Հայ երգարվեստի երկրպագուներն ու մաեստրո Հովհաննես Չեքիջյանի սիրահարներն էին հավաքվել կիրակի երեկո «Արամ Խաչատրյան» մեծ համերգադահլիճում. Հայաստանի պետական երգչախմբի 70-ամյակի հոբելյանական վերջին համերգն էր եւ այդ առթիվ Աննա Ասատրյանի հեղինակած «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» գրքի շնորհանդեսը: Կար նաեւ մեկ այլ առիթ, որի մասին հուրախություն բոլոր ներկաներին հայտնեց օրվա համերգավար, ասմունքող Սարգիս Նաջարյանը` դեկտեմբերի 23-ը Մաեստրոյի ծննդյան 79-րդ տարեդարձն էր լրանում: Անշուշտ նաեւ դրա համար էր բեմի վրա այդքան ծաղիկ ու ծաղկեփունջ:
Հոբելյանական համերգից առաջ երգչախմբի ու նրա 40-ամյա ղեկավարի, ինչպես նաեւ հայ երգարվեստի մասին հրաշալի խոսքեր ասացին մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության բաժնի (բա՛, այդպիսի բաժին էլ ունի նախարարությունը) պետը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, ինչպես նաեւ «Մեսրոպ Մաշտոց» մշակույթի կենտրոնի նախագահ տիկին Նադյա Անտոնյանը: (Այս տիկինն այնքան վերամբարձ ճառ արտասանեց մաեստրոյին նվիրված, այնքան ճոռոմ խոսքեր ասաց, որ ներկաների ուշադրությունը սեւեռվեց ավելի շատ նրա բառակապակցությունների, քան դրանց բովանդակության վրա, օրինակ, մաեստրոյին իբր գովելիս առնվազն 3 անգամ նա կրկնեց այդ օրվա իր գյուտը` «անթթվածին ինքնայրումով» արտահայտությունը, առանց անդրադառնալու, որ դա հենց... շմոլ գազն է):
Ինչեւիցե: Հետեւեց հրաշալի համերգը, երգարվեստի հրավառությունը, որը վերջում առիթ տվեց վաստակավոր լրագրող ընկերոջս ականջիս ասելու` «Ի՜նչ լավ եղավ. գոնե մի ժամով Կոմիտասը մաքրեց մեր հոգիները»: Եվ իրոք, Կոմիտասի գեղջկական մաքրամաքուր խմբերգերը, իսկ համերգի վերջում աստվածային «Ձիգ տու, քաշի»-ն ու «Հորովելը», արցունքներ խլեցին ներկաների աչքերից: Բացի Կոմիտասից, համերգին հնչեցին նաեւ Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Ռոսսինիի ստեղծագործություններից: Կատարվեց նաեւ Չուխաճյանի «Ավե Մարիան»ՙ Հարություն Օտաբաշյանի մշակումով եւ խմբավարությամբ:
Մինչ այդ համերգն ընդմիջվել էր շնորհանդեսային ինտերմեցցոյով. պետական կապելլայի 70-ամյակին նվիրված գրքի հեղինակ Աննա Ասատրյանը հակիրճ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, կարեւորությամբ նշեց մաեստրոյի ղեկավարած ավելի քան 800 համերգների մասին հայկական ու միջազգային մամուլում լույս տեսած հազարավոր նյութերից հավաքել-սեղմելու անհնարին աշխատանքի մասին եւ արեց մի բարեմաղթանք, որը բոլոր ներկաների սրտով էր` իրեն վստահել պատիվը առաջիկա տարի մաեստրոյի 80-ամյակին նվիրված գրքի պատրաստության:
Պետական ավագանին գրեթե լրիվ կազմով փայլում էր իր... բացակայությամբ:
Հ. Ա.