Շահեն Խաչատրյանի «Թանգարանի զինվորը» գիրքը
Այն օրերին, երբ ուշադրությամբ կարդում էի Շահեն Խաչատրյանի «Թանգարանի զինվորը» գիրքը, ծանոթացա լրագրային երկու հրապարակման հետ: Առաջինը «Գրական թերթի» դեկտեմբերի 14-ի համարում եղած «Դեկտեմբերի 18-ին կլրանա Մ. Սարյանի տուն-թանգարանի ստեղծման 40-ամյակը» վերնագրով նյութն է, որի հեղինակը Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն է: «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ալբոմի առաջաբանից վերցված հատվածում, խոսելով Հայաստանի մշակութային այս ամենակարեւոր օջախներից մեկի մասին, գոնե մեկ խոսք չի ասված 37 տարի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը վարած Շահեն Խաչատրյանի մասին: Առավել արտառոցն այն էր, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ բազմաթիվ այլ մարդկանց ներկայությամբ նշված մշակութային հանդիսությանը «մոռացել էին հրավիրել» Շահեն Խաչատրյանին, «մոռացել էին» արժեւորել արվեստագետի աշխատանքը եւ երախտագիտություն հայտնել նրան, ով վարպետի ավելի քան 70 գործ է հայտնաբերել ու նվիրել թանգարանին:
Տարօրինակ ու անհեթեթ այս իրավիճակը հասկանալու համար բանալի կարող է լինել Շահեն Խաչատրյանի «Թանգարանի զինվորը» գիրքը: Փոքրիկ մեջբերում անենք այդ գրքից պատկերն ամբողջությամբ ներկայացնելու համար.
«... 2004-ին, երբ դեռ իմ յոթանասունը չէր լրացել, մի օր պատահաբար միացրի հեռուստացույցը ու հանկարծ «ԱԼՄ» հեռուստաալիքով տեսնում եմ ծանոթ դեմք: Ելույթի ընթացքում լսեցի հետեւյալ նախադասությունը. «Սարյան թանգարանի տնօրենը կապեր է պահում ՀՀՇ-ական նախկին իշխանության հետ եւ իր կաբինետը նրանց համար դարձրել է օֆիս»: Ապշեցի, որտեղի՞ց էր վերցվել ու ի՞նչ նպատակով էր հայտարարվում այս սենսացիոն հերյուրանքը: Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սուտՙ ստալինյան ժամանակների ոգով հնարված եւ մատնության գարշելի բնույթով: Միանգամայն ըմբռնելի էր, թե անցյալում ինչպես էին մարդկանց «ժողովրդի թշնամի» դարձնում: Երեկվա կոմունիստը, իր կուսակցական գունավորումը շտապ փոխածՙ մեղադրում էր ինձ, մի մարդու, որը երբեք որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի տարվել քաղաքական կրքերով: Եվ... բոլորովին ամոթ չէր զգում: Դիտելով հարմար այլ ժամի կրկնված նույն հաղորդումը, հասկացա, որ նման ելույթը բնավ պատահականություն չէր, դա նախապես ծրագրված քայլ էր: Ինձ առանձնապես ծանր ցավ պատճառեց այն, որ այդ ստորությունն իրեն թույլ էր տվել մեր ազգային մեծ բանաստեղծի թոռը...
Երկու շաբաթ անց ինձ կանչեց նորանշանակ նախարար Հովիկ Հովեյանը: Իր երկու ենթակաների ներկայությամբ նա դուրս եկավ գրասեղանի հետեւից, գրկեց ինձ ու ասաց. «Շահեն ջան, իսկական լավ աշխատելը մենք քեզանից ենք սովորել: Բայց վերեւից պահանջում են, որ ես նոր տնօրեն նշանակեմ...»: Շուտով իմացա, թե ի՞նչ էր «վերեւից»-ը: Իր տված հրամանի դիմաց, ի նշան շնորհակալության, նախարարը նվեր ստացավ սարյանական մի գործ, որը շատ չանցած վաճառվեց...»:
Չգիտեմ, որքանով եւ ինչպես կկարողանան հերքել այս երկու տեղեկությունը Ավիկ Իսահակյանն ու Հովիկ Հովեյանը, բայց դաժան փաստեր են ներկայացվածը...
Նույն Շահեն Խաչատրյանը, որին ոչ մի երախտագիտական խոսք չի ասվում, որին ըստ Հովիկ Հովեյանի, գործից հանում են «վերեւները» (կոնկրետ ո՞վ է այս «վերեւ»-ը), երախտագիտությամբ ու մեծարանքով է խոսում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման գործում Վարպետի որդուՙ Ղազարոս Սարյանի ներդրման մասին.
«... Սարյանի թանգարանի բացումից առաջ, ինչպես արդեն նշել եմ, Վարպետը 30 գեղանկարչական ու 20 գրաֆիկական գործերի նվիրատվություն արեց: Իմ աշխատանքի 38 տարիների ընթացքում սարյանական գործերի թիվը շարունակ աճեց, հասավ երկուհարյուր երեսունչորսի, որոնց թվում եւ իմ նվիրած երեք նկարները: Չեմ կարող խոր ակնածանքով չհիշել նկարչի ընտանիքին, մասնավորապես նկարչի առաջին ժառանգինՙ Ղազարոս Սարյանին, որը ոչ թե ինչ-որ ցանկացողների, այլ թանգարանին զիջեց (իհարկե, այն տարիների գումարային արժեքով) շուրջ ութսուն աշխատանք: Անմասն չմնացին նաեւ կոմպոզիտորի դուստրըՙ Կատարինեն (վեց աշխատանք) ու որդինՙ Ռուբենը (քսաներեք վաղ շրջանի ջրանկարներ): Իրենց մեծ հորից նվերներ ստացած նկարներից, իրենց հոր օրինակով, նրանք սիրով զիջեցին թանգարանին...»:
Շահեն Խաչատրյանի այս նոր գիրքը ընդհանրապես շատ մութ ծալքեր է բացում արվեստի պատմությունն ուսումնասիրողների համար: Հայաստանի թանգարանային հավաքածուները Շահեն Խաչատրյանի անմիջական նախանձախնդրությամբ ու մասնակցությամբ հարստացել են գեղանկարչական եւ գրաֆիկական մոտ հինգ հարյուր աշխատանքներով: Մարտիրոս Սարյան, Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Օնորե Դոմյե, Իսահակ Լեւիտան, Էդգար Շահին, Վարդան Մախոխյան, Մինաս, Ժանսեմ, Գառզու... Նկարիչների բնավ ոչ լրիվ այս ցանկը խոսում է այն մասին, թե Շահեն Խաչատրյանն ինչպիսի կարեւոր գործ է արել: Եվ եթե ծանոթանում ես «Թանգարանի զինվորը» գրքին, տեսնում ես, որ այս մարդն անցել է իսկապես փշե ճանապարհով, լինի դա 1946 թվականը, երբ Սիրիայից եկել է Հայաստան, 1991--2003 թվականները, երբ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն էր, մեր այս օրերը, երբ.. Աստված գիտե, թե ինչպես են գնահատում մարդուն եւ ինչի համար:
... 1946 թվական: «Ռոսիա» նավով Հայաստան են գալիս առաջին հայրենադարձները, որոնց թվում է նաեւ որմնադիր վարպետ Գեւորգ Խաչատրյանի ընտանիքը: Նավի վրա հայրը 12-ամյա որդունՙ Շահենին խնդրում է արտասանել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունըՙ Հայաստանի ներկայացուցիչների համար: Պատանին ոգեւորված արտասանում եւ... «չգիտեմ ինչու, ինձ թվում էՙ հենց դրա շնորհիվ մեր ընտանիքն ուղարկեցին ոչ թե շրջան, ինչպես շատ-շատերին, այլՙ Երեւան»:
Բայց երբ կարճ ժամանակ անց Շահեն Խաչատրյանն արտասանում է նույն այս բանաստեղծությունը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին նվիրված դպրոցական ցերեկույթում, դահլիճում նստածներից շատերը դուրս են գալիս, իսկ դպրոցի տնօրենը, արյունլվա անելով պատանուն, գոռում է. «Շան որդի, մենք, ինչ է, Սիբի՞ր ենք գնալու քո պատճառով...»: Հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կարդարացնեն այս դպրոցի տնօրենին, կասենՙ «ժամանակներն էին այդպիսին...»: Բայց այդ ամենավատ ժամանակներում ապրել են, չէ՞, լուսավոր մարդիկ: Մարդը եթե ինքն իրեն չի ճորտացնում, չի ստորացնում, ոչ մի բռնատիրական իշխանություն նրան չի կարողանա ճորտ կամ ստրուկ դարձնել: Բոլոր ժամանակներում էլ եղել են, կան ու կլինեն տականքներ, ովքեր լծված կլինեն օրվա իշխանությունների կառքին եւ կլինեն մարդիկ, ովքեր ազատ կլինեն ամեն մի վարչկարգից: Բոլոր ժամանակներում էլ կլինեն չարախոսներ, ծախողներ, բայց կլինեն մարդիկ, ովքեր, գլուխը կախ, իրենց գործը կանեն, այնպիսի գործ, որը մարդկանց լույս, բարություն է պարգեւում:
Չեմ ուզում, որ Շահեն Խաչատրյանը իմ այս կարճ գրության մեջ երեւա որպես կուռք, բայց կուզենայի, որ շատերը կարդային այս գիրքը: Ամեն մի նկարի ձեռք բերման պատմությունը մի գեղեցիկ նովել է, իսկ մարդկային հարաբերությունների քննությունը հոգեբանական վերլուծությունների եւ վերաարժեւորումների պահանջ կներկայացնի:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ