Այնթապի Զորավար Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան միջնակարգ դպրոցում շարունակվում են լիբանանահայ մանկավարժ, խմբավար Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառումները: Այս անգամ Գանտահարյանի անունը կրող հանդիսությունների դահլիճը հյուրընկալել է լիբանանահայ երգիչ Գեւորգ Հաճյանին իր ընտանիքի հետ: Ինչպես «Ազգի» հետ հանդիպմանը տեղեկացրեց «Այնթապ» հայրենակցական միության վարչական Սարգիս Գրբոյանը, հերթական միջոցառումը կրկին բերեց այն համոզման, որ հայ մարդը, որտեղ էլ լինի, միշտ վառ է պահում բոլոր նրանց հիշատակը, ովքեր ինչ-որ չափով ներդրում են ունեցել հայի դաստիարակության, ուսուցման գործում. «Գեւորգ Գանտահարյանը լինելով հայրենասեր մի անձնավորություն` կրկին անգամ տարավ մեզ հիշողությունների գիրկը: Չեք պատկերացնի, թե ինչ համակ ուշադրությամբ էին դպրոցի սաները ունկնդրում Գեւորգ Հաճյանի եւ իր տասներկուամյա որդու` կիթառահար Թաթուլի կատարումները: Եվ ինչպես իր խոսքում դպրոցի տնօրեն Լիլյա Շահբազյանն ասաց, Այնթապի երեխաները, որքան շատ են ներկա գտնվում այդպիսի մշակութային միջոցառումների, այնքան ավելի շատ են արվեստին մոտենում եւ միեւնույն ժամանակ դաստիարակություն ստանում»:
Լիբանանում (Այնջար) ծնված մուսալեռցի Գեւորգ Հաճյանը, որը գրեթե տասը տարի աշխատել է Քուվեյթում, ապրել Բեյրութում, արդեն երեք տարի է ինչ Հայաստանում է բնակվում եւ երգում է Հովհաննես Չեքիջյանի կապելլայում: Եվ ահա ներկա գտնվելով միջոցառմանը` դահլիճում հավաքվածներին է նվիրել ստեղծագործություններ Կոմիտասից, երգել «Կիլիկիա»` դաշնակահար Լեւոն Հարությունյանի նվագակցությամբ: Իսկ կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող շվիահար Կարեն Գրիգորյանը կատարել է Մոցարտի «Ռոնդո» եւ նեապոլիտանական երգեր:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ