճակով:
Հարկ կա՞ կրկնելու, որ ուժեղ երկրաշարժը միշտ իր մասին «հիշեցնում է» այն ժամանակ, երբ ինքներս սկսում ենք բավարար չափով չհիշել: Ի դեպ, հիշյալ ասուլիսի օրը սեյսմիկ պաշտպանության հյուսիսային կառույցի գլխավոր սեյսմաբանը լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց, որ Հայաստանի ամբողջ տարածքում հիմա էլ սեյսմիկ ֆոնի մակարդակը բարձր է, այս տարի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիները գործում են:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ