Համոզմունք հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պատասխանելով Երեւանում կառուցապատման բարձր տեմպերին առնչվող հարցին, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այն կարծիքը հայտնեց, որ եթե երկրի վիճակն այլ լիներ, հնարավոր չէր լինի նման տեմպերով շինարարություն իրականացնել: Նրա համոզմամբ, դա կապված է եղել երկրի կայուն քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ: Քաղաքապետը կարեւորելով մայրաքաղաքի նշանակությունը երկրի ընդհանուր ցուցանիշներում, հայտնել է, որ արդյունաբերական արտադրանքի 44 տոկոսը, սպառողական ապրանքների իրացման 59 տոկոսը, շինարարության ծավալների 89 տոկոսը, մանրածախ առեւտրի 88 տոկոսը եւ ծառայությունների 89 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին:
Ամփոփելով 2007-ի արդյունքները, Երվանդ Զախարյանն այն ընդհանուր առմամբ հաջող համարեց, քանի որ բոլոր նախանշված ծրագրերը հաջողությամբ են կատարվել: Այսպես, նախատեսված 83 մլրդ դրամի աշխատանքներից փաստացի կատարվել են 94 մլրդ դրամի աշխատանքներ, ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական ծրագիրը կատարվել է 113 տոկոսով: Վերոնշյալ գումարից մոտ 76 մլրդ դրամը հատկացումներն են պետական բյուջեից, 6 մլրդ դրամը համայնքային բյուջեների գումարն է, 766 մլն դրամը համաքաղաքային նշանակության ծախսերի համար է, իսկ ավելի քան 10 մլրդ դրամըՙ ֆինանսավորման այլ աղբյուրներինը:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտի ծրագրերն իրականացվել են ըստ 2005-ին ընդունված Երեւանի գլխավոր հատակագծի: Կարեւորելով այս փաստաթուղթը, Երվանդ Զախարյանը մատնանշեց դրան հետեւող հաջորդ քայլիՙ համայնքների գոտեւորման նախագծերի անհրաժեշտությունը: Նա հայտնեց, որ արդեն իսկ մշակվել են 5 համայնքների գոտեւորման նախագծերը, եւ հույս հայտնեց, որ առաջիկա երկու տարիներին պատրաստ կլինեն նաեւ մյուս համայնքների գոտեւորման փաստաթղթերը: Ինչ վերաբերում է Երեւանի հետագա զարգացման ծրագրերին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս տարի ավարտվում է Երեւանի զարգացման 2004-2007 թվականների ծրագիրը, քաղաքապետը հայտնեց, որ մշակվում է Երեւանի զարգացման 2008-12 թվականների ծրագիրը, որը, նրա կարծիքով, ուղենիշային կլինի մինչեւ 2020 թվականը:
Այս տարվա կարեւոր իրադարձություններից Երվանդ Զախարյանն, անշուշտ, նշեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ինչպես նաեւ քաղաքաշինական մյուս խոշոր ծրագրերը: Նա առավել անդրադարձավ Երեւանի տարբեր հատվածներում ավարտին մոտեցող ճանապարհային հանգույցների եւ անցուղիների շինարարությանը: Մասնավորապես Երեւանի քաղաքապետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին պատրաստ կլինեն Բաղրամյան-Կասյան եւ Բաղրամյան-Օրբելի փողոցների հանգույցները եւ էստակադան, Վարդանանց-Խանջյան, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան խաչմերուկների անցուղիները, ինչպես նաեւ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցի երթեւեկելի հատվածը: Արդեն ավարտվել է Իսակովի պողոտայի 4 եւ Մյասնիկյան պողոտայի անցումների կառուցումը:
Ճանապարհային հանգույցների շինարարությունը Երեւանի համար քաղաքապետը խիստ անհրաժեշտ համարեց, նկատի ունենալով ավտոմեքենաների կտրուկ ավելացումըՙ այս տարվա 8 ամիսներին 22 հազարով, իսկ մինչեւ տարեվերջ, հավանաբար, 30 հազարով: Նա նշեց, որ այդ ծրագրերն ինչ-որ տեղ ուշացած են եւ եթե տարեկան 1 կամ 2 օբյեկտ կառուցվեր, ապա դրանք արդյունավետ չէին լինի:
Տրանսպորտային խնդրի մասին խոսելով, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ այս տարի նախատեսված է եղել ներկրել 100 նոր ավտոբուս, բայց հետագայում որոշվեց այդ թիվը հասցնել 150-ի: Միայն այս տարի ներկրված ավտոբուսների թիվը կազմում է 97, եւս 50 ավտոբուս գտնվում են ճանապարհին եւ շուտով կհամալրեն մայրաքաղաքի ավտոբուսային պարկը: Այսպիսով, ըստ քաղաքապետի, տարեվերջին Երեւանում կունենանք ընդհանուր առմամբ շուրջ 300 ավտոբուսներ: Նա նաեւ տեղեկացրեց, որ եկող տարի կավարտվեն կանգառների տաղավարների տեղադրման աշխատանքները:
Քաղաքապետն անդրադարձավ մետրոպոլիտենի գործունեությանը եւ նրա հեռանկարներին: Նա այն կարծիքը հայտնեց, որ հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը Երեւանում մինչեւ վերջ չի լուծվի, եթե միջոցներ չգտնվեն մետրոպոլիտենի զարգացման համար: Քանի որ խոսքը մեծ գումարների մասին էՙ շուրջ 50-60 մլն դոլար միայն դեպի Աջափնյակ գնացող երթուղու եւ կայանի շինարարությունն ավարտելու համար, ապա դրանք ներգրավելու համար ներկայումս բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ: Երվանդ Զախարյանն ավելացրեց, որ առաջիկայում պետք է մտածել նաեւ դեպի Կոմիտասի պողոտա մետրոպոլիտենը շարունակելու եւ երկու կայաններ կառուցելու ուղղությամբ:
Ավելի քան 2000 վերելակների նորոգման կամ նորերի տեղադրման աշխատանքները, որոնք ֆինանսավորել է պետական բյուջեն, վերջնականապես կավարտվեն մինչեւ 2008-ի հոկտեմբերը: Երվանդ Զախարյանը խոստացավ, որ այդ ժամանակ Երեւանում ոչ մի չաշխատող վերելակ չի լինի:
Քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղություններից է 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքերի հարցի լուծումը: Ըստ քաղաքապետի, մինչ այժմ նորոգվել են 38 3-րդ կարգի վթարային շենքեր եւ կառուցվել 6 նոր շենքեր 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար: Ընդ որում, վերջին 4 շենքերը շահագործման հանձնվեցին մի քանի օր առաջ: Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների հարցը 2008-ի տարեվերջին ամբողջությամբ կլուծվի, ինչ մնում է 3-րդ կարգի վթարայնության շենքերին, ապա դրանք կամրացվեն կամ եթե ամրացման համար ծախսերը մեծ լինեն, կկառուցվեն նոր շենքեր:
Հյուսիսային պողոտայի որոշ բնակիչների շարունակվող դժգոհությունների մասին հարցին քաղաքապետը պատասխանեց, որ ավելի քան 2000 պայմանագրեր կնքածներից դժգոհել են միայն 25-ը, որը ընդհանուրի մոտ 1 տոկոսն է կազմում: Դա էլ պայմանավորված է եղել այն բանով, որ Հյուսիսային պողոտան առաջին նման նախագիծն էր եւ միգուցե կարելի էր այլ լուծումներ գտնել: Նա շեշտեց, որ այդուամենայնիվ ոչ ոք չի հարկադրել այդ տարածքում ապրող բնակիչներին պայմանագրեր կնքել եւ դրանք կնքվել են նրանց կամքով: Ներկայումս վարչապետի հանձնարարականով որդեգրվել է այլ մոտեցում, ըստ որի իրացման գոտու յուրաքանչյուր բնակչի պետք է բնակարան առաջարկվի նույն տարածքում:
Երվանդ Զախարյանը հայտնեց, որ իրացման մյուս գոտիներումՙ Կոնդում, 33-րդ թաղամասում, Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հարող տարածքում, Կոզեռնում եւ այլ վայրերում իրացման եւ շինարարական աշխատանքները կսկսվեն եկող տարի: Ինչո՞վ է պայմանավորված ներկայիս սպասողական վիճակը այդ տարածքներումՙ «Ազգի» հարցին պատասխանելով քաղաքապետը նշեց, որ օրենքով ժամկետներ են սահմանված գույքագրման, գնահատման, գնային առաջարկների ներկայացման համար եւ այդ աշխատանքներն ընթանում են նախանշված ժամանակացույցով: