Դետրոյթաբնակ բարերարուհի Էմմա Թաբիբյան-Սողոյանի նվիրատվության 10 հազար դոլար շնորհիվ հնարավոր է եղել «Project Discovery!» ծրագրի շրջանակներում ստեղծել օն-լայն պարբերական «Terra Armenica» խորագրով, նվիրված հայրենի հնէաբանությանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարը:
Օգտվելով էլեկտրոնային հրատարակության հնարավորություններից, նորաստեղծ կայքը հետաքրքրասերների բազմամշակույթ հասարակությանն է ներկայացնելու Հայկական լեռնաշխարհում կատարված եւ կատարվող պեղումների վերաբերյալ տեղեկություններՙ անընդհատ նոր տվյալներով լրացնելով ներկայացված նյութերը:
Կայքը նաեւ խթանելու է համագործակցությունը հայ եւ օտար գիտնականների միջեւ: Ստեղծվել է խմբագրական միջազգային կազմ, որի անդամներն են դարձել դոկտ. Գրիգոր Արեշյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հնէաբանության Կոտսեն ինստիտուտից), պրոֆ. Հայկ Ավետիսյանը (Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկան), դոկտ. Պավել Ավետիսյանը (Հայաստանի ԳԱԱ-ի հնէաբանության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն), դոկտ. Ռուբեն Բադալյանը (նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող) եւ պրոֆ. Ադամ Սմիթը (Չիկագոյի համալսարանից):
Կայքի նախաձեռնողները հատուկ շնորհակալություն են հայտնել Ժիրայր եւ Ալին Քրիստիանյաններին, որոնք բարձրորակ թվային լուսանկարչական սարք են սիրահոժար նվիրել իրենց:
Հ. Ծ.