«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Դեկտեմբերի 11-ին Դետրոյթի Արվեստի ինստիտուտը (ԴԱԻ) պատվել է իր երկարամյա գործընկերներից «Մասկո» կորպորացիայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մանուկյանին` թանգարանի ամերիկյան արվեստի նոր մասնաշենքը կոչելով նրա անունով, հաղորդում է լրագրող Միշել Մորանը:

Բազմաթիվ շնորհավորանքներին եւ շնորհակալական խոսքերին միացել են նաեւ նախագահ Բուշն ու առաջին տիկինը, որոնք բարձր են գնահատել Մանուկյանի արվեստի գործերի նվիրատվությունները տվյալ թանգարանին:

Մասնաշենքի բացման առիթով Մանուկյանը 1650-1900 թվերի 20 նկար է նվիրել, ամերիկյան արվեստի պատմությունը ամբողջացնելու նպատակով:

«Մեր ընտանիքում մեզ դաստիարակել են այնպես, որ մենք համայնքին պետք է վերադարձնենք այն, ինչը մեզ բախտ է վիճակվել ձեռք բերել: Մենք պարտավոր ենք օգնել ուրիշներին եւ այս գովասանական խոսքերը ուղղակի շփոթության են մատնում ինձ», ասել է ինքը` Ռիչարդ Մանուկյանը, որը որդին է 1920-ականներին Ամերիկա գաղթած հայտնի բարերար Ալեք Մանուկյանի:

Ռիչարդն ավարտել է Եյլի համալսարանի տնտեսագիտության բաժինը եւ աշխատել է «Մասկոյում» 1958-ից: Եղել է արվեստի գործերի նվիրյալ հավաքորդ: Բայց իր հավաքածուից նա առատորեն եւ պատրաստակամորեն կտավներ տրամադրել է ամերիկյան տարբեր պատկերասրահների եւ թանգարանների` համապատասխան թեմաներով ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

«Մենք շատ կարեւոր նվիրատուներ ունենք, բայց Մանուկյանը նրանց մեջ ամենաբարձր տեղն է զբաղեցնում», ասել է այդ առթիվ ԴԱԻ-ի վարչության նախագահ Ջին Գարգարոն:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4