Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում
Երեւանում 2002-ից մինչ այսօր տարեկան 5-ական դպրոցում (ընդհանուր թվովՙ 36) իրականացվում են արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության փորձնական դասընթացներ: «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը մի քանի տարի Փարիզի «Մաշտոց» կազմակերպության հետ համագործակցությամբ Երեւանում կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` հունվար ամսից: Կենտրոնի առաջարկին ընդառաջած մի շարք դպրոցների 33 ուսուցիչներից այս տարի մրցութային կարգով հաղթել են 5-ը: Ըստ այդու, արեւմտահայերենի ուսուցմամբ դպրոցների քանակը համապատասխանաբար ավելացել է: Դրանցից է Սիլվա Կապուտիկյանի անվ. թիվ 145 դպրոցը, որի տասներորդ դասարաններից մեկում սեպտեմբերից փորձնական ուսուցում է անցկացվում շաբաթական 4 օր` արեւմտահայերեն լեզու եւ գրականություն առարկաներից: Ուսուցչուհի Խոնարհ Հովսեփյանը այս դասընթացները համարում է արմատներին վերադառնալու ամենակարեւոր քայլերից մեկը: Աշակերտին դասական ուղղագրությանը ծանոթացնելը նա փորձում է կատարել արդի ուղղագրության հետ շփոթ չառաջացնելու մեթոդով: «Ծառի արմատները եթե խամրել են, ուրեմն արմատները կենսունակ չեն: Ծառը արմատով է կենսունակ: Դասական ուղղագրությունը մեր լեզվի արմատն է: Բառի արմատական վերլուծության ժամանակ հատկապես, դասական ուղղագրությամբ բացատրությունը ավելի հիմնավոր է դառնում, ավելի հասկանալի: Չնայած չեմ հերքում, որ դժվարություններ կան «օ»-ի, «ո»-ի, «է»-ի, «ե»-ի ուղղագրության հետ կապված»: Դասական ուղղագրության այդ դժվարությունները հաղթահարվում են գործնական պարապմունքների ընթացքում, զուգահեռ աշակերտները ծանոթանում են արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականությանը, գրական տեքստերը կարդալով հեղինակային, բնագրային ուղղագրությամբ, տրվում են նաեւ շարադրություններ, թելադրություններ: Դասագրքերի բացակայությամբ առայժմ աշակերտները բավարարվում են ուսուցչուհու հաղորդած բանավոր տեղեկությունները գրառելով:
Մեր լեզվի երկու գրական ճյուղերի եւ երկու ուղղագրությունների առայժմ թեկուզ ընդհանուր ծանոթության մակարդակով իրականության կոչելու այս փորձերը, անշուշտ, դրական, ողջունելի քայլեր են, իսկ դրանց առավել գործնական արդյունավետությունը, կարելի է ասել, կախված է տվյալ դասընթացների առավել խորացված եւ ընդլայնված ուսումնառության հանդեպ տնօրենների ցուցաբերած կամքից եւ պետական համապատասխան կառույցների ողջամտությունից:
«Բաց դաս» հասկացությունը դպրոցական ուսուցման ընթացքի մեջ յուրօրինակ ցուցադրություն-հաշվետվություն է: Նման դաս-ցուցադրություն մի քանր օր առաջ կայացավ Սիլվա Կապուտիկյանի անվ. թիվ 145 դպրոցի «Ս. Կապուտիկյան» ցուցասրահում, որ թանգարանի արժեք ունի դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանի, ուսուցիչների եւ աշակերտների պատկերացումներում: Դպրոցը բանաստեղծուհու պատվին անվանակոչվեց ամիսներ առաջ: Դպրոցական այս նվիրական անկյան` դասասենյակ-ցուցասրահի գոյությունը (լուսանկարներ, գրքեր, գեղանկարներ, պատերին փակցրած չափածո արձանագրություններ, բանաստեղծուհու անձնական իրեր, թերթերի նմուշներ եւ այլն) վկայություն է մանկավարժական խմբի եւ տնօրենի` բանաստեղծուհու հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի: Դպրոցական այս թանգարանի առաջին դասը խորագրված էր «Սփյուռքապատում»: Հասկանալի է` մեկ դասաժամը կարող էր միայն հպանցիկ պատկերացում տալ սփյուռքի նման համընդգրկուն, բարդ ու խայտաբղետ երեւույթի մասին: Սփյուռքապատումը անմիջականորեն կապվեց Սիլվա Կապուտիկյանի անվան հետ, որպես խորհրդային ժամանակներից դեռեւս Հայաստան-սփյուռք հարաբերությունները կամրջող օղակներից ամենակենսունակի: Բանաստեղծուհու ուղեգրություն-էսսեներից ընտրված հատվածների հնչմամբ ստեղծվեց հայրենասիրության հուզական մթնոլորտ: Իհարկե, երեխաներն ընթերցեցին նաեւ սփյուռքահայ գրողներից` մասնավորապես Շահան Շահնուրից եւ Ալիսիա Կիրակոսյանից հատվածներ (դասարանում երկու սփյուռքահայերի` Ժակի եւ Սարինի ներկայությամբ արեւմտահայերենի հնչումը մյուսների վրա դրական ազդեցություն էր թողել): Ներկաները համակվեցին նմանաբնույթ զգացումներով: Այդպիսի զգացական տպավորություններ հայտնեցին ուսուցիչներ, որոնք 4-5 տասնամյակի փորձ ունեին եւ հատկապես մտերիմ հարաբերություն էին ունեցել Սիլվա Կապուտիկյանի հետ: «Սիլվա Կապուտիկյան հիմնադրամի» նախագահ Ռոմեն Կոզմոյանը հակիրճ, բայց տպավորիչ խոսքեր ասաց. «Կյանքիս 43 տարին սփյուռքի հետ եմ աշխատել, բայց շատ բան սովորեցի ձեզանից: Սա ոչ միայն անունով էր դաս, այլեւ դաս էր ինձ համար»:
Դասն իրապես բովանդակային էր եւ, կարելի էր ասել, հուզաբանաստեղծական, ազգային-հոգեւոր լիցքեր ներարկող: Ցավալիորեն ուսուցման այս ամիսներին աշակերտների` արեւմտահայերենի եւ դասական ուղղագրության իրական գրագիտության մասին, տպավորություն գրեթե չստացանք: Փոխարենը գրականության երկու ուսուցիչներ իրենց վրա վերցրին բանախոսելու հիմնական մասը` աշակերտների արտահայտվելու հնարավորությունը սահմանափակելով: Ինչը ճիշտ հակառակ պատկերն ուներ այս նույն դպրոցում մեկ ուրիշ` ֆիզիկայի (ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյան)` աշակերտների ակտիվ մասնակցությամբ հրաշալի դասին (որքան էլ հասկանալի է` արեւմտահայերենի ուսուցման շատ կարճ, ամիսների տեւողությանը):
Հ. Գ. Գրականությունը զուտ հայրենասիրության քարոզչամիջոց դարձնելու ժամանակները, կարծում եմ, անցել են անդարձ: Իհարկե, որոշ մտավորականներ այն կարծիքի են, թե, օրինակ, Հայրենական պատերազմը հաղթեց տասներորդ դասարանցին` նկատի ունենալով հայրենասիրություն ներշնչող որոշ գրական երկերի ազդեցությունը: Գրական իրողությունը, կարծում եմ, նպաստում է կյանքը առավել խորությամբ ճանաչելուն կամ այդ նույն կյանքի նկատմամբ մեկ այլ տեսակետ ձեւավորելուն, էլ չխոսած գրական երկի բուն արժեքի, նրա գեղագիտական նշանակության մասին: Ոչ միայն ժամանակավրեպ, նաեւ ինչպես իրականությունը ցույց տվեց, վտանգավոր է հուզական ոտանավորներով ներարկած թիթեռնիկային միօրյա հայրենասիրությունը (ոտանավորով հայրենիք սիրել կլինի՞) եւ մանավանդ կենսունակ չի կարող լինել` վկա մերօրյա արտագաղթն ու հայաստանյան ներկա մթնոլորտը:
Եվս մեկ նկատառում` ինչպես ժամանակակից, այնպես էլ անցյալի գրական գործերը մեկնաբանել պետք է այսօրվա մարդու մտածողության, հոգեբանության տեսանկյունից: Եվ ինչպես գրականության ուսուցչուհիներից Ժաննա Պետրոսյանն ասաց` այո, անցյալ ունեցող ժողովուրդը չի կարող հետ չնայել, բայց ոչ այնկերպ, որ մնանք-մոլորվենք անցյալի խորխորատներում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ