«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԻՐԱՆՈՒՄ

Շուրջ կես տարի է, ինչ «Արարատ-73-ի» «աստղերից» մեկի` Սերգեյ Պողոսյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը: «Արարատի» անվանի ֆուտբոլիստներից մեկն իրոք շնորհակալ գործ է կատարել` ձգտելով միավորել հայկական ֆուտբոլի երախտավորներին, վետերաններին, որոնք, որքան էլ որ ցավալի է, հաճախ մոռացության են մատնվել, նույնիսկ երբեմն արժանացել են արհամարհական վերաբերմունքի:

Եվ ահա Սերգեյ Պողոսյանի շնորհիվ մեր վետերանները մի գողտրիկ ու հարմարավետ անկյուն ունեցան, որտեղ կարող են հավաքվել, վերհիշել անցած-գնացած հիշարժան օրերը, ինչու չէ, նաեւ նշել նախկին խաղընկերների ծննդյան օրերը:

Անցած կես տարում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Իհարկե, վետերան ֆուտբոլիստները չեն մոռանում իրենց սիրած զբաղմունքը եւ պարապմունքներից զատ նաեւ ընկերական մրցախաղեր են անցկացնում: Օրերս նրանք միջազգային առաջին մրցաշրջագայության էին մեկնել Իրան: Այցը կազմակերպվել էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային ակումբի հրավերով: Մրցաշրջագայության իրականացմանն աջակցել էին Իրանում Հայաստանի դեսպանատունը, Հայ եկեղեցու Թեհրանի թեմը, այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի վետերանների թիմի կազմում Իրան էին մեկնել Սերգեյ Պողոսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Նիկոլայ Ղազարյանը, Ռուդիկ Ավանեսյանը, Ռաֆայել Գալստյանը, Երվանդ Կրբաշյանը, Տիգրան Գսպեյանը, Բաբկեն Մելիքյանը, Արտաշես Ադամյանը, Կարեն Բարսեղյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարազդատ Ավետիսյանը, Ռոբերտ Հարությունյանը, Սերգեյ Հայրբաբամյանը, Սամվել Նիկոլյանն ու Վահան Զեյնալյանը: Թիմի մարզիչներն էին Հովհաննես Աբրահամյանն ու Ժակ Սուփրիկյանը, պատվիրակության կազմում էր նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ Էդիկ Մարգարյանը:

Ինչպես նշեց Սերգեյ Պողոսյանը, հնգօրյա ծրագիրը շատ հագեցած էր: Բացի ֆուտբոլային երկու հանդիպումներից, մեր պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացրին Իրանում Հայաստանի դեսպանատանը, ֆուտբոլի ֆեդերացիայում, «Ալիք» թերթի խմբագրատանը, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմում, «Արարատ» մարզամշակութային ակումբում: Երկուստեք հուշանվերներ փոխանակվեցին: Հանդիպումների նկատմամբ էլ տեղի հայ համայնքի հետաքրքրասիրությունը մեծ էր: Խաղերին ներկա էին նաեւ Հայաստանից մեկնած եւ Իրանում աշխատող մարզիչներ Սամվել Դարբինյանը, Գեւորգ Պապյանը, իրանյան թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ Գեւորգ Կասպարովը, Համլետ Մխիթարյանը:

Առաջին հանդիպումը Թեհրանի «Արարատի» հետ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով: Միակ գոլի հեղինակ դարձավ Սամվել Նիկոլյանը: Երկրորդ խաղը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կայացավ դահլիճում: Մեր թիմի մրցակիցն Իրանի ֆուտզալի թիմն էր, որն Ասիայի գավաթակիրն էր: Չնայած դրան, մեր ֆուտբոլիստները խաղը շահում էին 4-1 հաշվով, բայց հետո տեղի տվեցին ու պարտվեցին 4-5 հաշվով: Հարկ է նշել, որ մրցակցի կազմում խաղին ընդհանուր առմամբ մասնակցեցին մոտ 40 ֆուտբոլիստներ, որոնք անընդհատ փոխարինում էին միմյանց: Ուստի մրցակիցը ֆիզիկապես ավելի լավ վիճակում էր, ինչն էլ վճռորոշ դեր խաղաց: Ի դեպ, այս տարի անցկացրած 15 խաղերում դա մեր վետերան ֆուտբոլիստների անդրանիկ պարտությունն էր, մյուսներն ավարտվել էին հաղթանակով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4